Այսօր Եղիշե Չարենցի Անվան Գրականության և Արվեստի Թանգարանում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի «Կամքը հայի» գրքի շնորհանդեսը։

«Կամքը հայի» գրքույկում ներկայացված է երկու ստեղծագործություն: Առաջին ստեղծագործությունը` «Հայի Ոգին», նվիրված է այն ազատամարտիկներին, ովքեր կերտեցին մի նոր հերոսական էջ հայոց պատմության քառուղիներում` հարյուրամյակներ շարունակ ճնշված և դաժան ցեղասպանություն ապրած ազգից վերածնվելով պայքարող և հաղթող ազգի:

«Նրանք ցույց տվեցին հայի հզոր Կամքը, ապացուցեցին, որ նույնիսկ անհավասար պայքարում կարող են մի բռունցք դառնալ և կամքի ուժով հաղթել զավթիչ բարբարոսներին»,-գրքի վերաբեյալ ասել է հեղինակը:

Երկրորդ ստեղծագործությունը` «Առյուծներն Հայոց», խորհրդանշական իննսունութ տողերով, նկարագրում է 2016 թվականի ապրիլյան հերոսամարտը, որի ժամանակ անհավասար պայքարում զոհվեցին իննսունութ քաջորդիներ` իրենց կյանքի գնով պաշտպանելով Արցախ աշխարհը` ազատագրված 1989-1994 թվականներին: Քառօրյա պատերազմը ևս ապացուցեց, որ Հայի Կամքը հզոր է անկախ թշնամու զորքի թվաքանակից, և որ Հայը ընտրել է պայքարի ու հաղթանակի ճանապարհը։

«Մշտապես պետք է հիշվեն և մեծ փառքի արժանանան այն ազատամարտիկները, զինվորներն ու հրամանատարները, ովքեր շրջեցին հայ ժողովրդի պատմության անիվը դեպի վերատիրացումը կորսված հայրենիքի»,-ասել է նա։

Ստորև ներկայացնում ենք «Հայի ոգի» ստեղծագործությունը․

«Ինչպես փառապանված հերոսներ անմահ

Դուք եկաք անձայն, խոնարհ ու վստահ,

Թվաց, թե անձայն, բայց ոգու ձայնով,

Դարերից եկած վրեժի կանչով։

Այդ ձայնից անգամ սարերը խրոխտ

Խոնարհվում էին․ կարծես ողջունում

Տիրոջն իրական, կարոտով անհուն։

Ձեր ոգու ձայնը անցյալից եկած

Դեռ պետք է ճախրի դարեր ու դարեր,

Դեռ պետք է ծնվեն քաջեր հայկազուն

Եվ պիտի կոչվեն Լեոնիդ, Մոնթե,

Թաթուլ և Աշոտ, Վլադիմիր քաջ»։

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, 2003 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ։

Անազատության մեջ գտնվող դատապարտյալը ձեռքերը ծալած չի նստել։ Այսօր Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս։ Ազատ արձակվելուց հետո նա ապահովվելու է աշխատանքով։ Պատժի կրման տարիներին ամուսնացել է:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest