«Այս պահին Հայաստանում դատապարտյալների վերասոցիալականացման համար ոչինչ չի արվում, քանի որ առաջին քայլով բանտային համակարգը պետք է «վերասոցիալականցում» ասելով նույնը բանը հասկանա ու պատկերացնի, ինչ՝ մենք»,- Forrights-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ վերասոցիալականացումը դատապարտյալի վերաինտեգրման ծրագիրն է, որն իր առաջ ունի կարևոր մի նպատակ՝ անել այնպես, որ անձը, հասարակություն վերադառնալուց հետո, նույնական իրավիճակում չկրկնի նախկին արարքը։

«Բանտային անձնակազմն առաջին օրվանից պետք է քայլեր ձեռնարկի և օր առաջ դատապարտյալին հասարակություն վերադարձնի։ Իսկ մենք այդ ճանապարհը բառերով նկարագրում ենք, ռազմավարական ծրագրում գրում, սակայն չգիտենք՝ ինչպես անել, որ այդ ծրագրերը չմնան օդում։ Կազմակերպել մկրտություն կամ համերգնե՞ր, թե՞ դատապարտյալներին դասակարգել և յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանք կատարել։ Փորձը ցույց է տալիս, որ ճիշտ տարբերակը երկրորդն է՝ նույն հանցանք կատարած անձին չնույնացնել և անհատապես աշխատել նրա հետ»,- պարզաբանում է իրավապաշտպանը։

Ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունն այսօր ապահովված չէ աշխատանքով կամ զբաղվածության այլ ձևերով, ինչի պատճառով էլ հետագայում լուրջ խնդիրներ է ունենում վերասոցիալականացման և հասարակություն վերադառնալու համար։

Հայաստանի քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով արդարադատության նախարարությունը 2019-2023 թվականների ռազմավարություն է մշակվել։

Նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանի խոսքով՝ սա առաջին ռազմավարությունն է, որը համապարփակ կերպով անդրադառնում է թե՛ քրեակատարողական, և թե՛ պրոբացիայի ոլորտներին՝ նախանշելով  առկա բոլոր խնդիրները։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝  վերոնշյալ վերլուծությամբ ամրագրված խնդիրները թիրախավորված են նաև ռազմավարության մեջ։  Մինչ խնդիրներին անդրադառնալը Արփի Սարգսյանը ներկայացրեց  վերջին տարիներին ոլորտում իրականացված առանցքային փոփոխությունները։

«Թե՛ օրենսդրական, և թե՛ գործնական մակարդակով բավական քայլեր արդեն հասցրել ենք անել, օրինակ արտաքին աշխարհի հետ կապի պահպանման առումով։ Այս ոլորտում  առանցքային փոփոխություններ ունենք»։

Իրավապաշտպանը, սակայն, հակադարձում է․ Արդարադատության նախարարությունը դեռևս հստակ քայլեր չի ձեռնարկում վերասոցիալականացման ուղղությամբ։ Ծրագրով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկները վերամիավորել, կառուցել նոր շինություններ և շենքեր, ինչը, ըստ Գասպարյանի, ոչ միայն չի լուծի խնդիրները, այլև ֆինանսական ավելորդ ծանրաբեռնվածություն կբերի․

«Այսօր մեկ դատապարտյալին բաժին է ընկնում ՔԿՀ 3 աշխատակից, որոնք ոչ թե աշխատանք են  տանում դատապարտյալի հետ, այլ ուղղակի հսկում նրան։ Հասկանո՞ւմ եք, Հայաստանում մոտ 800 աշխատակից զբաղված է հսկողությամբ, այնինչ արդյունավետ գործելու դեպքում, պետք է առավել շատ նախապատվություն տրվեր հոգեբանների և սոցիալական աշխատողների աշխատանքին։ Նրանք պետք է առաջին օրվանից մինչև դատապարտյալի ազատ արձակման վերջին օրն աշխատեն նրա հետ, վերադարձնեն հասարակություն մտքով առողջ մարդու։ Մենք պետք է վերանայենք մեր գործողությունները և արտաքին պատից իջնենք պատի ներս»,- շեշտում է իրավապաշտպանը։

ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է վերլուծություն, որի նպատակն է նախ գնահատել ոլորտում առկա կարիքները, ապա առաջարկել  վերաինտեգրման և վերասոցիալականացման արդյունավետ մեխանիզմներ։ 

«Վերասոցիալականացման համատեքստում մենք դիտարկել ենք աշխատանքով և այլ զբաղվածությամբ ապահովելու հնարավորությունները ինչպես քրեակատարողական հիմնարկի ներսում, այնպես էլ այնտեղից դուրս գալուց հետո։ Դրանք վերաբերում են գրադարաններից, մարզասրահներից օգտվելու, արտաքին աշխարհի հետ կապի  հնարավորություններին»,– նշում է կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Կարևոր ձեռքբերումների թվում, ՊՈԱԿ-ը նշում է կրթության իրավունքի իրացումը։ Մասնավորապես, կենտրոնի միջոցով ապահովվում է քրեակատարողական հիմնարկներում մինչև 19 տարեկան անձանց կրթության իրացման իրավունքը։

Քայլեր են կատարվել նաև զբաղվածության ապահովման ուղղությամբ։ «Այդուհանդերձ, չենք կարող ասել, որ այս ոլորտում արձանագրել ենք այն արդյունքը, որը կցանկանայինք ունենալ»,-ասաց արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

«Հաճախ հնչում են տեսակետներ, որ ազատազրկված անձինք իրենք չեն ցանկանում աշխատել, ընդգրկվել  կրթական ու զբաղվածության ծրագրերում։ Նման խնդիր կա, և իսկապես բարդ է  նրանց ներգրավել նման ծրագրում»,- ասում  է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով․

«Այստեղ պետք է աշխատի խրախուսանքի մեխանիզմը։ Այդ անձանց հնարավոր բոլոր միջոցներով պետք խրախուսել, որպեսզի մասնակցեն նման միջոցառումներին։ Պետք է ստեղծել մոտիվացիա»։

Ազատազրկման վայրերից դուրս եկած անձանց գործազրկության մակարդակը   Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ  Լիզա Ղիասյանը ներկայացնում է՝ ըստ 2018-ից մինչև 2019-ի հունիսն իրականացված վերլուծության արդյունքների։

«Ազատազրկման վայրերից վերադարձած և մեր տարածքային 51 կենտրոններին խորհրդատվության համար դիմած անձանց թիվը  74-ն է։ Նրանցից միայն 21-ն է հաշվառվել որպես աշխատանք փնտրող։ Աշխատանքի է տեղավորվել մեկը»։

Լիզա Ղիասյանի խոսքով, ազատազրկումից հետո կյանք վերադարձած մարդիկ ունենում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հոգեբանական, որի արդյունքում շատերը պարզապես մեկուսանում են, խուսափում են դիմել  զբաղվածության կենտրոններ, մեծ մասը վերադառնում է առողջական խնդիրներով, զգալի մասը չի ցանկանում  անգամ բնակվել  նախկին հասցեում, որպեսզի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։

«Մարդկանց նորմալ կյանք վերադարձնելու համար, այդ խնդիրները ևս պետք է լինեն պետության և հասարակության ուշադրության առանցքում»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest