Զինծառայողին հրաժարվում են զինհաշմանդամության կարգ տրամադրել

0
853
Արտակ Հաթամյան

Արցախյան պատերազմի մասնակից 46-ամյա Արտակ Հաթամյանն արդեն 5 տարի է պայքարում է ոտնաաահարված իրավունքների վերականգման համար։ Պաշտպանության նախարարությունը կտրուկ հրաժարվում է Հաթամյանին տրամադրել իրեն հասանելիք զինվորական հաշմանդամության կարգը և կենսաթոշակը․

«1992-1994 թվականներին կամավոր մասնակցել եմ արցախյան պատերազմին։ Հենց առաջին տարում՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի պաշտպանության ժամանակ հակառակորդի կողմից արձակված հրթիռի պայթյունից, կորցրել եմ ինքնազգացողությունս, հոսպիտալում պարզել, որ գանգուղեղային տրավմա՝ կոնտուզիա եմ ստացել։ 10 օր զորանոցում անցկացնելուց հետո վերադարձել եմ մարտական դիրք ու զորացրվել միայն երկու տարի հետո։  Էդ ժամանակ չէի մտածում, որ կոնտուզիաս իրեն զգացնել կտա հետագայում ու պատուհաս կդառնա։ Դե պատերազմից չես կարող առողջ վերադառնալ»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Արտակ Հասրաթյանը։

Պատերազմի հետևանքները 19-ամյա Արտակի մոտ զգացնել են տալիս զորացրվելուց ամիսներ անց, սակայն, անուշադրության մատնվում նրա կողմից։ Տարիներ շարունակ աշխատանք չգտնելուց հետո, 2013 թվականին Արտակը կրկին ծառայության ուղին է բռնում։ Իր իսկ դիմումի համաձայն, նա պայմանագրային ծառայության է մտնում Պաշտպանության նախարարության N զորամասում, որտեղ մեկ տարի անց՝ մարտական առաջադրանքի ժամանակ, առողջական վիճակը կտրուկ վատանում և կոնտուզիան կրկին գլուխ է բարձրացնում։ «Կանազ»-ի հոսպիտալում, ապա քաղաքացիական հիվանդանոցներում անցկացված բժշկական հետազոտությունների արդյունքում, Հաթամյանի մոտ ախտորոշվում է գանգուղեղային տրավմայից հետո ասթենոնևորտիկ համախտանիշ, անձի օրգանական խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա․

«Էդքան հիվանդությունը վրես ճանաչեցին ոչ պիտանի ծառայության համար ու զորացրեցին։ Էդ ժամանակ էնքան վատ էի, որ ուշադրություն չէի դարձրել էն հանգամանքին, որ թղթերիս մեջ նշվել ա՝ հիվանդությունը կապված չէ զինծառայության հետ։ Էդ տրավման, էդ կոնտուզիանա, ըստ իրենց, ես ստացել եմ դրսում կռվի ժամանակ, այ էդ աստիճան վիրավորում են ինձ»։

Հաթամյանը զինվորական հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար դիմումը գրում է միայն մի քանի ամիս անց՝ առողջական վիճակի մասամբ կայունացումից հետո; ՊՆ-ից պատասխանում են՝ չկա որևէ փաստաթուղթ, որը կհաստատի այն հանգամանքը, որ գանգուղեղային տրավման Հաթամյանը ստացել է մարտական գործողությունների ժամանակ, չհաշված համածառայակիցների կողմից տրված վկայությունները․

«Հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից տեղեկանք չեմ կարող ներկայացնել, քանի որ իմ անմիջական հրամանատար Նորիկ Դանիելյանը դեռ 1993 թվականին ա զոհվել։ Ես էդքանն իրենց ասում են, շրջվում թե բա՝ վնասվածքի ու խեղման մասին վկաների ցուցմունքները հիմք չեն պատճառական կապը որոշելու համար»,- վրդովված նշում է Արտակը։

Հաթամյանի կողմից ներկայացվել է վկայագիր՝ հաստատված իր պաշտպանական շրջանի մի շարք պաշտոնյաների կողմից, ինչով հաստատվում է, որ 1992 թվականին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի պաշտպանության ժամանակ հակառակորդի կողմից արձակված հրթիռի պահին նա կորցրել է գիտակցությունը, ինչի հետևնքով առաջացել է կոնտուզիա։ Հենց այս փաստաթուղթն է զինհաշմանդամության կարգ ստանալու համար վկայակոչում Հաթամյանը, սակայն վարչական մարմինը մերժում է բոլոր դիմումները՝ «ձևական նկատառումներից ելնելով»․

«2014 թվականից ում ասես դիմեցի, ում ասես գրեցի, վերջում հասա դատարանների դուռը, խնդրելով, միջնորդելով, պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը և հաստատել, որ վնասվածքը ստացել եմ զինծառայության ժամանակ։ 5 տարվա մեջ ինչքան դատարան դիմեցի, մերժեցին։ Ասում են՝ ժամկետ եք բաց թողել, երկու ամսվա ընթացքում պետք ա բողոքարկեիք, բայց չեն ուզում հասկանալ, որ  ի վիճակի չեմ եղել, վատ եմ եղել»։

Զուգահեռ, նախկին զինծառայողը դիմել է նաև այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, սակայն, կրկին անօգուտ։ Կառույցները շարունակում են կրկնել, որ Հաթամյանի կողմից չեն ներկայացվել զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը՝ վնասվածքը ստանալու, և որևէ բժշկական հաստատության կողմից տրված եզրակացությունը՝ վիրավորումը ստանալու վերաբերյալ։

Բժիշկները Արտակին համոզում են դիմել և զինհաշմանդամության փոխարեն քաղաքացիական կենսաթոշակ ստանալ։ Սկզբում նրան 3-րդ կարգի հաշմանդամության կարգ է տրվում, հետագայում՝ առողջական վիճակի վատթարացման հետ պայմանավորված, իջեցնում են 2-րդ կարգ․

«Բժիշկը նույն բժի՞շկը չի, որ մեկը տեսնում ա, որ պետք ա կարգ տա, մյուսը՝ չէ։ Էդ ո՞նց ա լինում, որ ռազմական բժշկի համար ես առողջ եմ, հիվանդությունս էլ կապ չունի պատերազմի հետ, բայց քաղաքացիական բժիշկը տեսնում ու գնահատում ա բոլոր ռիսկերը։ Սա՞ ա արդարությունը»,- նեղսրտում է Արտակը և հայտարարում, որ այս տարիների ընթացքում չի հանձնվել և չի հանձնվելու, շարունակելու է պայքարել իր խախտված իրավունքների վերականգման համար։

Հատկանշական է, որ պետությունն այսօր հրաժարվում է Արտակ Հաթամյանին փաստաբան տրամադրել։ Փաստաբանական պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը Հաթամյանին ի պատասխան նշել է, որ անիմաստ է քայլեր ձեռնարկել և կրկին դատարան դիմել, քանի որ գործը դատարան մտնելու որևէ շանս չունի։

Արտակը դիմել է նաև ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանին։ Վերջինս պարբերաբար խոստացել է հանդիպել և խնդրին լուծում տալ, սակայն առ այսօր հանդիպումը չի կայացել․

«Իրենք վախենում են, որ նախադեպ կստեղծեմ ու էլի շատ մարդիկ նույն խնդրով կդիմեն իրենց»,- կարծիք հայտնեց Հաթամյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here