Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամո մականունով, շարունակում է օգտվել մեր հեղափոխական իշխանության հովանավորությունից: Նա և նրա ընտանիքի անդամները թե օլիգարխիկ վարչապետ Կարեն Կարապետյանի, թե քայլով իշխանության ղեկին հասած Փաշինյանի օրոք իրենց անպատիժ են զգում: Ասվածի ապացույցն այն է, որ նախաքննության մարմինը մինչ օրս չի հարցաքննել Կարապետյանին, իսկ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որը քրեական այս պատմության գլխավոր հերոսն է, քննիչների ներկայությամբ բռունցքներով հարձակվել է իրեն շորթման ու ծեծի մեջ մեղադրող գործարար Վահե Պարազյանի վրա, իսկ քննիչները, ինչպես պնդում է գործարարը, նույնիսկ փորձել են իրեն համոզել, որ միջադեպը չարձանագրվի:
Հիշեցնենք, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդոին՝ Նարեկ Կարապետյանը մեղադրվում է շորթման համար: Գործը հարուցվել էր հունիսին Forrights-ի «Թիկնապահներով ծեծի ենթարկելու ժամանակը վերադարձել է» հրապարակումից հետո: Այն ժամանակ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Վահե Պարազյանը մեզ էր դիմել և հայտնել էր, որ Կարեն Կարապետյանի որդին ՝ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահների հետ ծեծի է ենթարկել իրեն:
Ահա, ինչպես է ներկայացնում միջադեպը Վահե Պարազյանը.
«Նարեկը երբ մտավ, ինձ ասեց․ «Ինչի ես քեզ տենց ինքնավստահ պահում»։ Քննիչի աշխատասենյակում, առերեսման ժամանակ Նարեկը ինձ հարցրեց, թե ինչու եմ ես այդքան վստահ իմ ասածի մեջ, որ երեևի, ինձ լավ նախապատրաստել են, իսկ ես պատասխանեցի, որ բավական վստահություն ունեմ և ոչ մեկի օգնության կարիքը չունեմ։ Ասեցի՝ իսկ քեզ քո հորեղբայրն է լավ պատրաստել, երևի: Դրանից հետո նա հարձակվեց ինձ վրա բռունցքներով և հայհոյելով: Նրա փաստաբանները փորձում էին նրան զսպել, բայց նա հասցրեց հարվածել դեմքիս, երկրորդ անգամ էլ հարձակվեց ինձ վրա, ես պատասխանում էի նրա վիրավորանքներին միայն բառերով: Քննիչը չէր ուզում սա արձանագրեր, բայց ես պնդեցի, որ այս ամենը արձանագրվի և հայտարարություն գրեցի այդ մասին», — ասում է գործարարը։
Նարեկ Կարապետյանի շահերը պաշտպանող Արմեն Ֆերոյանը հերքում է, որ առերեսման ժամանակ Նարեկ Կարապետյանը հարվածել է Պարազյանին։ Նա վստահեցնում է, որ եղել են փոխադարձ վիրավորանքներ։ «Վահե Պարազյանը վիրավորանք հասցրեց, որոնք անպատասխան չմնացին։ Հարված չի եղել։ Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են ու չեն համապատասխանում իրականությանը», — ասում է Արմեն ֆերոյանը։
Պարազյանի և Կարապետյանի եղբորորդու միջև հին հաշիվներ են: Օլիգարխիկ ընտանիքը Տաշիր Սամոյի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ՌԴ չինովնիկների հետ կապերն օգտագործելով, ըստ Վահե Պարազյանի, խլել է նրա բիզնեսը, սակայն դրանով չեն բավարարվել: Արդեն Հայաստանում կոշտ բռնություն կիրառելով, ահաբեկելով ու ծեծելով՝ Պարազյանից պահանջել են նրանից 10 հազար դոլար, ասելով «երկու տարում ինչ փող որ աշխատել ես, էդ էլ մեզ պետք է տաս»։
Այս խոսակցությունն ավարտվել է նրանով, որ Վահե Պարազյանը կապտուկներով տեղափոխվել է հիվանդանոց: Ի դեպ, ծեծողներին մինչ օրս նույնիսկ մեղադրանք առաջադրված չէ։ Նարեկի հետ առերևեսման ժամանակ նրանք կանգնած են եղել դրսում։
«Քննիչներից մեկն էլ հետները կանգնած, ծխախոտ էր վառում», — հիշում է Վահեն։ Վստահեցնում է, որ զանգել է քննիչներին, ասել է, որ իրեն ծեծող տղաները դրսում են կանգնած, սակայն ստացել է «զրո» արձագանք։
«Իմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազություն։ Մի խոսքով, շատ հիասթափված եմ քննիչների պահվածքից։ Նրանք կոծկում են Սամվել Կարապետյանի հարազատին։ Բայց գնալու եմ մինչև վերջ։ Բոլորը պատասխան են տալու», — ասում է գործարարը։
Նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը շեշտում է, որ Սամվել Կարապետյանի հարցաքննությունը հետաձգում են։ «Մինչդեռ, նա ենթադրվող կասկածյալ անձանցից մեկն է, ում տուժողը մեղադրում է իր դեմ ծեծկրտուք ու շորթում կազմակերպելու մեջ։ Եթե մարդուն ուղիղ մեղադրում ես, նաև նրա շահերից է բխում, որ քննես ու պարզես հակասությունները։ Դա գործի շահերից է բխում, մինչդեռ և քննիչը, և դատախազությունը գտնում են, որ ներկա պահին տակտիկական տեսանկյունից նպատակահարմար չի նրան քննելը։ Սա արդեն դարձել է ձեռագիր», — ասում է փաստաբանը։
Ըստ Սաֆարյանի,, չի ապահովվում նաև Վահե Պարազյանի անվտանգությունը։ «Մարդը ռեալ վտանգ է զգում։ Սամվել Կարապետյանի հնարավորությունների սահմանն է մեծ, և սովորական միջոցներով այս խնդիրը չի լուծվի։ Ինչո՞ւ են ուզում վատ բան կատարվի,որ միջոցներ ձեռնարկեն»։
Սեդա Սաֆարյանը դիմել է ԱԱԾ Վահե Պարազյանի անվտանգությունը ապահովելու միջոցներ ձեռնարկելու պահանջով։ սակայն ոչ իր բողոքի, ոչ էլ ԱԱԾ դիմումի պատասխանը չունի։
Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը չի ընդունում իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքները։ Ասում է, որ և շորթման, և ծեծի մասին տեղեկությունները նույնպես սուտ են։ «Ինձ թվում է, բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունը բոլոր հետաքրքրող հարցերին վերջնականապես պատասխաններ կտա»։ Forrights.am-ի հարցին, թե իր կարծիքով, կա անհրաժեշտություն հարցաքննելու Սամվել Կարապետյանին, Արմեն Ֆերոյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման կարծիք հայտնել»։
Քննչական կոմիտեից հերքում են, որ նախաքննության մարմինը հովանավորում է մեղադրյալին։ Forrights.am-ի հարցմանը ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնեց․
«Քննչական կոմիտեի ՀԳԿ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է գործի քննությունը: Վահե Պարազյանի հայտարարությունը, թե քննիչները պաշտպանում են գործով մեղադրյալ Կարապետյանին իրականությանը չի ամապատասխանում: Կարապետյանը գործով մեղադրյալ է և այս հանգամանքն արդեն խոսում է քննիչի կողմից գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու շահագրգռվածությունը: Նշեմ նաև, որ եթե որևէ քննիչի գործողություններից ունեն դժգոհություններ և դրա ապացույցները, թող ներկայացնեն իրավապահ մարմիններին»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: