Դատախազությունը պատրաստվում է հարցաքննել  փոխել է իր մոտեցումը ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի՝ Տաշիր Սամոյի, ընտանիքի և գործարար Վահե Պարազյանի միջև կոնֆլիկտի գործով, և վերջապես որոշել է հարցաքննել օլիգարխին: Այս մասին մեզ հայտնեց գործարար, ներկայումս սնանկ ճանաչված «Կապստռոյ ռեմոնտ» /«КапСтройРемонт»/ կազմակերպության ղեկավար Վահե Պարազյանը:

Ավելի վաղ նախաքննության մարմինը, չնայած Պարազյանի միջնորդություններին, հրաժարվում  էր Սամվել Կարապետյանին դատարան կանչել, մինչդեռ գործում կան հանգամանքներ, որոնք վկայում են, որ հենց Սամվել Կարապետյանն է ճնշում ներ կազմակերպել Վահե Պարազյանի դեմ:

Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ Պարազյանը Ռուսաստանում շինարարական բիզնես ուներ, պատվերներ էր ստանում նույնսիկ «Գազպրոմից», սակայն Տաշիր Սամոն հեռացրեց Վահեին և նրա եղբորը՝ Հովհաննես Պարազյանին այս ոլորտից, խլեց նրանց բիզնեսը, օգտագործելով իր կապերը ՌԴ իրավապահների շրջանում, սնանկացրեց իր մրցակիցներին ու հասավ նրան, որ վերջիններս արտագաղթեցին Հայաստան: Այսպես է ներկայացնում Վահե Պարազյանը: Կարապետյանները նրան Հայաստանում էլ են գտել ու 10 միլիոն եվրոյի հաշիվ են ներկայացրել, գումար, որը Պարազյաններն, իբր, ժամանակին պետք է տային իրենց, բայց չեն տվել:

 Պարազյանը դիմել է ՀՀ իրավապահներին, երբ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը, թիկնապահների հետ ծեծի է ենթարկել Վահե Պարազյանին «Ֆոր սիզնս» սրճարանի մոտ: Վնասվածքների փաստն արձանագրված է դատաբժշկի եզրակացությամբ:

Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը վստահեցնում է, որ Վահե Պարազյանը ստում է, զրպարտում է Կարապետյաններին, իսկ սպառնալիքների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

Քննչական կոմիտեն Պարազյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Նարեկ Կարապետյանին հարցաքննել են ու առերեսել են Պարազյանի հետ, սակայն Սամվել Կարապետյանին, որը, ըստ տուժողի, լուրջ դերակատարում ունի իրեն ահաբեկելու, իր բիզնեսը խլելու ու ծեծի ենթարկելու, իրենից գումարներ շորթելու հարցում, քննիչները ոչ մի կերպ չէին համաձայնվում կանչել հարցաքննության, ինչից տուժողը որոշել էր, որ քննությունը ձևական բնույթի է և Սամվել Կարապետյանը օգտվում է իշխանությունների հովանավորությունից: Վ ահե Պարազյանի շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմեց դատարան, բողոքարկելով քննիչների վարքը:

«Մենք դիմել ենք դատարան, հայտնելով, որ նախաքննության մարմինը հրաժարվում է հարցաքննել Սամվել Կարապետյանին, այն դեպքում, երբ նրա նկատմամբ բավարար ապացույցներ կան ու հարցաքննության անհրաժեշտությունն առկա էր,  — ասում է փաստաբանը, — Փաստորեն, Վահեն իրենից է փախել ու հասել այստեղ, նա է Վահե Պարազյանի դեմ արհեստածին ապացույցներ ստեղծել ՌԴ իրավապահների համար, նրա դեմ քրեական հետապնդում հրահրելով: Ծեծի շարժառիթը նույն 10 մլն եվրոն է, որը Կարապետյանը պահանջել է Նարեկ Կարապետյանի միջոցով: Ի վերջո, մենք ասում ենք՝ մարդու դեմ ցուցմունքներ կան, բայց չեք ուզում նրան հարցաքննեք, ինչո՞ւ»:

Նոյեմբերի 28-ին դատարանը նիստ հրավիրեց գործով, սակայն որոշեց քննիչների դեմ բողոքը քննության չառնել, քանի որ վերջին պահին դատախազությունը վերանայել է իր որոշումը և գտել է, որ Սամվել Կարապետյանը պետք է հարցաքննվի: «Մենք չպնդեցինք, որ բողոքը քննության առնեն, որովհետև դատախազությունն իր նոր որոշումը ուղարկել էր դատարան», — նշում է  Սեդա Սաֆարյանը:

Օլիգարխի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը տեղյակ չեր այդ որոշման մասին: «Մենք տեղյակ չենք, որ նման որոշում է կայացրել, և չենք կարող դիրքորոշում արտահայտել», — ասաց նա, պատասխանելով Forrights.am-ի հարցին, թե ինչ կարծիքի են Սամվել Կարապետյանին հարցաքննության ու առերեսման հրավիրելու դատախազության որոշման մասին:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest