«Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ «Հաղթել» ասելով նկատի չունեմ, որ մեզ չեն դատելու։ Չէ՛, թող դատեն, բայց ոչ առևանգման հոդվածով։ Մենք չենք առևանգել, մենք ակցիա ենք իրականացրել»։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի և նրա 5 ընկերներին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-֊րդ մասի 1-֊ին կետով։

Միջադեպի հաջորդ օրը, սակայն, առաջադրված հոդվածն այլ է եղել․ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:  Մեղադրանքը խստացվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։ Չնայած, գրառման մեջ անուններ չեն նշվել, սակայն ակնհայտ էր, որ այն հասցեագրված էր «Ռեստարտ» նախաձեռնության ակցիային։

Պաշտպան Կարապետ Բադալյանը, առաջադրված մեղադրանքն «անհիմն» է որակում։ Ըստ նրա՝ ոչ նախնական համաձայնություն է եղել, ոչ էլ առևանգելու նպատակ են հետապնդել ակցիայի մասնակիցները․

«Ի՞նչ առևանգման մասին է խոսքը։ Չպետք է շարունակեին քրեական հետապնդումը, շատ վաղուց պետք է կարճեին գործը, բայց որոշեցին ուղարկել դատարան։ Մենք մինչև վերջ պաշտպանելու ենք տղաների շահերը և վերացնենք առաջադրված անհիմն մեղադրանքը»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբանը։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ պնդում է՝ ակցիան չի հետապնդել որևէ քրեածին արարք․

«Մեր թղթերում բոլորս էլ գրել ենք, որ մեր նպատակը զուտ աղբաման նետելն ա, մենք առևանգման նպատակ չենք ունեցել։ Մեր գործողության ընթացքում չենք հայհոյել, չենք հարվածել, միայն նետելու փորձ ա եղել, որի համար պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Դավիթ Պետրոսյանը։

Մալյանին «պատժելու» ցանկությունը տղաների մոտ անուղղակի չի առաջացել։ Դեռ նախորդ տարի էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը թիրախավորել «Ռեստարտ» նախաձեռնությունը և նրա անդամներին։ Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերների, այնպես էլ ԵՊՀ-ի դիմաց իրականացվող ակցիաների ժամանակ, նա պարբերաբար ծաղրական և վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում նրանց հասցեին։

Դավիթի խոսքով, իրենք պարբերաբար բարձրաձայնում էին, որ Մալյանը վիրավորում է իրենց արժանապատվությունը, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում․ «Ասում էին՝ բանի տեղ մի դրեք, արհամարհեք»։

«Հերթական ուղիղ եթերի ժամանակ Մալյանն ասեց, որ մենք ադրբեջանական գործակալներ ենք, հետո հայտարարեց, թե՝ Դավիթին ով փող տա, մորը կպառկացնի տակը։ Վերջում էլ՝ ծնող հայհոյեց։ Մենք էլ որոշեցինք հասցված հայհոյանքի նկատմամբ մեր անհանդուրժողականությունը ցույց տալ»,- ակցիայի նախապատմությունը պատմեց Պետրոսյանը։

Նա չբացառեց այն հանգամանքը, որ է իրենց ակցիայի մասին նախօրոք տեղեկացված են եղել, քանի որ դեպքի վայրում՝ տեսախցիկներով հայտնվել են մարդիկ, որոնց չեն ճանաչում։ Բացի դրանից, միջադեպի ժամանակ իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ կանխման փորձ չեն կատարել․

«Երբ մենք Նարեկին կպանք, ոստիկաններից մեկն ինձ հետևից բռնեց։ Էդ ժամանակ տարածքում քրեականից 5-7 մարդ հայտնվեց, իրենք էլ սկսեցին նկարել, բայց մինչև օրս դրանք գործի նյութերում չկան, մինչ օրս նրանց հետ որևէ առերեսում չի եղել։ Ամբողջ նախաքննության ժամանակ քննիչներին հետաքրքիր չէր, թե ինչն ա եղել մեր արարքի դրդապատճառը։ Առերեսման ժամանակ Մալյանն ասեց՝ ես կոմպլիմենտ եմ իրեն արել։ Քննիչը ոչ մի ռեակցիա ցույց չտվեց։ Բացի դրանից, մենք իրենց տրամադրել ենք էդ հայհոյանքների և վիրավորանքների վիդեոները, բայց՝ էլի ոչ մի բան»,- քննչական աշխատանքից դժգոհում է Դավիթը։

Միջադեպի ժամանակ՝ դեպքի վայրում, ևս երկու անձ է հայտնվել և սկսել տեսախցիկներով նկարել, սակայն նրանք ևս մինչ օրս՝ որպես վկա, քրեական գործում ներգրավված չեն։

Գործով անցնող 6 մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, ինչն այս պահին խոչընդոտում է Դավիթի ուսմանը։ Նա ընդունվել է եվրոպական առաջատար համալսարաններից մեկը, սակայն չի կարողանում մեկնել Հայաստանից։

«Ես հատուկ միջնորդություն էի ներկայացրել, կցել սեպտեմբերի 2-ի համար արդեն իսկ ամրագրած տոմսս, կրթաթոշակիս պատճենը, սակայն ներկայացված միջնորդությունս այդպես էլ չի քննվել։ Ասում էին՝ նիստի ժամանակ կքննվի, բայց նիստ պարզապես չի լինում»։

Աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել, և գործն ուղարկվել է դատարան դեռ օգոստոսի 6-ին։ Սակայն երկու դատական նիստերից և ոչ մեկն իր նպատակին չի ծառայել․ նիստերն անհարկի հետաձգվում են, հաջորդիվ նիստերը՝ մնում անհայտ։

Օգոստոսի 31-ին նշանակված առաջին նիստը հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի խորհրդակցական լինելու հանգամանքով պայմանավորված, երկրորդը՝ դատավորի արձակուրդի մեջ լինելու պատճառով։ Ապա դատավոր Դանիբեկյանին փոխարինելու եկավ Նելլի Բաղսդասարյանը, ամիսներ անց նա նույնպես փոխարինվեց։

Այսօր «Աղբի գործ»-ի քննությունը վստահված է Դավիթ Հարությունյանին։ Դատական նիստը մեկնարկեց։ Կողմերը ծանոթացան իրենց իրավունքների հետ, ինչից հետո այն հետաձգվեց մինչև մյուս տարեսկզիբ՝ հունվարի 29-ը։։

Դավիթ Պետրոսյանն այս պահին չգիտի, թե ինչ է քայլեր են ձեռնարկվելու ապագայում։ Ինչպես ինքն է նշում՝ իրավիճակն անորոշ է․

«Ակցիայի մասին առաջին տեսանյութը հենց մենք ենք համացանցում տեղադրել։ Մենք ենք բարձրաձայնել, ասել, որ նման ակցիա ենք իրականացրել ու ընդունում ենք, որ օրենքին հակասում ա մեր քայլը։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, սակայն թույլ չենք տա այլ արարքներ մեղսագրել մեզ»,- իր խոսքում նշեց Դավիթ Պետրոսյանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest