Քիչ առաջ Ալավերդիի բնակիչներից լուր ստացանք, որ սեպտեմբերի 26-ին օրը ցերեկով դանակահարություն է եղել և կրակոց ներ են հնչել։ Բնակիչները ահազանգել են ոստիկանություն։
Մեր տեղեկություններով, միջադեպը առնչվում է Ալավերդի քաղաքում հեղինակություն վայելող Զորիկ Շահվերդյանի հետ։ Շահվերդյանը վիճաբանություն մեջ է մտել ոստիկանների հետ, որոնք կրակոցի վայրում տեղազննություն են իրականացրել։ Զորիկ Շահվերդյանը Թումանյանում ու Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է։
«Կրակոց չի եղել, ուղղակի, նա ոստիկանին ծեծել է», — հայտնեց Ալավերդու մեր աղբյուրը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից։
Հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից Forrights.am-ի հարցին պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան համայնքում։
«Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տեղի ունեցած դանակահարությունից հետո Սպանդարյան փողոցի 8 շենքի մոտ կրակում են բնակարանի վրա:
Մեկնած օպերատիվ խմբին նշված հասցեի բնակիչը հաղորդում է տվել, որ ժ.16.45-ի սահմաններում, գտնվելով իրենց բնակարանում, շենքի հետնամասից լսել է մեկ կրակոցի ձայն, սակայն ոչ ոքի չի նկատել և կարծում է, որ այդ ձայնը հնարավոր է լինի կրակոց։ Դա կարող է կապված լինել սեպտեմբերի 21-ին որդու օրեր առաջ վիճաբանության հետ։ Քաղաքացին նշել է նաև, որ ոչ ոքի վնաս չի պատճառվել, իրենց տանը ոչ մի առարկա չի վնասվել: Հանգամանքները պարզվում են», — փոխանցեցին ոստիկանությունից։
Հայտնեցին նաև, որ Թումանյանում տեղազննության ժամանակ ոստիկաններին է մոտեցել մի քաղաքացի և խանգարել է ոստիկանների գործողություններին։ «Քաղաքացին ձերբակալված է»։
Համադրելով ոստիկանությունից ստացված տեղեկությունները բնակիչներից ստացված տվյալների հետ, կարող ենք մոտավորապես պատկերացնել, թե ինչ է եղել իրականում։
Սպանդարյան փողոցում կրակել են
բնակիչներից մեկի տան վրա։ Վերջինս ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները, գալով դեպքի
վայր սկսել են զննություն կատարել։ Այդ պահին մոտեցել է Թումանյանի հեղինակություն
Զորիկ Շահվերդյանը և խանգարել է իրավապահների գործողություններին։ Ոստիկանները հորդորել
են նրան հեռանալ, բայց Շահվերդյանը չի ենթարկվել պահանջին և ձեռքով հարվածել է ոստիկանի
դեմքին։
Նրան բերման են ենթարկվել ոստիկանություն։
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ հայտնեց, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։ «Քննություն է ընթանում։ Կրակոց չի եղել», — տեղեակացրեց խոսանկը։
Մենք կապվեցինք Շահվերդյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, լսելու նրա տեսակետը։ Վերջինս հայտնեց, որ նոր է մեկնում Ալավերդի, կներգրավվի և ավելի ուշ կներկայացնի իր պաշտպանյալի դիրքորոշումը։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: