Օրերս Կապանի զորամասն  ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գասպարյանին կրկին տեղափոխել են Կապանի զորամաս։ Պաշտպանության նախարարության ընդունիչ-բաշխիչի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ զինծառայողը զորամասը լքել է՝ ծառայակիցների հետ ունեցած խնդիրների պատճառով, ինչն անհնարին պետք է դարձնել հետ վերադարձը նույն զորամաս․

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տեղակացրել են, իբր նույն զորամաս տեղափոխել են, քանի որ ծառայողական քննության անհրաժեշտություն է առաջացել, ինչը բացառվում է։ Չի կարող նման բան լինել, քանի որ այս պահին նախաքննության փուլն է, ինչ ծառայողական քննության մասին է խոսքը։ Քննիչն այս պահին գնում  է զորամաս՝ կազմակերպելու զինվորին այլ զորամաս տեղափոխելու հարցը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Էրիկ Գասպարյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանը խոսքով՝ իր պաշտպանյալն այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի, սակայն այդ մասին իրեն տեղեկացնել չի կարողանում․

«Էրիկ Գասպարյանն իր տված ցուցմունքում նշել էր, որ արդեն հայտնի խնդիրներով պայմանավորված չի ցանկանում և անհնար է նույն զորամասում շարունակել զինվորական ծառայությունը։ Այդ խնդիրների պատճառվ կարող է պատճառ հանդիսանալ զորամասից կրկին դուրս գալու»,- տագնապած ասում է Սարգսյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Forrights-ի այն հարցին, թե արդյոք նույն զորամաս տեղափոխվել զինծառայողի համար նոր խնդիրներ չի առաջացնի, պատասխանեց․

«Կյանքը ցույց կտա»,- ասել է Հովհաննիսյանը, հավելելով, որ այլ տեղեկություն չունի հայտնելու։

Զինծառայող Էրիկ Գասպարյանի փախուստի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 24-ին: Լուր տարածվեց, որ Կապանում ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և կորել անհայտ ուղղությամբ: Այդ օրը պարզվեց նաև, որ ՊՆ-ն և ռազմական ոստիկանությունը արդեն 5 օր է փնտրում են տղային:

Առանց պարզելու, թե ինչու և ինչից է փախել օրինակելի վարք ունեցող զինծառայողը, ով երբեք չէր դժգոհում ծառայությունից, պաշտպանական գերատեսչության խոսնակը միանգամից հայտարարեց, որ զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։

Ռազմական ոստիկանները տղային հայտնաբերեցին հոկտեմբերի 28-ին, Երևանում,  ծանոթներից մեկի բնակարանում: Հաջորդ օրը ՀՀ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով շարքային Գասպարյանին վարկաբեկող հայտարարություն արեց: Նախ, հայտարարեց, որ զինվորը «ֆեյսբուքով` սայթերով» ծանոթացել է մի տղայի հետ, «երևի, ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:

Ապա հայտնեց, թե «մնացած մանրամասները բժշկական փորձաքննությունը կպարզի», չնայած որ քննչական մարմինը այդ մասին ոչինչ չէր հայտարարել և չի հայտարարել մինչև այս պահը։

Այսպիսով, ՌՈ բարձրաստիճան պաշտոնյան շարքային Էրիկ Գասպարյանի պատվի և արժանապատվության հետ է խաղացել, ակնարկելով, որ նա, իբր՝ ոչ ավանդական  կողմնորոշում ունի և անտեսելով, թե նման հայտարարություններն ինչպես կանդրադառնա զինծառայողի վրա, նրան կրկին ուղևորում է նույն զորամաս, զորամաս։

Ա1plus-ի հետ զրույցում զինծառայողի մասին նման մի հայտարարություն էր արել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսնակը շատ լավ գիտի, որ սեռական կողմնորոշման հետ խնդիրներ ունեցող զինվորի համար զորամասը կարող է դժոխք դառնալ ու հիմա նրան տարել են նույն զորամաս՝ հին խնդիրներին գումարելով նորը։ Սրանք սուտ հայտարարություններ են և հերհյուրանք։ Սա սովորական հաշվեհարդար է ՊՆ-ի կողմից։։

Զինծառայող Էրիկ Գասպարյանը միակողմանի ծնողազուրկ է, ապրում են սոցիալապես ծանր պայմնաններում։ Նրա հայրը մահացել է ընդամենը 10 ամիս առաջ՝ ողբերգական մահով։

Pin It on Pinterest