Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը շուրջ 23 տարի է ինչ ճաղերից այն կողմ է։ Դեռ 2018 թվականի օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նրա գործով աննախադեպ որոշում էր կայացվել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի էր ճանաչել Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննվում էր դատապարտյալի բողոքը։

Դեռ 2018-ին, դատարանը պարտավորեցրել էր Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները և պատժի կրման ռեժիմը փակից դարձնել կիսափակ, սակայն, ինչպես Արթուրն այսօր դատարանում հայտարարեց, դա միայն թղթի վրա է և ոչ մի էական փոփոխություն չկա։

«Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացրած բալային համակարգում միավոր է տրամադրվում աշխատանքի անցնելու համար, սակայն, եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանք չկա, իսկ ինձ չեն տեղափոխում այլ ՔԿՀ, ինչպե՞ս բալեր ստանամ»,-դատարանում բարձրաձայնեց Արթուր Մկրտչյանը։

Դատարանի ուժի մեջ մտած որոշումը առկա է, սակայն Քրեակատարողական ծառայությունը բացարձակ աշխատանք չի տրամադրում դատապարտյալին, որպեսզի ստանա համապատասխան միավոր․

«Կցանկանայի «Նուբարաշեն» ՔԿՀ վարչության ներկայացուցիչն այստեղ լիներ, որպեսզի հարցադրում կատարեի՝ ինչո՞ւ չեն կատարել դատարանի որոշումը, եթե որևէ միտում չկա»,-ասաց նա և դատարանին խնդրեց ապահովել «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակցի ներկայությունը դատարանում՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար։

Ըստ դատապարտյալի՝ տրամադրված զեկույցներում բացակայում է պատճառաբանական մասը․

«Դատարանից պահանջում եմ, որ Քրեակատարողական ծառայությունը և Պրոբացիայի ծառայությունը նոր քննության առնի և անվավեր ճանաչվի նախորդ եզրակացությունները, որոնք կպարունակեն պատճառաբանական մաս»,-ասաց նա։

«Դուք լիովին չեք արտացոլում իրական պատկերը»,- Քրեակատարողական ծառայություն և Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին դիմելով ասաց Արթուր Մկրտչյանը։

Արթուր Մկրտչյանը պահանջում է նաև, որ 2019 թվականի պայմանական վաղաժամկետի չներկայացնելու որոշումը ևս անվավեր ճանաչվի։

Քրեակատարողական ծառայության աշխատակիցը դատարանին ևս ներկայացրեց այն հատվածը, որ բալային համակարգով է տրամադրվում եզրակացությունը և ըստ նրա՝ Արթուրը չի աշխատում, ինչը 5 միավոր պակաս ստանալու պատճառ է հանդիսանում և արդյունքում 28 միավորի շեմը չի հաղթահարում՝ պայմանականի դիմելու համար․

«Բալային համակարգը ունի իմպերատիվ բնույթ»,- հայտարարեց Քրեակատարողական ծառայության աշխատակիցը։

Արդյունքում, դատարանն արձանագրեց այն հանգամանքը, որ դատապարտյալը որևէ աշխատանք չունի, իսկ աշխատանք Մկրտչյանը պետք է իր հնարավորություններով գտնի, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմաններ չկան․

«Դատարանը նախկինում որոշում էր կայացրել, որ Արթուրը տեղափոխվի, որպեսզի աշխատի, սակայն ՔԿՀ-ն որոշումը չի կատարել»,- նկատեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դատավորի հարցին հիմնավոր պատասխան չկարողացավ տալ Քրեակատարողական ծառայության աշխատակիցը։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Պրոբացիայի ծառայության աշխատակցին։

Նշենք, որ Քրեակատարողական հիմնարկը նշել է, թե Արթուր Մկրտչյանի հետ ուղղման աշխատանքները շարունակվում են: Բացասական երկրորդ հատկանիշը ազատազրկման 23 տարիներին 9 անգամ տույժի ենթարկված լինելն է: Ընդ որում՝ բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե պայմանավորված վարքագծով, այլ՝ հեռախոս պահելով:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտյանին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ մեկ վկայի իրարամերժ ցուցմունքների և Արթուրի ինքնախոստովանական ցուցմունքը հիման վրա, որը նա տվել էր խոշտանգումների և բռնությունների արդյունքում։ Բռնությունների էր ենթարկվել ոչ միայն Արթուրը, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբայրը, բացի դրանից քրեական գործ էր հարուցվել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ:

Դատարանում Արթուրը պատմել էր, որ դեպքի օրը՝ Կոթիի զորամասի դիրքերում, ինքը եկել էր ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենայով։ Եղել է զենքի առևտուր, ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չէր համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա փորձում է պատասխանատվությունից խուսափել: Միայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հաստատել էր Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ․

«Այո՛, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը»,- նշել էր Ջահանգիրյանը։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest