Նոյեմբերի 19-ին Սյունքի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում սկսելու է լսել գյումրեցի զինծառայող, շարքային Կարեն Կարապետյանի սպանության գործը: Սպանությունը տեղի է ունեցել 2019թ. մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, Մատաղիսի զորամասում: Գործի նյութերի ուսումնասիրությամբ աղաղակող փաստեր են հայտնաբերվել, որոնք հիմք են հանդիսանում կասկածելու, որ քննչական խումբը կեղծ քննություն է իրականացրել և պարտակել է իրական մեղավորներին:

Եւ այսպես՝ ամբաստանյալի աթոռին Կարապետյանի ծառայակից Արտյոմ Գրիգորյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով զորամասի ջոկի վարորդ, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգի փողն ուղել է դեպի շարքային Կ.Կարապետյանը,կատակով սեղմել է ձգանը, որի հետևանքով արձակված կրակոցից շարքային Կ.Կարապետյանին անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում»:

Կարապետյանը ըստ քննիչների, «կատակ-կրակոցի» արդյունքում ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել և մահացել է: Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Բորիս Բախշիյանը:

 Կարեն Կարապետյանի ծնողները չեն հավատում կատակ-կրակոցի վարկածին: Նրանք կասկածելի են համարում նաև այն հանգամանքը, որ քննիչները փոխել են Արտյոմ Գրիգորյանի մեղադրանքը: Նրա արարքը ի սկզբանե որակել են որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն / Քր. օր-ի 104-րդ հ. 2-րդ մաս, 10-րդ կետ/,  սակայն ընդամենը 5 ամիս տևած նախաքննության ընթացքում մեղադրանքը մեղմացվել է, կիրառվել է ավելի մեղմ հոդված՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը /Քր. օր-ի 373, 3-րդ մաս/: Մեղադրական եզրակացությունը քննիչները Կարենի մորը՝ Շահանե Կարապետյանին, որը ոտւժողի իրավահաջորդն է, տրամադրել են միայն գործը դատարան մտցնելուց հետո:

Նրա խնդրանքով «Լրագրողեր հանուն մարդու իրավունքների» կազմակերպության անդամները, նաև ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ուսումնասիրել են քրեական գործի նյութերը և մի շարք կարևոր բացահայտումներ է արել: 

Գործի հանգամանքները ներկայացնելով, քննիչը գրել է, որ Արտյոմ Գրիգորյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կարենի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է: Սակայն հետագա բոլոր փաստաթղթերում քննիչները գրում են ոչ թե կրակոցների, այլ կրակոցի մասին: Ինչու կրակոցները, որոնք կարող են վկայել կանխամտածված սպանության մասին, դարձան կրակոց, անհասկանալի է:

Առաջին իր  ցուցմունքներում Արտյոմ Գրիգորյանը պատմում է, որ Կարենն իր վրա մի քանի անգամ զենք է պահել, ինքն էլ ասել է՝ չի կարելի, հասուն տղա ես, որից հետո Կարենը վերցրել է զենք ն իրենից, կիսով չափ լիցքավորել է և պահել է իր վրա: Ինքը փորձել է խլել իր զենքը Կարենից, և այդ ընթացքում հնչել է մահաբեր կրակոցը: Այս վարկածը հերքվում է դատաբժշկական փորձաքննությամբ, որի համաձայն կրակոցն արձակվել է հեռվից՝ 75 սմ և ավելի հեռավորությունից:

«Պատկերացրեք, ես ու դուք քաշքշում ենք զենքը իրարից, ոնց կարող եմ ես ձեզ 75 սանտիմետրից կրակել»,- ասում է իրավապաշտպանը, եզրակացնելով, որ անհամապատասխանությունը վերացնելու համար հետագայում Արտյոմը փոխել է ցուցմունքը և գրել է, որ կրակել է Կարենի վրա ոչ թե նրա, այլ իր զենքից:

Ըստ նույն փաստաթղթի, Կարեն Կարապետյանի մարմնի վրա եղել են վնասվածքներ, որոնք առաջացել են բութ առրկաների ներգործության հետևանքով՝ բազկի քերծվածք, քերծվածք կրցքավանդակի ձախ կողային հատվածում, արյունազեղում, քերծվածք աջ դաստակին: Այս վնասվածքները համակցված չեն, այսինքն, չէին կարող առաջանալ միևնույն պատճառով, այլ առանձին-առանձին հասցվել են բութ առարկայով:

Վնասվածքների թվում կան այնպիսիք, որոնք հասցվել են մահից 3-ից 5 օրվա ընթացքում, և այնպիսիք, որոնք հասցվել են մահից րոպեներ առաջ:

Դատաձգաբանը տվել է սենսացիոն փաստ՝ կրակոց է արձակվել ոչ միայն Արտյոմ Գրիգորյանի զենքից, այլև Կարեն Կարապետյանի, սակայն նախաքննությունն այս փաստին չի անդրադարձել:

Կարեն Կարապետյանի զրահաբաճկոնի կոճակներից երկուսը բացակայում են, իսկ աջ թևքին կտրվածք կա, բացակայում են նաև կիտելի երեք կոճակները: Ապուշի համար էլ հասկանալի է, որ մահից առաջ Կարենը կռվի է բռնվել: Սակայն մեր քննիչների համար սա հասկանալի չի եղել: Նրանք անգամ հագուստները չեն ուղարկել դատահետքաբանական փորձաքննության, հասկանալու համար, թե երբ և ինչի հետևանքով են առաջացել այս վնասվածքները:

Մարտական հենակետում ծառայել են 9 զինվորներ, որոնցից մեկը սպանվել է: Այս զինվորներից քննիչը պարտավոր էր վերցնել խծուծներ, պարզելու համար, թե արդյոք նրանք եղել են դեպքի  վայրում, թե ոչ: Քննիչը վերցրել է խծուծներ միայն երկու հոգուց՝ հանգուցյալից և Կարենից: Զինվորների մարմնի զննությամբ հայտնաբերվել է, որ 8 զինվորներից վեցի վրա կան մարմնական վնասվածքներ՝ որոնք հասցվել ե  դեպքից 3-ից 5 օր մինչև 13 օրառաջ: Ինչ վնասվածքներ են դրանք, ինչի հետևանք են, ինչու են բոլորի դաստակների, նույնիսկ դեմքերի վրա վնասվածքներ, արդյոք չեն վկայում, որ զորամասում դեպքին մոտ օրերին եղել է ծեծ ու ջարդ, տուրուդմբոց՝ այս ուղղությամբ քննություն չի արվել:

Երկու զինվորներ չունեն մարմնական վնասվածքներ, դրանցից  մեկը մեղադրյալն է՝ Արտյոմ Գրիգորյանը: Չի բացառվում, որ նա ընդհանրապես չի մասնակցել անտերության մատնված այս դիրքում տեղի ունեցած տուրուդմբոցին:

Քննիչը ապացուցված է համարել, որ Կարենի դեմքին եղել է սև դիմակ, որը պաշտպանում է զինվորների դեմքը քամուց: Այս մասին ցուցմունք է տվել զինծառայողներից մեկը: Սակայն դեպքի վայրի զննությամբ դիմակը չի հայտնաբերվել: Անհետացել են նաև Կարենի բաճկոնի կոճակներից երեքը: Չի բացառվում, որ դեպքի վայրը առհասարակ փոխված է:

Առավոտյան 6.05  փոխել են հերթափոխը, որից հետո, ըստ Արտյոմ Գրիգորյանի ցուցմունքների, հենակետ են եկել երկու անձինք՝ ավագ լեյտենանտ Աղասյանը և զինծառայող Վահե Կարապետյանը, շրջել են խրամաբջջով: Այդ ընթացքում ինքը՝ Արտյոմ Գրիգորյանը, Կարեն Կարապետյանին առաջարկել է փոխել դիտակետում տեղադրված տեսախցիկը: Փաստորեն, տեսախցիկը հանվել է:

Ժամկետային զինծառայող Վահե Կարապետյանի  մասին ցուցմունք է տվել միայն Արտյոմ Գրիգորյանը: Քննիչը ժամկետային զինծառայող Վահե Կարապետյանի գտնվելը մարտական հենակետում կոծկել է, նրան չի հարցաքննել, նրա մասին հարցեր չի տվել, մենք այդպես էլ չենք իմացել, թե ինչու է այդ երիտասարդը եկել հենակետ, որտեղ սպանություն է տեղի ունեցել: Քննիչը չի հարցրել նաև, թե ինչու են հանել տեսախցիկը, ուր են տարել այն, չի հարցաքննել տեսազննման օպերատորներին, որոնք աշխատում են տեսախցիկների հետ: 

Քննիչը բոլոր վկաներին հարցրել է Արտյոմ Գրիգորյանի  մասին, թե արդյոք Արտյոմը «ավտարիտետ» էր դիրքում, հեղինակություն ուներ, և ըստ զինվորների ցուցմունքների, Արտյոմը ավլում էր տարածքը, լվանում էր ամանները: ակնհայտ է, որ նա զորամասի ամենաճնշվածներից ու ամենաանպաշտպաններից է, որոնց հետ սովորաբար հեշտ է լինում պայմանավորվելը:

«Կարող եմ համոզված ասել, որ Արտյոմ Գրիգորյանին նշանակել են մարդասպան», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: Նա հաղորդում է ներկայացնելու քննիչների կատարած հանցագործության մասին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest