ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․

«Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Հանձնաժողովը միաձայն քվեարկեց կողմ։ Շնորհակալություն կենդանասերների կազմակերպություններին, շնորհակալություն մեր հանրությանը, որ անհամբեր սպասում է այս օրենքի ընդունմանը, եւ շնորհակալություն հանձնաժողովի բոլոր անդամներին։
Իմ դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ավելի շատ մարդու՝ մարդ տեսակի եւ մարդ մնալու մասին է, եւ ես պարզապես երջանիկ եմ, որ մենք կարողացանք պահպանել մեր տեսակն ու պաշտպանել կենդանիներին տարատեսակ անասուններից»,-այս մասին գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ օրենքի նախագիծը․

Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

  1. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
    2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
    3) շահադիտական դրդումներով,
    4) առանձին դաժանությամբ,
    5) խուլիգանական դրդումներով,
    6) անչափահասի ներկայությամբ՝
    պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest