Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին, որի ֆինանսավորման հարցում մասնաբաժին ունի նաև Կառավարությունը: Վարչապետն ասաց, որ ֆիլմի ֆինանսավորման փուլից տեղյակ չի եղել, սակայն հպարտ է, որ մշակույթի նախարարությունը նման որոշում է կայացրել: Նշենք, որ այս ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14 տոկոսն է: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, ծագումով Գյումրիից Մելը Հայաստանի դրոշի ներքո աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցել է Մելինե Դալուզյան անվամբ, նա Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։ Հայաստանում ավելի վաղ նկարահանված ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում Դալուզյանը պատմել է, որ Հայաստանում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել իր սեռական կողմնորոշման պատճառով։

Փաշինյանն ասաց, որ եթե ինքն այդ հարցում որոշում կայացնելիս լիներ, ապա կառաջնորդվեր հետևյալ տրամաբանությամբ, թե ֆիլմն ում մասին է նկարահանվելու:

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էտպիսին է ստեղծել… կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էտպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր են ծնվում, եկեք թողնենք՝ ոնց կան, նենց էլ մնա՞ն», — հարցրեց վարչապետը։

Ըստ նրա, եթե նախարարությունը չֆինանսավորեր այդ ֆիլմի նկարահանումը, ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ.

«Այսինքն՝ մենք տենց ենք հա՞, եթե այդ մարդը լրիվ իր վաստակով համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար էն ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իրա հետ պրոբլեմ չունենք, բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի, և իր միջավայրում այդ տառապանքն անընդհատ կտրում են, այդ բաց վերքի մեջ աղ են լցնում և ստիպում են, որ թողնի, գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա, երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ գործ չունե՞նք», — ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իր պատկերացումը Հայաստանի Հանրապետության մասին այդպիսին չէ։ Նա հավելեց, որ տեղյակ չի եղել ֆինանսավորման մասին որոշումից, բայց գոհ է, որովհետև այդ ֆիլմի չֆինանսավորելը, բարոյահոգեբանական առումով չմասնակցելն այդ ֆիլմի ստեղծմանը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և նրա կառավարության ճակատին։

Իսկ այս որոշման քննադատողներին դիմելով՝ նա ասաց, որ սա էժանագին պրոպագանդա է համարում, այն որակեց «լափամաններից զրկվածների պրոպագանդա»։

«Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest