Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Forrights-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափահնման միջոց ընտրելու համար»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար, սակայն Գևորգ Կոստանյանը գտնվում է ՌԴ-ում՝ դասավանդում է, և հայտարարել է, որ նշված ժամկետներում չի  կարող ներկայանալ  վարույթն իրականացնող մարմին։ Նա նշել է, որ Հայաստան կվերադառնա կիսամյակն ավարտվելուց հետո։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

Սեպտեմբերի 26-ին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գեւորգ Կոստանյանը. «ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար», — ասել է նախկին գլխավոր դատախազը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest