Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին, այս մասին Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել երկու՝ պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի, մարտի 1-ին ստորագրած հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։

Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ Այս գործով մեղադրյալ է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Բաբայանը մեղադրանքը չի ընդունում, անցած շաբաթվանից կալանքի տակ է։

Պատգամավոր Բաբաջանյանը պնդում է, որ 2018-ին ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։ ՀՔԾ ծավալուն հաղորդագրությունում նշում է, որ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest