Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը և նրանից մինչ օրս որևէ լուր չկա: Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց անուն ազգանունը հայտնել։

«Համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով»,-եզրափակեց նա։

 Հիշեցնենք, որ վաղ առավոտից մամուլում զինծառայողի անհետացման հանգամանքի մասին լուրեր էր շրջանառվում։

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝   ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն դիմել է իրենց խմբագրություն՝ խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»:

Ազգականի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են ՊՆ Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի Վանաձորի և Երևանի Ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև մյուս իրավապահ կառույցները, ովքեր արդեն քանի օր է՝ ասում են, որ դեռևս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին «Բայց երեխան հո ասեղ չի, որ ընկնի դեզի մեջ ու կորի:

Հրամանատարությունը մեզ ասում է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր երեխեն թույլտվություն է վերցրել որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Իսկ թե երբ են երեխայի անհետանալը նկատել զորամասում, դա չգիտեմ: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել՝ թե՛ Վանաձորում թե՛ իրենց մոտ, թե՛ Երևանում, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,-հայտնեց ժամկետային զիծառայող զինվորի ազգականը, մենք նույնիսկ չգիտենք, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի:

«Մեր զինվորը շատ նորմալ ծառայող է եղել, համենայնդեպս, մինչեւ հիմա ոչ մի խնդիր չենք իմացել, բայց թե ինչի ու ինչ պատճառով է դուրս եկել՝ տեղյակ չենք: Այս տարվա հուլիսին օրինական արձակուրդ էր եկել, շատ գոհ էր զորամասից, զինակից ընկերներից, հրամանատարական կազմից: Կորելու առաջին օրն էր զանգել, էլի գոհ էր, բայց թե ինչի է նման բան արել, մեզ համար հանելուկ է»:

Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունը իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը: ՌՈ-ից Forrights-ը փորձեց որևէ տեղեկություն իմանալ, սակայն «զինծառայողի անհետացման» հանգամանքի վերաբերյալ հերթապահը ասաց, որ «զինծառայողը ինքնակամ լքել է և դա սովորական է զինծառայողների շրջանակում և այդտեղ որևէ արտառոց բան չկա»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով զինծառայողի 5 օրը զինծառայողի անհետացման համար երկար ժամկետ է․ «Սա սովորական փախուստի նման չէ, ինչպես նշում է ՌՈ-ն և ՊՆ-ն։ Զորամասից զինծառայողի 5-օրյա բացակայությունը մտահոգիչ է։ Չեմ բացառում, որ բռնություն է տեղի ունեցել, որի արդյուքում որ ծինվորը ստիպված է եղել փախչել կամ թաքնվել»,-ասաց իրավապաշտպանը հուսալով, որ զինծառայողը ողջ առողջ կհայտնաբերվի ։

Հավելենք, որ որոնման աշխատանքներում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest