Այսօր Կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել արդարադատության նախարարությանը գումար տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով:

Այսպիսով՝ Արդարադատության նախարարությանը կհատկացվի 720 միլիոն դրամ: ՀՀ կառավարության  որոշմամբ հաստատվել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը և չափը, համաձայն որի աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ,

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ,

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն։ «Շատ կարևոր է, որ այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ, բայց քանի որ ՄԻԵԴ-ը չգիտենք՝ երբ կկայացնի որոշում և չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում աջակցություն ցույց տալու համար: Այս որոշումը կայացնում են ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ վերջնարդյունքում այդ չափի փոխհատուցման հարցը կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, որ այդ իրադարձության մեջ ներգրավված անձինք չորոշեն չափը, քանի որ կարող են սուբյեկտիվ լինել»,-ասաց նա:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, համաձայն որոնց՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 անձ, առողջությանը ծանր վնաս է հասցվել՝ 10 և միջին ծանրության վնաս ՝ 54 անձի։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest