Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը  ինն ամսում հատկացնել 176,706 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմամբ, մասնավորապես`  «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին եւ ներքին ջրահեռացման ցանցերի,  «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում արտաքին եւ ներքին ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի կառուցման եւ կապիտալ վերանորոգման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին եւ ներքին ջրահեռացման ցանցի վերակառուցման համար հատկացվել է 39,618.7 հազ. դրամ գումար, գնումների մրցույթը կյացել է 33,000.0 հազ. դրամ գնային առաջարկով, որից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների դիմաց վճարվել է  19,785.5 հազ. դրամ, մնացած 19,833.2 հազ. դրամը վերադարձվել է պետբյուջե:

Նախահաշվով նախատեսված  շինարարական աշխատանքները ավարտելու համար 2019 թվականին անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 12,580.9 հազար դրամ:

ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման եւ կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված ՔԿ հիմնարկներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում եւ ամռան ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական եւ համաճարակային իրադրություններ առաջացնել:

Նշված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը` 176,706.2 հազ. դրամ, ըստ ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի` նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:    

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աշխատանքներն այս տարի կավարտվեն եւ ստանալով պատասխան, որ պետք է մրցույթ հայտարարվի, ասաց. «Դե ուրեմն գնաց… նոր քրեակատարողական հիմնարկն ավելի շուտ կկառուցենք, քան այս վերանորոգումը»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest