Քիչ առաջ Ալավերդիի բնակիչներից լուր ստացանք, որ սեպտեմբերի 26-ին օրը ցերեկով   դանակահարություն է եղել և կրակոց ներ են հնչել։ Բնակիչները ահազանգել են ոստիկանություն։

Մեր տեղեկություններով, միջադեպը առնչվում է Ալավերդի քաղաքում հեղինակություն վայելող Զորիկ Շահվերդյանի հետ։ Շահվերդյանը վիճաբանություն մեջ է մտել ոստիկանների հետ, որոնք կրակոցի վայրում տեղազննություն են իրականացրել։ Զորիկ Շահվերդյանը Թումանյանում ու Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է։

«Կրակոց չի եղել, ուղղակի, նա ոստիկանին ծեծել է»,  — հայտնեց Ալավերդու մեր աղբյուրը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից։

Հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից Forrights.am-ի հարցին պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան համայնքում։

  «Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տեղի ունեցած դանակահարությունից հետո Սպանդարյան փողոցի 8 շենքի մոտ կրակում են բնակարանի վրա:

Մեկնած օպերատիվ խմբին նշված հասցեի բնակիչը հաղորդում է տվել, որ ժ.16.45-ի սահմաններում, գտնվելով իրենց բնակարանում, շենքի հետնամասից լսել է մեկ կրակոցի ձայն, սակայն ոչ ոքի չի նկատել և կարծում է, որ այդ ձայնը հնարավոր է լինի կրակոց։ Դա  կարող է կապված լինել սեպտեմբերի 21-ին որդու օրեր առաջ վիճաբանության հետ։  Քաղաքացին նշել է նաև, որ ոչ ոքի վնաս չի պատճառվել, իրենց տանը ոչ մի առարկա չի վնասվել: Հանգամանքները պարզվում են», — փոխանցեցին ոստիկանությունից։  

Հայտնեցին նաև, որ Թումանյանում տեղազննության ժամանակ ոստիկաններին է մոտեցել մի քաղաքացի և խանգարել է ոստիկանների գործողություններին։ «Քաղաքացին ձերբակալված է»։

Համադրելով ոստիկանությունից ստացված տեղեկությունները բնակիչներից ստացված տվյալների հետ, կարող ենք մոտավորապես պատկերացնել, թե ինչ է եղել իրականում։

Սպանդարյան փողոցում կրակել են բնակիչներից մեկի տան վրա։ Վերջինս ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները, գալով դեպքի վայր սկսել են զննություն կատարել։ Այդ պահին մոտեցել է Թումանյանի հեղինակություն Զորիկ Շահվերդյանը և խանգարել է իրավապահների գործողություններին։ Ոստիկանները հորդորել են նրան հեռանալ, բայց Շահվերդյանը չի ենթարկվել պահանջին և ձեռքով հարվածել է ոստիկանի դեմքին։
Նրան բերման են ենթարկվել ոստիկանություն։ 

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ հայտնեց, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։  «Քննություն է ընթանում։ Կրակոց չի եղել», — տեղեակացրեց խոսանկը։

Մենք կապվեցինք Շահվերդյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, լսելու նրա տեսակետը։ Վերջինս հայտնեց, որ նոր է մեկնում Ալավերդի, կներգրավվի և ավելի ուշ կներկայացնի իր պաշտպանյալի դիրքորոշումը։ 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest