Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Սիզնզ» սրճարանում, որը վերջերս բացվել է Մաշտոցի պողոտայում։

«Տաշիր Սամո» մականունով օլիգարխի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդու, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահների հետ օրերս ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին։ Այդ մասին մեզ հայտնեց Վահե Պարազյանը։ Նա ընկել է հիվանդանոց։ Դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է քննչական կոմիտե։

Վահե Պարազյանը և  Սամվել Կարապետյանը Ռուսաստանում վաղեմի մրցակիցներ են։ Պարազյանը շինարարական բիզնես է ունեցել, որը ըստ նրա, Տաշիր Սամոն իրենից խլել է ՌԴ-ում ընդունված «рейдерский захват» կոչված սխեմայով, երբ գործի են դրվում պետական չինովնիկների հետ ունեցած սերտ կապերը։

«Սամվել Կարապետյանը մի օրվա մեջ մեզանից մեր բիզնեսը խլեց։ Ուղղակի ասեց՝ դուք այս բիզնեսով չզբաղվեք, դուրս եկեք, գնացեք, թե չէ Ձեզ համար վատ է լինելու — վերհիշում է Վահե Պարազյանը երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները,

Իմ հայրը Սամվել Կարապետյանի հետ մոտիկ էր։ Ինձ անձամբ ինքը մոտեցավ ու ասեց՝ կամ սենց ա լինելու, կամ նենց։ Իրենք իրենց կապերը Ռուսաստանի իշխանության մեջ օգտագործեցին, տենդերներում պետական մաշտաբով հաղթեցին, իմ պայմանագրերը, գործընկերներին իրենցով արեցին, ինձ ֆուկ արեցին»։

Առանց  բառ ասելու, ինձ ծեծեցին, նստեցրին ավտոները,  գնացին

Հեղափոխությունից առաջ Սամվել Կարապետյանը նույն անսահման իշխանությունն ուներ Հայաստանում։ Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ սերտ հարաբերություններն օգտագործելով, անխոցելի օլիգարխներից էր համարվում։ Հեղափոխությունից հետո Վահե Պարազյանը տեղափոխվեց Հայաստան, հույսով, որ Տաշիրի ժամանակներն անցել են, և նա կարող է իր ընտանիքի հետ հանգիստ ապրել, աշխատել, շնչել Հայաստանում ու ի նպաստ Նոր Հայաստանի։

«Ես հասկացա, որ ստեղ ինձ ավելի ապահով կզգամ։ Մի տարի հանգիստ ապրել եմ, բայց մի քանի օր առաջ ֆիթնես կլուբից դուրս եմ գալիս,  վարորդիս եմ սպասում դրսում, մեկ էլ 2 մեքենա կանգնեցին մոտս։ Մեկը հետևիցս ձեն տվեց, պտտվեմ, տեսնեմ՝  իրա եղբոր որդին ա, Նարեկը, ախրաննիկներով։ Առանց բառ ասելու, ինձ ծեծեցին, նստեցրին ավտոներ, գնացին։

Ես իրա համարը ճշտեցի, զանգեցի «Սիզոնս», ասեցի՝  գալիս եմ ձեր մոտ, հասկանամ, ինչի մասին ա խոսքը։ Գնամ, տեսնեմ, մի 100 հատ ախրաննիկով «ցեպիտ» են արել, բա դուք մեզ 10 հազար դոլար եք պարտք, մենք բիզնեսդ վերցրել ենք, բայց դու էդ ընթացքում փող ես աշխատել, 10 մլն դոլար, էն որ նախկինում ես աշխատել եմ։ Ասում են՝ 2 տարում ինչ փող որ աշխատել ես, էդ էլ մեզ պետք է տաս»։

«Իմացի, մեր լծակները ստեղ ուժեղ են»

Սրանով բանակցությունները Նարեկ Կարապետյանի և Վահե Պարազյանի միջև չեն ավարտվել։ Երիտասարդը, ըստ գործարարի, ճշտումներ է արել «հոպարի» հետ։  «Ասում եմ, բայց խ՞ի ես պետք է ձեզ տամ էդ փողը։ Ասում ա՝ սենց ա, իմացի, մեր լծակները ստեղ ուժեղ են, դու, ծնողներովդ, ընտանիքով պրոբլեմ ես ունենալու։ Հոպարը ասեց, սենց ա, դուք ունեք մի տարբերակ՝ մենք ստեղ ֆոնդ ունենք, Արցախի ֆոնդ, պետք ա էդ ֆոնդին 10 մլն դոլար փող փոխանցեք»։

Վահե Պարազյանը կապտուկներով տեղափոխվում է հիվանդանոց։ Հիվանդանոցից ահազանգում են ոստիկանություն։ Ոստիկանությունը գործ է հարուցում։ Բայց Նարեկ Կիրակոսյանին չեն կալանավորել։ «Գործը երեկ ենք ստացել, պետք է ծանուցում ուղարկենք, գան առերես հարցաքննենք, ինչպե՞ս ձերբակալենք», — ասում է իրավապահ մեր աղբյուրը։ Պարազյանը համոզված է, որ պատճառը այլ է։ «Չեն ուզում նեղացնեն Սամվել Կարապետյանին»։ Այդ դեպքում ի՞նչ է փոխվել Հայաստանում։

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Forrioghts.am-ին հայտնեց․ «Հունիսի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեն  վարույթ է ընդունել ոստիկանությունում ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Քրեական գործի շրջանակում Վահե Պարազյանն ունի տուժողի կարգավիճակ»։

Նարեկ Կարապետյանի հետ կապվել չի հաջողվում։ Նրա փաստաբանների անունները հայտնի չեն։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest