Իր տան բակում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Forrights-ին փոխանցեց նրա եղբայրը Կարեն Մխիթարյանը։ Ավելի քան 26 տարի զինվորական ծառայություն իրականացնող Արա Մխիթարյանն արդեն չորս օր է անգիտակից պառկած է Մուրացանի զինվորական հոսպիտալում։  

Արա Մխիթարյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր գլխուղեղի վնասվածքով. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով:

Եղբայրը ծեծին Վայոց ձորի մարզպետի հավանական մասնակցության մասին նշեց, որ տեղյակ չէ․ «Եղբորս կողքից տեղ չեմ գնացել, մանրամասնություններ չգիտեմ, գործի քննությունը կպարզի»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր արդեն փոխգնդապետին  իր տան բակում ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական 28-ամյա Հարություն Գրիգորյանը կալանավորվել է:

Շրջանառվում են տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է՝ այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով։

Մանրամասնենք, որ այսօր վաղ առավոտյան զորացրված սպաները հավաքվել էին Կառավարության մոտ՝ ի աջակցություն ծեծված սպայի ընտանիքին և պահանջում էին, որպեսզի Վայոց ձորի մարզպետի լիազորությունները կասեցվեն՝ գոնե մինչև գործի քննության ավարտը․

«Մենք վստահ ենք, որ նա էլ է այնտեղ եղել։ Ասում է՝ ես ապացույց ունեմ, որ այնտեղ չեմ եղել, մեր բակի տեսախցիկները ֆիքսել են, թե չէ մենք չգիտենք, որ կարող ես հետ ու առաջ անել, ջնջել այդ տեսանյութերը: Մենք պահանջում ենք արդար քննություն, եթե Արա Մխիթարյանին ինչ-որ բան պատահի, մեղավորները թող սեփական կամքով փախնեն Նախիջևան, թե չէ լավ չի լինելու»,- հայտարարեց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։

Հավաքվեծների խոսքերով՝ միջադեպի բոլոր մասնակիցները խմած են եղել, սակայն մարզպետի ընկերների խմած լինելու հանգամանքը թաքցվում է․«Մենք չենք ժխտում, բոլորն էլ խմած են եղել, բայց դա առիթ չէ, որ սպայի վրա քար շպրտեն»,- ասաց զորացրված սպաներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կասկածներ ունեն՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի մարզպետ Տրդատ Սարգսյանին հեռու պահեն այս գործից: Նրանք պահանջում են արդար քննություն, և՝ Գլխավոր դատախազն անձամբ այս գործն իր հսկողության տակ վերցնի։

Հավելենք նաև, որ օրեր առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ևս անդրադարձել էր միջադեպին, ասելով, որ  ծեծկռտուքի մեղավորներն իրենց համարժեք պատիժը կստանան․«Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով։ Անգամ փոքր կասկած թող չլինի, որ հնարավոր է կոծկումներ չլինեն։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլև կառավարության բոլոր անդամները»,-հայտարարել էր ՊՆ նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest