«2005 թվականն էր, եկան ասեցին՝ ձեր տները քանդում ենք՝ պետության կարիքների համար, 7 օր ժամանակ ունենք։ Շիվարեցինք․․․Փաստաթղթեր բերեցին,  որտեղ արդեն գնահատված էր մեր տունը՝ 250 դոլլար՝ 1 քմ-ի համար։ Առանց մեզ, առանց չափագրում անելու, առանց խորհրդակցելու, մարդիկ մեր տեղն արդեն որոշել էին, մեր ամբողջ ունեցվածքը՝ գնահատել։ 7 օր հետո եկան, մեզ ստիպեցին, որ դուրս գանք, չհասցրինք էլ մեր տան ամբողջ եղածը վերցնենք»,- Forrights-ի հետ զրույցում տարիներ առաջ կատարված իրադարձությունն այսօր կրկին վերապրեց 80-ամյա Սաշիկ Սաֆյանը։

Երևանի կենտրոնում՝ Բուզանդի 9 հասցեում գտնվող տնից և հողատարածքից զրկված Սաֆյանների ընտանիքը մինչ օրս բնակարան չունի: 15 տարի շարունակ՝ շենքից շենք արտագաղթելով, նրանք ոչ միայն տունը, այլևս առողջությունն են կորցրել։

Նրանց պատկանող  89,25քմ սեփական տունը պետությունը գնահատել էր ընդամենը 42 հազար դոլլար, իսկ մերձակա 240 քմ հողամասն ընդհանրապես դուրս էր մնացել հաշվարկից։ Որպես խրախուսանք՝ պետությունը նաև 28 հազար դոլլար էր տրամադրում, որպեսզի բնակիչները շուտ լքեն տունը։

«Դիմեցինք դատարան, բայց էդ ժամանակ՝ ի՞նչ դատարան, քոչարյանական բանդան էր։ Երեք ատյաններն էլ որոշեցին, որ մեզ մեր սեփական տանից վտարման որոշումն օրինաչափ է։ Ասում էին՝ պետության կարիքների համար ենք ձեզ վտարում, բայց մենք գիտենք, որ վտարում են միայն էն ժամանակ, եթե պետք ա երկաթուղի, կամուրջ կամ պետության համար այլ բան կառուցեն։ Մեր դեպքում, մարդիկ իրենց անձնական բիզնեսի համար բռնեցին ու վտարեցին մեզ»,- ասում է Սաֆյանը։

Բուզանդի 9 հասցեում գտնվող շենք-շինությունները քանդելու որոշում ուներ «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, որը, ինչպես նշում է մեր զրուցակիցը, բավականին «անպատկառ» վերաբերմունք է ցույց տվել բնակիչների նկատմամբ․

«Գալիս ասում էին՝ դուրս թռեք ստեղից, պետությունը ձեր տունն էլ, ձեզ էլ հետը ծախել ա մեզ։ Բռնություն էին գործադրում, քացով, բռունցքով հարվածում անգամ կանանց»,- վերհիշում է նա։

Հայաստանյան երեք ատյաններում որևէ արդյունք չգրանցելով, Սաֆյանները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ նրանց խոստանում են վճիռ կայացնել 2,5 տարվա ընթացքում։ Սակայն, վճիռը հրապարակվում է միայն 7 տարի անց։ ՄԻԵԴ-ը ճանաչում է սեփականության իրավունքի խախտում, այն հիմքով, որ սեփականազրկումը տեղի չի ունեցել օրենքի հիման վրա։ Որպես փոխհատուցում՝ Հայաստանին պարտավորեցնում վճարել 30 հազար եվրո։

«ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո, 2014 թվականին Սաֆյանների վտարման գործը վերաբացվում է։ Առաջին ատյանի դատարանից խնդրում էինք տրամադրել նախնական փոխարժեքով փոխհատուցում, որն օրենքով սահմանված՝ շուկայական արժեքից 15 տոկոսով ավել կլինի։ 2019 թվականի փետրվարին դատարանը տրամադրեց այն՝ հիմք ընդունելով կադաստրային գնահատված միջին արժեքները և պետությանը պարտավորեցրեց վճարել 280 հազար դոլլար։ Կառավարությունը, սակայն բողոքարկեց այդ որոշումը և դիմեց Վերաքննիչ վարչական դատարանը, որտեղ բավարարեց նրանց բողոքը, նշելով՝ ՄԻԵԴ-ն արդեն այս գործով վճիռ կայացրել է դեռ 2012 թվականին և հայաստանի դատարաններն այն չեն կարող բեկանել»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Սաֆյանների փաստաբան Կարապետ Բադալյանը։

Փաստաբանն «ապօրինի» որակեց դատարանի որոշումը, նշելով՝ օրենքով սահմանված կարգով այդ մարդկանց պարտավոր էին 30 հազար եվրո և 15 տոկոս հատուցում տրամադրեին․

«2005 թվականի դատարանի որոշման հիման վրա, բնակիչներին պետք է փոխհատուցում տրամադրեին, ապահովեին բնակարանով ու նոր վտարեին։ Բայց արեցին միայն վերջին կետը՝ վտարեցին ընտանիքին, առանց որևէ հատուցման։ Սա այն եզակի դեպքն է, երբ հայաստանյան կողմը բնակչին դեռևս չի հատուցել, իսկ ՄԻԵԴ-ն էլ իր հերթին բավականին քիչ գումար է պարտավորեցրել Հայաստանին։ Սա եզակի երևույթ է»,- նշեց փաստաբանը և մատնանշեց «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ ՀՀ դատարանի կողմից վճռով դեպոզիտ էր տրամադրվել 60 միլիոն դրամ, իսկ որպես արդարացի փոխհատուցում՝ Եվրադատարանը սահմանել էր 250 հազար եվրո գումար, ընդհանուր՝ ավելի քան 350 հազար եվրո․

«Նույն խնդիրն է, նույն դատարանն է, սակայն գումարային տարբերություններն ահռելի են»,- շեշտեց փաստաբանը և հավելեց՝ այսպես չեն թողնելու, Վճռաբեկ դատարան են բողոք ներկայացնելու։

Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին որևէ քայլեր չեն ձեռնարկվում, սակայն առաջիկայում Կառավարությունը կբանակցի Սաֆյանների հետ՝ ավելի ընդունելի պայմանների համար․

«Վերաքննիչի որոշումը, ըստ էության, ընդհանուր տրամաբանության մեջ անընդունելի է։ Այն ուղղությունը, որը որդեգրել է նոր Կառավարությունը՝ ՄԻԵԴ-ի այս գործերի համար, այլ լուծում է փորձում գտնել»,- նշեց Աբրահամյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ այս գործերի քննության համար առաջիկայում աշխատանքային խումբ կձևավորվի, որը խորհրդարանական լսումների ժամանակ փաստահավաք խմբին կփոխանցի ուսումնասիրված նյութերն ու փաստաթղթերը։

Սաշիկ Սաֆյանը ցավով է արձանագրում, որ վտարման գործի վերաբացումից հետո, երբ Առաջին ատյանի դատարանը վճռեց 250 հազար դոլլար պարտավորեցնել Հայաստանին վճարել, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Վերաքննիչ դատարան դիմեց։

«Էն ավազակներից պրծանք, հիմա էլ դո՞ւք եք սկսել մեր հոգին ուտել։ 15 տարի ա քարշ ենք գալիս շենքից շենք, վարձով ենք ապրում, երեխա, թոռ ունեմ, առողջությունս էլ չի ներում, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ։ Ոչ մի կոպեկ չեն տվել մեզ, որ գոնե էս տարիների ընթացքում տան վարձ մուծենք։ Տարիներն անցան, մեր կյանքն էլ գնաց էս գործով»,- ցավով է արձանագրում Սաշիկ Սաֆյանը։

Նկարիչ Սաշիկ Սաֆյանը դեռ 15 տարի առաջ կորցրել էր նաև իր արվեստանոցը, որը ևս Բուզանդի փողոցում էր։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest