Եհովայի վկաները ՄԻԵԴ-ի ևս մեկ վճռի են սպասում

546

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի»՝ Եհովայի 22 վկաների գործով վճիռը, որով Հայաստանին պարտավորեցրել է փոխհատուցել 242 հազար եվրո գումար։

Դիմումատուների բողոքը 7 տարվա վաղեմություն ունի։ ՄԻԵԴ բողոքում տղաները նշել էին, որ խախտվել է իրենց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը։

2012 թվականին երիտասարդները հրաժարվել էին զինվորական ծառայությունից, պարզաբանելով, որ իրենց հիմնական գաղափարախոսության մեջ է մտնում որևէ ձևով չառնչվել զենք կրող կառույցների հետ, ուստի նախընտրում են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Սական, կարճ ժամանակ անց, հրաժարվել են նաև այլընտրանքային ծառայությունից, ինչի պատճառով դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման․

«Մեր հավատակիցները գտնվում էին Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության տակ, նրանց հետ վերաբերվում էին որպես զինվորների։ Նրանք ազատ տեղաշարժի իրավունք չունեին, չէին կարողանում մասնակցել մեր հոգևոր արարողություններին, ինչը հակասում էր Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքին»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց «Եհովայի վկաներ» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը։

2001 թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, պարտավորություն ստանձնեց այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունել։ 2004 թվականին Այլընտրանքային ծառայության մասին օրենքը մտնում է ուժի մեջ, սակայն,  որպես այդպիսին, իր նպատակին չկարողացավ ծառայել, քանի որ   ստեղծված հանձնաժողովի անդամների մեջ կային Պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչներ, իսկ ծառայության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր Ռազմական ոստիկանությունը։

2004 թվականի մայիսին Եհովայի վկաների երիտասարդները մասնակցեցին զորակոչին և տարբեր տեղեր զորակոչվեցին։ Կարճ ժամանակ անց, սակայն, նրանք լքեցին իրենց ծառայության վայրերը, քանի որ պնդում էին, որ դա լիարժեք այլընտրանքային ծառայություն չէ և վերահսկողությունն իրականացվում է ռազմական գերատեսչությունների կողմից։ Նրանց կալանավորեցին և դատապարտվեցին մինչև 3 տարի ազատազրկման։

«Այլընտրանքային ծառայությունն իրենից ենթադրում է քաղաքացիական ծառայություն, որը զերծ կլինի որևէ ուժային կառույցի, հատկապես Պաշտպանության նախարարության, Դատախազության, Ոստիկանության և նրանց ենթակա կառույցներից որևէ մեկի առնչությունից։ Առաջին հայացքից օրենքը կար, բայց որպես այդպիսին՝ չէր գործում։ Եհովայի վկաները ծառայության չանցնելով հրաժարվում էին նաև այլընտրանքային ծառայությունից ու կալանավորվում։ Այդպես, մոտ 90 երիտասարդ ազատազրկվեց, խախտվեց նրանց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Ստեղծված իրավիճակը շարունակվեց մինչև 2013 թվականը, երբ ՄԻԵԴ-ը «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ կայացրեց։ Հայաստանը պարտավորվեց օրենքում փոփոխություն իրականացնել՝ այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին․

«Օրենքը փոխվեց և լիարժեք դարձավ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը՝ առանց ռազմական գերատեսչությունների միջամտության։ Այս գործերն մինչև 2013 թվականի արձագանքներն են, օրենքի կարգավորումից հետո ծառայության հետ կապված խնդիրներ չի առաջացել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

2013 թվականին Հայաստանն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքը, որի հիման վրա դատապարտյալների ազատազրկման ժամկետը վեց ամսով կրճատվեց: Համաներման հիման վրա՝ ութ Եհովայի վկաներ, ում ազատազրկման ժամկետի ավարտին մնացել էր վեց ամսից քիչ, ազատ արձակվեցին:

«Այս պահին ՄԻԵԴ-ում մեկ գործ ունենք այս խնդրի մասին բողոքով որը, հուսանք, կրկին կբավարարվի»,- հավելեց Տիգրան Հարությունյանը։

Ներկայիս օրենքն այլևս չի վերահսկվում Զինված ուժերի կողմից և գտնվում է քաղաքացիական վերահսկողության տակ: Քաղաքացիական ծառայության ժամկետը 36 ամիս է, իսկ աշխատանքային շաբաթը բաղկացած է 48 ժամից: Տարեկան տրվում է 10 արձակուրդային օր: Դիմում ներկայացրած անձինք պետք է նշանակվեն իրենց բնակության վայրից ոչ շատ հեռու գտնվող տարածք, որտեղ կկատարեն ոչ զինվորական բնույթի ծառայություն:

Այսօր Հայաստանում  «Եհովայի վկաներ» կազմակերպության մոտ 130 երիտասարդ է այլընտրանքնային ծառայություն իրականացնում։ Նրանք տարբեր հաստատություններում զանազան գործերով են զբաղված՝ խնամում են տարեցներին, հոգեկան հիվանդություն ունեցողներին կամ իրականացնում են հասարակական աշխատանքներ։

Ռոզա Վարդանյան