Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Ներման օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուստն առավել թափանցիկ ու հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնական առկա որոշ խնդիրներ կարգավորելու և օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ։

«Նախագծով առաջարկել ենք սահմանել ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը։ Մասնավորապես, այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերին, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- իր խոսքում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, Forrights-ի հարցին ի պատասխան, մանրանասնեց, որ ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե վերջինս ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև Ներման մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:

Նախագծով անդրադարձ է կատարվում ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացին, նախատեսելով ավելի վաղ ընթացակարգ։ Նախկինում, ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր կարող էր ներկայացրել, եթե լրացել է պատժի կրման ժամկետից 20 տարի և ավելի, այս նախագծով սահմանաչափն իջեցվել է 5 տարով․

«Մարդասիրական սկզբունքին համահունչ նախատեսվում է՝ ցմահ դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»,- նշում է նախարարը։

Ինչպես «Ներման մասին» օրենքում, այնպես էլ լրացումներ կատարելու մասին նախագծում, չի հստակեցվում՝ արդյո՞ք ներում ստանալու համար էական նշանակություն կունենա այն հանգամանքը, որ դատապարտյալը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը։

 «Հարկ է նշել, որ այդ հանգամանքները ուսումնասիրվում են համակցության մեջ»,- միայն պատասխանեցին նախարարությունից։

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Forrights-ի հետ զրույցում անդրադարձավ այս հարցին։ Պատգամավորը հայտարարեց, որ մեծ վերապահում ունի ցմահների վերաբերյալ կայացված դատավճիռների հանդեպ և առնվազն 2-3 դեպքի մասով վստահ է, որ անարդար վճիռներ են կայացվել և այդ մարդիկ անմեղ են․

«Մենք բոլորս էլ գիտենք, թե այդ տարիներին ինչ խոշտանգումներ և բռնություններ են գործադրվել, որ մարդիկ ընդունեն իրենց չկատարած հանցանքը։ Ուստի, նրանք, անազատության մեջ գտնվելով 20 և ավելի տարի, չեն կոտրվել և շարունակել են բարձրաձայնել, որ իրենք չեն կատարել այդ հանցանքը և անմեղ են, հիմա ի՞նչ, նրանք չե՞ն կարող դիմել ներման արժանանալու համար։ Իհարկե կարող են և պետք է դիմեն, ավելին, այդ հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ ներման համար»․- հայտարարեց Զոհրաբյանը;

ԲԿՀ-ական պատգամավորը մեկն է այն մարդկանցից, ովքեր աշխատել են նախագծի մշակման վրա։ Նաիրա Զոհրաբյանը «Ներման օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծում իր առանձին նախագիծն է ներկայացրել, որը վերաբերում է ներման գործընթացում տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությանը։ Ըստ նրա, ներման գործընթացում շատ հաճախ է խախտվում մարդասիրության սկզբունքները․

«Լինում են դեպքեր, երբ տուժողի իրավահաջորդները մամուլից շատ անակնկալ ձևով տեղեկանում են, որ իրենց հարազատին խոշտանգած կամ սպանած անձն այլևս ներվել է և ազատության մեջ է։ Այստեղ ոտնահարվում է տուժողի հանդեպ հարգանքն ու արժանապատվությունը, սակայն պետք է շեշտենք, որ ներման գործընթացը փակուղի չի բերի, եթե տուժողի իրավահաջորդների տեսակետը ևս լսվի»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հանրության մոտ կանխակալ կարծիք է ձևավորվել, որ տուժող կողմը երբեք չի կարող ներել իր հարազատին վնաս պատճառած անձին։ Պատգամավորը մատնանշեց վերջերս տեղի ունեցած իրադարձությունը, երբ տուժողները ներեցին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին․

«Տուժողները պետք է ունենան տեսակետ հայտնելու հնարավորություն, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի Ներման հանձնաժողովը կամ դատարանը»,- նշեց Զոհրաբյանը։

Հավելենք, որ դատապարտյալները ներման արժանանալու համար պետք է ներման խնդրագիր ներկայացնեն։ Նախարարությունը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում դատապարտյալի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին: Վերջինս հնգօրյա ժամկետում այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով, որտեղ քսանօրյա ժամկետում այն քննարկվում է և կրկին ուղարկվում վարչապետին։

Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

Ներման խնդրագիրը ներառում է գործի հակիրճ նկարագրությունը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ, ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները, կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և ուշադրությանն արժանի այլ հանգամանքներ։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest