Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Ներման օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուստն առավել թափանցիկ ու հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնական առկա որոշ խնդիրներ կարգավորելու և օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ։

«Նախագծով առաջարկել ենք կարգավորել հետևյալ հարցերը՝ սահմանել ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը։ Մասնավորապես, այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- իր խոսքում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախագծով անդրադարձ է կատարվել ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացին, նախատեսելով ավելի վաղ ընթացակարգ։

«Մարդասիրական սկզբունքին համահունչ նախատեսվում է՝ ցմահ դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»։

Նախարարի խոսքով, նախագծով ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության երաշխիք, եթե խոսքը գնում  առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում․

«Ներդրվել է տուժողների կամ նրանց իրավահաջորդներին ծանուցելու համակարգ, որպեսզի իրենց կարծիքը լսելու հնարավորություն ընձեռնվի։Կարգավորել են ներման խնդրագրերը մերժելու դեպքում՝ բացառիկ հանգամանքներում նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, որպեսզի բացառիկ հիմքեր նախատեսվեն խնամքին երեխայի առկայությունը, ռազմական արտակարգ իրավիճակը, դատապարտյալի առողջությանը նպաստող վիճակը»։

Ներում շնորհելու գործընթացում թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ։ Մասնավորապես, նախարարությունը ներման խնդագրերի մասին ՀՀ նախագահի հրամանագրի քաղվածքները ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրի նախարարության պաշտոնական կայքէջում,

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը և վերացնել օրենսդրական բացերը, ապահովել ներման գործընթացին առնչվող անձանց իրավունքների ամրագրումը և երաշխավորումը»։

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest