«Հանուն իմ Արայիկի պետք ա ապրեմ, եթե իմանամ չկա, ես վաղն ինձ կկախեմ».գերության մեջ հայտնված զինծառայողի մայր

0
3161

Այս տարվա օգոստոսի 12-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի ընտանիքին որդու մասին միակ լուր բերողը Կարմիր Խաչն է: Վերջին նամակը ստացել են մոտ 10 օր առաջ. Մայրն ասում է նամակը շատ կարճ էր.

«Նամակ էր ուղարկել իմ տղան, այս անգամ նա շատ կարճ կոնկրետ գրել էր, որ լավ եմ, ով որ ինձ կհարցնի շնորհակալ եմ՝ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ ինձ մենակ չեք թողնում»,-նամակները ցույց տալում կարդում է տիկին Կարինեն։

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե 19-ամյա զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ադրբեջանական մամուլը նաև լուսանկարներ էր հրապարակել, որտեղ պարզորոշ երևում են զինծառայողի ոտքերին և ձեռքերին եղած բռնության հետքերը:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծիք էր հայտնել, թե զինծառայող Արայիկ Ղազարյանը մոլորվել է տեղանքում:
Ընտանիքին վերջին այցելության ժամանակ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ Արայիկի վրա բռնության հետքեր չկան: ասել են նաև, որ զինծառայողին այցելում է բժիշկ, հոգեբան, ինչպես նաև թարգմանիչ․

«Մինչև այս ոչ մի տեղեկություն չունեի, հարցրեցի երեխայիս հոգեվիճակի մասին՝ ոչինչ չասացին…»-լացակումած պատմում է մայրը, շարունակելով. «Շաբաթներ շարունակ որևէ տեղեկություն չեմ ունենում, իսկ այցի պարագայում էլ միայն այդքանն էն ասում և ոչմի բան ավել»։

Արայիկը սիրով է գնացել զինվորական ծառայության, նույնիսկ կամավոր է ներկայացել զինկոմիսարիատ և խնդրել, որ իրեն բանակ զորակոչեն: Մոր համար մի բան հստակ է՝ նա այն երիտասարդը չէր, ով իր կամքով լքեր զորամասը և գնար Ադրբեջան։ Արայիկը երբեք չի պատմել, թե խնդիրներ է ունեցել ծառայության ընթացքում, սակայն երբ արձակուրդից հետո վերադարձել է ծառայության, մորն ասել է, որ սպայի հետ խնդիրներ ունի.

«Որ ինքը զանգեց ասեց, ասեցի՝ Արայիկ ջան քեզ վնասելու են, տղաս»։
Պաշտպանության նախարարությունում Կարինեն պատմել է իրեն հայտնի տեղեկությունները սպայի հետ կապված խնդիրների մասին, սակայն նրան պատասխանել են, որ նման բան չկա:
«Ես չեմ հավատում, որ իմ երեխան գնացել ա։ Ես հակված եմ այն մտքին, որ սպան դրդել է, ստիպել է, իմ տղան ստիպողաբար է անցել սահմանը»,- հուզվում է մայրը՝կրկին ու կրկին շեշտելով․ «Սպան ստիպել է, ստիպողաբար է գնացել»։

Արայիկը մշտապես կապի մեջ է եղել իր եղբոր Արմենի հետ, ով պայմանագրային զինծառայող է, ում էլ պարբերաբար հայտնել է դիրքերում սպայի հետ իր խնդիրների մասին։

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի վերջին այցելել են Ադրբեջանում հայտնված 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին Forrights-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այլ մանրամասներ չհայտնելով, քանի որ, ըստ Կարմիր խաչի, հրապարակման ենթակա տեղեկություն չունեն։

«Երեք անգամ նախարարությունում եմ եղել, երկու անգամ Արտգործ նախարարությունում, ասում են ՝ գնացեք նստեք ձեր տանը, եթե մի նորություն իմանանք մենք կզանգենք՝ ոչ զանգում են, ոչ էլ»,-հուսահատ պատմում է Կարինեն, նշելով, որ ծնողի համար տանը նստելը հեշտ չէ, ինչպես նաև հեշտ չէ ամեն անգամ Եղեգնաձորից Երևան հասնելը, որ գոնե մի թեթև տեղեկություն իմանա որդուց։

«Ես արդեն ուզում եմ ինչ-որ կռիվներ անեմ,վիճեմ, բայց գյուղում բոլորը գիտեն, թե ինչքան հանգիստ մարդ եմ, իսկ հիմա էնքան անհանգիստ եմ, որ տեղս չեմ գտնում»,- պատմում է Արայիկի մայրը։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Ղազարյանների ընտանիքի հետ հանդիպելու որևէ նախաձեռնություն չի եղել: Նրանց հետ չի հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այժմ նրանք դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արայիկ Ղազարյանի հայրը՝ Հայկը շաբաթներ առաջ է նամակ գրել վրչապետին՝ անձամբ Եղեգիսից բերել է Երևան:


«Ուզում եմ հանդիպել վարչապետի հետ անպայման՝ բա մենք մեր երեխայով չհետաքրքվե՞նք, իրանք չեն հետաքրքրվում, երևի իմ երեխայի անուն-ազգանունն էլ են մոռացել»,-անտարբերությունից վիրավորված ասում է տիկին Կարինեն։

Ինչպես հայտնի է՝ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող երկու ադրբեջանցի դատապարտյալների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, սակայն ղարաբաղյան կողմը կտրականապես դեմ է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկին։

«Ինչո՞ւ չարեցին, չուզեցին, որ Արայիկը գա, Էս բանակի համար զինվորն արժեք չունի, եթե արժեք ունենար երեք ամիս է մի քայլ կանեին»։
Ավագ որդին՝ Արմենը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, միանգամից անցել է պայմանգրային զինվորական ծառայության, Ապրիլյան պատերազմի մասնակից է․ «Առանց զենքը դնելու գնաց»։

«Ես հենց առաջին օրը Կարմիր խաչի աշխատակցին ասել եմ՝ ինձ տարեք Ադրբեջան, ես իմ երեխուն տենամ, եթե նույնիսկ ինձ էնտեղ կախեն՝ մենակ իմ երխուն տենամ ու վերջ։ Ցանկացած մայր նման բան կաներ, ոչ միայն ես, այլ ցանկացած մայր հանուն իր որդու կաներ»,-հույսը կորցրած ասում է տիկին Կարինեն։

Մայրը պատմում է, որ նախարարությունում իրեն ասում են՝ հիմա դու Ադրբեջանցիներին ավելի շատ ես սիրում քան մեզ․ «Այո, որովհետև նրանք հաց են տալիս իմ երեխուն, դուք ի՞նչ եք անում»։

«Ես հանուն իմ Արայիկի պետք ա ապրեմ, ես չգիտեմ, օրը 10-15 դեղ խմելով պետք ա ապրեմ։ Եթե ես էսօր իմանամ Արայիկը չկա՝ վաղն ինձ կկախեմ։ Ես չեմ կարա ապրեմ առանց իրա»,- Կարինեն զսպում է արցունքները, ծնոտը դողում է, ասում է, որ Արայիկի դեպքից հետո երեք ամիս է դարպասից դուրս ոտքը չի դրել՝ ոտքերն առաջ չեն գնում։

Ազնիվ Սիրադեղյան
Ժաննա Ալեքսանյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here