«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով փետրվարի 18-ի դատական նիստում քննության կառնվի Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջ. Նյուտոնի գրավոր վկայությունը: Այն հայաստանյան օրենքներին համապատասխանեցնելու համար աշխատանքներ էր տանում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

ՀՀ քրդատօրի 476 հոդվածը կարգավորում է օտարերկրյա քաղաքացիների որպես վկա հանդես գալու կարգը: «Անձը, որը դատարանի կողմից ճանաչվել է որպես վկա, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին (մասնավորապես երկրից դուրս գտնվելու պարագայում), կարող է որպես վկա գործի հանգամանքների վերաբերյալ իր տեսածը կամ լսածը գրավոր շարադրել, ապա իրավասու մարմինների կողմից հաստատել(այս դեպքում հյուպատոսական ծառայության կողմից), որ դա իրոք իր կամքով է գրված եւ վավերացված է 1 իր ստորագրությամբ եւ հանձնել դատարանին»,- պարզաբանում է փաստաբան Տիգրան Ջանոյանը:

Դատարանը պարտավոր է սույն փաստաթուղթը, ի թիվս մյուս փաստաթղթերի, ընդունել որպես գրավոր ապացույց, գնահատել մյուս ապացույցների համատեքստում: Պրն Ջանոյանը մի նկատառում է հայտնում. «Նշված գրավոր նյութը տվյալ անձի անունով դատարան ներկայացնելը դեռեւս չի կարող ճանաչվել որպես վկայի հարցաքննություն եւ չի կարող այդպիսի ապացույց դիտվել դատարանի կողմից: Վկան պետք է դատարանի եւ դատավարության մասնակիցների կողմից անմիջականորեն հարցաքննվի: Այս դեպքում կստացվի դատարանում վկայից ստացված ցուցմունք, որը օրենքով ճանաչված ապացույցի տեսակ է»:

Գրավոր վկայությունը դատարանի կողմից կարող է դիտվել փաստական նյութ: «Կարծում եմ, որ այս պարագայում դատարանը պետք է ընդունի տվյալ անձի վկայության հայտը որպես դատավարական պատշաճ ցանկություն եւ նրան հարցաքննի որպես վկա: Այստեղ որեւէ խանգարող հանգամանք չեմ տեսնում»,- ասում է փաստաբանը:

Սթիվեն Ջ.Նյուտոնի գրավոր վկայությունը

«Ես, գտնվելով Հայաստանից դուրս, անում եմ սույն հայտարարությունը ներկայացնելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին՝ 2001թ. սեպտեմբերի 25-ին սպանված Պողոս Պողոսյանի սպանության քրեական գործի առնչությամբ: Սեպտեմբերի 24-ին, ժամը 9-ին գործընկերոջս հետ եկանք «Պապլավոկ» ջազ-ակումբ: Մեզ միացան մեր նկարիչ ընկերները Կիպրոսից եւ Հայաստանից: Ջազ-ակումբ ժամանեցին նաեւ Հայաստանի նախագահն ու Շառլ Ազնավուրը, որոնց ողջունեցին ծափահարություններով: Նրանք տեղ զբաղեցրեցին սրճարանի ներսում: Մենք նստած էինք դրսում՝ լճի մոտ, աստիճանների դիմաց, որը տանում էր դեպի փողոց եւ դեպի զուգարանի մուտքը:

Նախագահը, Շառլը եւ նրանց շքախումբը հեռացան 00:15-ին: Նրանց միացան մեծ թվով թիկնապահներ եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ: Երկու անձինք, որոնք մինչ այդ նստած էին ներսում, նախագահի սեղանի հարեւանությամբ հետեւեցին հեռացող շքախմբին մինչեւ աստիճանների վերջը: Երկուսն էլ լավ հագնված էին, բարձր տրամադրությամբ՝ փոքր-ինչ գինովցած: Նրանցից մեկը, (որը հետագայում ճանաչված Ստեփան Նալբանդյանն էր) փորձում էր ետ պահել մյուսին (հետագայում ճանաչված Պողոս Պողոսյանին): Ես տեսա, թե ինչպես նախագահի թիկնապահները երկուսին ետ հրեցին աստիճաններն ի վար՝ դեպի զուգարանի մուտքը: Նրանք հատկապես կոպտորեն էին հրում Պողոս Պողոսյանին:

Թիկնապահներից մեկը, որն, ինչպես հետագայում պարզվեց մամուլում տպագրված լուսանկարներից, «Կուկուն» էր, բռնելով Պողոսյանի ուսերից՝ նրան հրեց զուգարանի մուտքից ներս: Նախագահին ուղեկցողներից 5-7 հոգի արագորեն հետեւեցին «Կուկուին» եւ զուգարան մտնելով դուռն իրենց ետեւից ծածկեցին: Այդ պահին գործընկերուհիս ասաց. «Սրանք նրան կսպանեն»: Ես ասացի՝ չեմ կարող տեղում նստած մնալ եւ ոչինչ չանել կանխելու համար եւ վազեցի դեպի զուգարան:

Ներս մտա եւ տեսա ատլետիկ կազմվածքով 35-40 տարեկան մեկին, որը հարվածում էր Ստեփան Նալբանդյանին: Նա բռունցքով խփեց Նալբանդյանի գլխին: Ձախ ձեռքով բռնել էր Նալբանդյանի օձիքից եւ փորձում էր աջ ձեռքով կրկին հարվածել… Մոտ 2 մետր առաջանալով, տեսա Պողոսյանի ոտքերը՝ զուգարանի խցից դուրս: Ես ավելի մոտեցա եւ տեսա գետնին ընկած Պողոսյանին՝ դեմքը վեր, զուգարանակոնքի կողքին: Ինձ համար պարզ էր, որ Պողոսյանը դաժանորեն ծեծվել էր՝ հատկապես գլխի մասում, ձախ քունքի կողմում բութ մատիս մեծության ուռուցք կար, ինչից երեւում էր, որ նրան խփել են ատրճանակով կամ նման որեւէ բութ գործիքով:

Աչքերի շուրջ մաշկը փքված էր, ինչպես բռնցքամարտիկի դեպքում, որը մարտի ընթացքում բազմաթիվ ուժգին հարվածներ է ստացել դեմքին…Դա ահավոր տեսարան էր…Այդ պահին Պողոսյանը դեռ ողջ էր: Նրա բերանը փրփրակալած էր, խռխռացնում էր եւ ինչ-որ ձայներ էր արձակում… Ես ճանաչեցի, որ նրանք նախագահի աշխատակազմից են: Նախ, որովհետեւ նրանցից ոմանք հատուկ ռադիո-ականջակալներ էին կրում եւ հետո՝ նրանցից առնվազն մեկին ճանաչում էի դեմքով: Նրանք ինչ-որ արտահայտություններ բղավեցին թիկնապահներին՝ մի քանի անգամ կրկնելով «Բրիտանսկի… Բրիտանսկի»:

Նախագահի մարդիկ ինձ հետ խոսում էին անգլերեն… Մինչ ընթանում էր խոսակցությունը, ծեծկռտուքին մասնակցած թիկնապահները դուրս եկան զուգարանից: Ես շրջվեցի եւ աստիճանների վրա տեսա գործընկերուհուս…Խնդրեցի, եւ նա իր բջջային հեռախոսով զանգահարեց Շտապօգնություն: Այդ պահին Պողոսյանը դեռ մահացած չէր: Պապլավոկի աշխատակիցները ջուր բերեցին, Նալբանդյանը բարձրացրեց Պողոսյանի գլուխը, եւ բարձրահասակ մեկը, որն, ըստ իս, սրճարանի մենեջերն էր, ջուրը շփեց նրա վրա: Թվում է, սա նրան փոքր-ինչ վերակենդանացրեց: Րոպեների ընթացքում 2 բժիշկները ժամանեցին եւ մտան զուգարան: 1 րոպե էլ չանցած նրանք դուրս եկան եւ ասացին, որ Պողոսյանը մահացած է:

Ես սկսեցի բղավել. «Դուք ջազ եք լսում, իսկ այստեղ մարդ են սպանում»՝ հույս ունենալով, որ ներկա մարդիկ, արդարադատության նախարարը՝ ներառյալ, հետամուտ կլինեն, որ արդարություն հաստատվի: Մեկ շաբաթ անքուն գիշերներից հետո վախը սեփական անձի նկատմամբ ինձ ստիպեց լքել Հայաստանը: Երկու շաբաթից նորից վերադարձա, եւ պարզ դարձավ, որ քննությունը կատարվելու է առանց իմ մասնակցության…Ինչպես ցույց են տալիս մամուլի հրապարակումները, մասնավորապես հեռուստատեսությունը,

«Կուկուն» ստախոս է, իսկ մյուս վկաներն էլ, ըստ իս, չափից դուրս ահաբեկված են, որպեսզի ասեն ճշմարտությունը: Մասնավորապես, Ստեփան Նալբանդյանի եւ «Կուկուի» առերեսումը դատարանում, որը լուսաբանվել է մամուլում, ցույց է տալիս, որ Նալբանդյանը ճշմարտությունն է ասում, իսկ «Կուկուն» ամբողջովին կեղծ ցուցմունքներ է տալիս»:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ArmeniaWeek

Տպագրված է կրճատումներով

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest