Կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Լոռեցյանի վարորդն ու այդ տնտեսվարողը նույնպես բերման են ենթարկվել:

ԱԱԾ-ն անուններ չի նշում, հայտարարության մեջ ասվում է՝ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Նախկինում մարզական լրագրող աշխատած 25-ամյա Լոռեցյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախարարի տեղակալի պաշտոնն էլ ստանձնել է անցած տարվա հոկտեմբերին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest