Զինծառայողներ Արտակ Նազարյան- Վոլոդյա Գալոյան. զուգահեռներ, որոնք անհնար է չնկատել

0
1349

Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին սպանվեց 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը: Դա հայոց բանակում կատարված ամենադաժան հանցագործություններից մեկն է։

Նազարյանի մահվան գործի նախաքննությունն ուղեկցվում էր հանրային մեծ ճնշմամբ, ակցիաներով։ Արտակ Նազարյանի շահերի պաշտպանները պնդում էին, որ գործը կոծկվել է, որ կրթված, ինտելիգենտ երիտասարդին իրականում սպանել են, բազմաթիվ ապացույցներ էին ներկայացնում, միջնորդություններ իրավապահներին եւ դատարաններ, բայց բոլոր ատյաննները մնում էին անհաղորդ։

Նախաքննության մարմինը, դատախազությունը, դատարանը գործելով վերևից եկող հրահանգներով, առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը ի վերջո դարձրեցին իքնասպանություն»: Արտակ Նազարյանի սպանության ընդհանուր պատկերը հիշեցնում է հուլիսի 24-ին Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի գործով կատարված կոծկումները:

Շարքային Վոլոդյա Գալոյանի մահը, ինչպես և Արտակ Նազարյանինը, փորձում էին ներկայացնել որպես ինքնասպանություն, մի կողմ դնելով գործում առկա ապացույցները և տարրական տրամաբանությունը: Այս երկու գործերի ընդհանրությունը վերաբերում է նախ, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

Խոշտանգում մահից առաջ

Թիվ 0956/12 փոչձագիտական եզրակացությամբ Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են 22 մարմնական վնասվածքներ, մինչդեռ գործով կատարված դիակի արտաքին զննություն իրականացրած մասնագետը գրել է ընդամենը մեկ վնասվածքի մասին: Վոլոդյա Գալոյանի ստացած վնասվածքները կոծկվել են, դրանց վերաբերյալ քննություն չեն իրականացրել, նրան նույնիսկ տուժող չեն ճանաչել, և միայն «Լրագրողներ հանուն մարդու իրավուքնների» կազմակերպության բողոքից ու դատախազության միջամտությունից հետո են Գալոյանին տուժողի կարգավիճակ տվել, իսկ նրա ծնողին ճանաչել տուժողի իրավահաջորդ: «Սեպտեմբերի 30֊ին դատաբժշկական փորձաքննությունը ավարտվել է, սակայն մեզ է տրամադրվել մեզ է տրամադրվել միայ ն հոկտեմբերի 30-ին»,- փաստում է Գալոյանների փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական թիվ 704/34 փորձաքննության եզրակացության համաձայն, Նազարյանի դիակի վրա հայտնաբերվել է թվով 54 մարմնական վնասվածքներ: Իրավապաշտպան Ռուբեն  Մարտիրոսյանը, որը տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչն է, նշում է, որ դատաբժիշկն իր եզրակացության մեջ այդ վնասվածքները բաժանել էր երեք խմբի՝ սպանություն ից 3-5 օր առաջ, սպանությունից 6 ժամ առաջ և սպանությունից ոչ շատ առաջ:

«Դատարան կանչեցին փորձագետ Ադամյանին, որպեսզի Ադամյանը իր եզրակացությունից հրաժարվի, սպասումով, որ նա կփոխի այն, ինչ տվել էր իր եզրակացության մեջ: Քանի որ վերևից դաբրոն կար ու հրամայել էին կեղծել, Ադամյանը հայտնեց, որ 3-ից 5 օր առաջ վնասվածքը պետք է հանել, քանի որ այդպիսի վնասվածք չի եղել: Սա ճչացող ապօրինություն էր, փաստորեն, նա հրաժարվեց իր իսկ տված եզրակացությունից: Դատավորի հարցին, թե ինչ է նշանակում «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությաունը, նա պատասխանեց, որ դա նշանակում է 2-ից 3 օր առաջ, — պատմում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Ռ.Մարտիրոսյանը նամակով դիմեց ՌԴ Դատաբժշկական Կենտրոնի տնօրեն, դոկտոր Ա.Վ.Կովալյովին, խնդրելով պարզաբանել թե ինչ է նշանակում «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը, և ստացավ կենտրոնի տնօրենի պատասխանը: Վերջինս իր նամակում հայտնում էր, որ  «ոչ շատ առաջ»-ը  բժշկական տերմին չէ, որ նման ձևով ժամանակը ֆիքսում են այն  դատաբժիշկները, որոնք չեն ցանկանում  տալ հարցի պատասխանը, և որ իր իմանալով, դա նշանակում  է մահվանից մի քանի վարկյանից մինչև 30 րոպե առաջ:

«Որպեսզի հարգարժան տնօրենի պատասխանը պաշտոնական ուժ ստանար, դատավորը պետք է պաշտոնական հարցում աներ նրան, սակայն երբ ես դատարանում փորձեցի դատավոր Մարդանյանին ներկայացնել Կովալյովի պատասխանը , որպեսզի նա պաշտոնական հարցում անի  կենտրոնի տնօրենին, Մարդանյանը կապտեց, կարմրեց ու կտրականապես թույլ չտվեց, որ կարգադրիչը այդ փաստաթուղթը փոխանցի իրեն:Հակառակ դեպքում Ադամյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր, և իրենք պետք է հրաժարվեին ինքնասպանության վարկածից», — պատմում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Վկա-զինվորները միաբերան պնդում են…

Նազարյանի գործով տասը վկաներ 12 օրից մինչև մեկ ամիս պահվել էին ռազմական ոստիկանության մեկուսարանում, ծեծվել էին, խոշտանգվել էին, նրանց դրդել էին տալ կեղծ ցուցմունքներ: Այդ ցուցմունքների միջոցով նախաքննության մարմինը փորձել էր ինքնասպանության դրդելու պատկեր ստանալ: Օրինակ, նախաքննական փուլում վկաները ցուցմունքն էին տվել, որ Ադիբեկ Հովհաննիսյանը դիտողություններ է արել լեյտենանտ Արտակ Նազարյանին, որ վերջինս չի հետեւում իր անձնական հիգիենային, այդ պատճառով Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Արտակ Նազարյանի միջեւ մի քանի անգամ վեճ է եղել, նրանք հարվածել են միմյանց: Ադիբեկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, քանի որ ինքը դրանք տվել է ծեծի եւ ճնշման տակ: Նա դեռեւս նախաքննության փուլում է հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից:

Հետագայում նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Վոլոդյա Գալոյանի գործով վկաները միաբերան պատմել են այն մասին, որ Վոլոդյան բջջային հեռախոսը պահելու հարցով վեճ, իսկ հետո բախում է ունեցել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ, որ վերջինս բաց ափով մեկ անգամ հարվածել է Գալոյանի դեմքին, իսկ Գալոյանը, ինքնաձիգը ուղղելով Ստեփանյանի վրա, կրակահերթ է արձակել, սակայն Ռոլանդը հասցրել է թաքնվել գետնատնակում, ու նրան ոչ մի գնդակ չի դիպչել: Բաց ափով մեկ անգամ դեմքին խփելուց 22 վնասվածքներ չեն առաջանում, սակայն քննիչները, ինչպես և Արտակ Նազարյանի գործով, այս հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձրել: Գործով քննիչը, որը տուժող կողմի համառ պահանջների շնորհիվ ի վերջո կանչվեց դատարան, հարցին, թե ով է ծեծել Նազարյանին, պատասխանեց, որ չնայած 54 մարմնական վնասվածքները կան, սակայն երկիր մոլորակի վրա չկա որևէ անձ, որը Նազարյանին հասցրած լինի այդ վնասվածքները:

Օղի՝ մահից առաջ

Շարունակելով զուգահեռները, հիշենք, որ Նազարյանի դիակի դատաբժշկական զննությամբ նրա արյան մեջ 1,8 պրոմիլե էթիլային սպիրտ էին հայտնաբերել, որը համապատասխանում է միջին աստիճանի հարբածությանը:

«Նազարյանը չէր խմում, ուներ լյարդի հիվանդություն, հավատացյալ էր: Նա հորն ու մորը մի քանի անգամ պատմել էր, որ իր հետ չեն խոսում, իրենից նեղանում են սպաները չխմելու ու իրենց չընկերակցելու պատճառով: Վստահ եմ, որ դաժան ծեծի ենթարկելուց հետո այդ օղին լցրել էին նրա բերանը: Նախաքննական մարմինն իբրև թե չկարողացավ պարզել, թե ում հետ էր Նազարյանը խմել այդ օղին, երբ, որտեղ ու ինչ առիթով: Գալոյանի դեպքում ունենք 0,55 պրոմիլե էթիլային սպիրտի պարունակություն, — նշում է Ռուբեն Մարտիրոսյանը, որը մանրամասն ուսումնասիրել է Վոլոդյա Գալոյանի գործով դատաբժշկական եզրակացությունը։

«Ես չեմ կարող ասել, որ Գալոյանին զոռով են օղի խմեցրել, նման փաստ չունենք, բայց ինչպես Նազարյանի, այդպես էլ Գալոյանի դեպքում նախաքննական մարմինը շահագրգռված չէ, որպեսզի այդ խմիչքի հարցը բացահայտի ու վերհանի: Այդ մասին ընդունված չի խոսել, բայց դիրքերում անտերություն է տիրում, ու դիրքերում սպաները ու զինվորները սկսում են ալկոհոլ օգտագործել, որովհետև այնտեղ իրենց ոչ ոք չի տեսնի ու չի պատժի»:

Նազարյանի դեպքում օղին լցրել են, Գալոյանի դեպքում՝ նա խմել է, բայց ում հետ, ինչ և ինչ առիթով, հայտնի չէ: Արտակ Նազարյանի գործում կան փաստեր, որ մարտական հենակետի դիրքերում գտնվող սպաներից մեկն Արտակի մահվանից մեկ օր արաջ ստացել է կապիտանի կոչում, որի կապակցությամբ կերուխում է եղել։ Այդ սպան դեպքից մի քանի ժամ առաջ սպառնացել էր, որ հաշվեհարդար կտեսնի Նազարյանի հետ։

Դեպքերի վայրերը կեղծված են

Արտակ Նազարյանի գործում առկա փաստաթղթերից ու ցուցմունքներից պարզ է դառնում, որ սպանությունը կատարվել է մարտական հենակետի ամառային խոհանոցում, գետնատնակի կողքին, իսկ հետո դիակը տարել դրել են բլրի վրա, ժայռաբեկորի տակ: Վոլոդյա Գալոյանի դիակը իբր՝ հայտնաբերել են չեզոք գոտում: Իսկ իբր, ինքնաձիգով ինքնասպան եղած Գալոյանի դիակի  մոտ չեն հայտնաբերվել ոչ պարկուճներ ոչ էլ արյուն: Դիակը հայտնաբերվել է թիկնոցավրանի մեջ փաթատված, ինքնաձիգը կողքին դրված:

«Եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, նման փաստերն ի հայտ գալուց հետո պետք է անմիջապես ստուգվեին, եւ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի նախագահը այդ փաստերը ստանալուց հետո պարտավոր էին գոնե գործը վերցնել այդ կայազորից ու փոխանցել այլ քննիչների, ինչը չի արվում>>, — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

«Արտակի շորերը հանել, լվացել էին արյունը, ու էդպես մերկ ճանապարհել էին»

Դեպքից անցել է 4 ամիս, բայց դեռ պատրաստ չի զենքի ձգաբանական ու հագուստի հետքաբանական փորձաքննությունների եզրակացությունները, և դրանում ևս դիտավորություն, ընդունված ձեռագիր է նշմարվում՝ գործը բացահայտել միայն զինծառայողների ցուցմունքների հիման վրա, հետո նոր փաստաթղթերը հարմարեցնել դրանց: Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, Forrights.am-ի հետ զրույցում որոշ սահմրկեցուցիչ մանրամասներ վերհիշեց.

«Արտակին տարել էին Բերդ քաղաքի մորգ, շորերը հանել, լվացել էին արյունը, ու էդպես մերկ ճանապարհել էին Երեւանի դատաբժշկական կենտրոն։ Հագուստներն էլ էդպես էլ չենթարկեցին դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննության՝ պնդելով թե ակնհայտ է, որ Արտակի արյունն է վրան, ինչքան էլ ասեցինք որ կարող է նաեւ ուրիշի արյուն, մազ, թուք հայտնաբերվի, ինչից կերևա,  թե ում հետ է պայքար եղել։ Հետո էդ հագուստները վերադարձրել էին զորամաս, այսինքն՝ վերջ, այդ իրեղեն ապացույցը ոչնչացրեցին»:

Հետևում է արդյոք բանակում կատարվող սպանությունների բացահայտմանը, ինչ՞ տպավորություն ունի, ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ոչ, զորամասերում տիրող բարքերի, մթնոլորտի, սպանությունների բացահայտման հարցերում: Մեր հարցին Ծովինար Նազարյանը պատասխանեց.

«Այնպես է ազդում վրաս, որ ես փորձում եմ քիչ կարդալ նման լուրեր։ Բայց ինչ էլ որ կարդում եմ, ինձ մոտ  լավատեսություն չի առաջացնում, թե որեւէ բան փոխվել է զինվորների գործերի քննության պրակտիկայում։ Զորամասերում գուցե ինչ-որ բան փոխվում է դանդաղ կերպով, բայց արդարադատությունում, հատկապես զինվորական իրավապահ մարմիններում՝ ոչ»։

Արտակ Նազարյանի գործը 2013 թվականից ուղարկվել է Եվրոդատարան: Նրա հարազատները և նրանց ներկայացուցիչները, փաստաբան Մուշեղ Շուշանյանը օրեցօր սպասում են այդ գործով վճռին:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here