Օրերս հրապարակվել է Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, 1998 թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի սպանության գործով դատավճիռը:

Արամի երկու ծառայակիցները՝ շարքային Դավիթ Հարությունյանը և դիրքի ավագ, սպա Հրաչյա Հովհաննիսյանը դատապարտվել են համապատասխանաբար 12 և 2 տարվա ազատազրկման:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, Մատաղիսի զորամասում: Այդ օրը Արամ Խաչատրյանը հողային աշխատանքներ է կատարելիս եղել դիրքում: Մահվան պատճառը հրազենային կրակոցներն էին, որոնք արձակել է Խաչատրյանի ծառայակից, կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանը:

Ըստ գործի նյութերի, սպանության օրը նա դիրքում կատարել է առույգ դիտորդի՝ ՙՙբոդրյաշչու՚՚, պարտականությունները: Նախնական վարկածով, որը տարածվել էր դեպքից անմիջապես հետո, Դավիթ Հարությունյանի և Արամ Խաչատրյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել:

Դավիթ Հարությունյանը ցուցմունք է տվել, որ կրակոցներն արձակել է պատահաբար: Ըստ նրա, Արամը կատակով բահը վերցրել է, իբր՝ ուզեցել է խփի իրեն բահով, իսկ ինքը, չիմանալով, որ զենքը լիցքավորված է, բարձրացրել է այն և պատահական կրակոց է արձակել:

Նախաքննության ընթացքում  այս վարկածը փոխվել է: Փոխվել է նաև արարքի նախնական որակումը: Ի սկզբանե առաջադրված խուլիգանական դրդումներով սպանությունը դարձել է դիտավորյալ սպանություն:
Քննիչները պարզել են, որ «կատակ-կրակոց» չի եղել: Ըստ մեղադրանքի, Արամ Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին քնից արթնացրել է, ոտքից քաշելով: Դավիթ Հարությունյանը նրան հայհոյել է, իսկ Արամը հարվածել է Դավիթին, որից հետո վերջինս կրակել է:

Դատական գործի նյութերին ծանոթանալիս, պարզ է դառնում, որ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները ծառայակիցների հետ լարված են եղել: Նրան ստորացրել են, հայհոյել են, նույնիսկ հարվածել են:

Գործով մեղադրանքներ էին առաջադրվել նաև ջոկի հրամանատար Ալիկ Սարգիսջանյանին և  շարքային Սևակ Սիմոնյանին, այն բանի համար, որ նրանք հայհոյել են, իսկ Ալիկ Սարգիսջանյանը նաև հարվածել է Դավիթ Հարությունյանին` դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը

Սակայն Սարգիսջանյանի և Սիմոնյանի նկատմամբ համաներում է կիրառվել, և նրանց մեղադրանքները կարճվել են:

Ըստ Սյունիքի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի, Դավիթի և Արամի  միջև լարված հարաբերություններ են եղել, և  Արամի վրա նա կրակել է վրեժից դրդված: «Պայմանավորված վրեժի շարժառիթով,…նա իջեցրել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ЭЛ 1062 համարի ինքնաձիգի ապահովիչը, մարտական փամփուշտներով լի պահեստատուփը ամրացված վիճակում լիցքավորել այն, փողն ուղղել շարքային Ա.Խաչատրյանի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, որի արդյունքում երկու կրակոցներ է արձակել»: Ինչո՞ւ Դավիթը սպանել Արամին: Միակ պատճառը, որի  մասին նշված է դատական գործի նյութերում, դա այն է, որ Արամը Դավիթի ոտքից քաշելով, նրան արթնացրել է քնից:

Դատարանում Դավիթը պնդել է նախաքննական ցուցմունքները: նա պատմել է, որ կրակոցներն արձակել է պատահաբար, որ կատակ է արել ընկերոջ հետ: Արամը կատակով սպառնացել է իրեն, թե բահով կխփի, ինքն էլ զենքն է բարձրացրել և չիմանալով, որ այն լիցքավորված է, կրակել է:

Դավիթի  մայրը՝ Լիլիա Սարգսյանը, վստահեցնում է, որ տղան պատահական կրակոց է արձակել: 

«Միայն մեկ վկա է ցուցմունք տվել, որ Արամը ուզել է Դավիթին արթնացնել, իսկ դատարանում այդ վկան կանգնեց ու ասեց, որ տենց դեպք չէր կարող լինել, որովհետև այդ «պերեսմենկայի» ժամանակ Արամը Դավիթին քնից չի հանել», — Forrights.am-ին ասաց Լիլիա Սարգսյանը:

Նա սարսափած է որդու գլխին կախված անարդարացի պատժի տեսլականով՝ 12 տարվա ազատազրկում պատահական արձակած կրակոցի համար, առանց որևէ ծանրացուցիչ հանգամանքի:

Ո՞րն է եղել սպանության դրդապատճառը, դատավճռից հասկանալի չէ: Փոխարենը նկարագրվում է մի իրավիճակ, երբ ժամկետային զինծառայողները իրար վիրավորում, հարվածում, ծեծում են, հայհոյում են, իսկ լեյտենանտ Հրաչյա Հովհաննիսյանը որպես դիրքի ավագ չի հայտնում վերադասներին, թե ինչ է կատարվում իր դասակում: 

Դատախազ Բորիս Բախշիյանը որպես պատիժ 15 տարվա ազատազրկում էր պահանջել շարքային Հարությունյանի համար, իսկ սպայի համար, որը կատարվածի պատասխանատուն է,  նա պահանջել է ընդամենը 2 տարի: 

Կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով՝ դիտավորյրաալ սպանության և զինծառայողին վիրավորանք հասցնելու համար /Քր. Օր-ի 104-րդ հոդվածի առաջին մաս և Քր. Օր-ի 360 հոդված/: Հրաչյա Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել «Իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, կամ իշխանության անգործության» և «Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու» հոդվածներով /Քր. Օր-ի 375 մաս1, 358.1 առաջին մաս/:

«Իմ տղան դրական բնութագրեր ուներ, նա կյանքում նույնիսկ քաղմասում չի եղել», — ասում է Դավիթի մայրը: Նա համոզված է, որ կրակոցը միամիտ է ստացվել:

Դավիթ Հարությունյանի շահերը ներկայացնող Անի Թորոսյանը Forrights.am-ին հայտնեց, որ դատական նիստերի ժամանակ բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, կապված իրենց դիրքորոշման հետ: «Մեր դիրքորոշումն է, որ անզգուշությամբ կրակոց է եղել, սակայն մեր միջնորդությունները չեն ընդունվել, անզգուշությամբ արձակված կրակոցի հետ կապված դիրքորոշումը որևէ կերպ չի երևում դատավճռում», — ասում է փաստաբանը:

Նա պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել:

Սյուզան Սիմոնյանa

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest