«Ամիսներ տևած իրավական գործընթացի ադյունքում մենք կարողացանք ժխտել ՊՆ-ի առաջ քաշած կեղծ մեղադրանքը»
«8 ամիս մենք ստանձնեցինք զինծառայողի իրավունքների պաշտպանությունը, 8 ամիս մեր շատ դաժան պայքարի արդյունքում հասանք նրան, որ ապացուցեցինք Յուրիկ Բրոյանի անմեղությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանն անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից «սիմուլյանտ» որակավող Յուրիկ Բրոյանի գործին`ընդգծելով, որ ամիսներ տևած իրավական գործընթացի ադյունքում իրենք կարողացան ժխտել ՊՆ-ի առաջ քաշած կեղծ մեղադրանքը․
«Յուրիկ Բրոյանը զորակոչվել էր բանակ՝ որպես թույլ մտավոր հետամնացություն ունեցող անձ։ Երևի մեծ արձագանքն էր պատճառը, որ ՊՆ նախարարն ինձ տեսնելուն պես հայտարարեց՝ Ձեր աշխատանքի արդյուքում մենք ուզում ենք հրաժարվել բանակ զորակոչել մտավոր խնդիրներ ունեցող անձանց։ Նախագիծը ներկայացվեց Կառավարություն և ընդունվեց»,- նշեց իրավապաշտպանը և հավելեց, որ այս պահին Բրոյանը հոգեբանական շատ մեծ տրավմայի մեջ է․
«Երկու օր առաջ զանգեց Յուրիկի մայրը և ասաց, որ տղան ամբողջ օրը լաց է լինում, հիշում է իր բռնության տեսարանները։ Նախարարությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս իրավիճակի համար»։
Կազմակերպության փաստաբան, Յուրիկ Բրոյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը հավելեց, որ իր վստահորդն այս պահին մեկամսյա արձակուրդի մեջ է գտնվում, որի լրանալուց հետո՝ սահմանված կարգով կզորացրվի։
«Քննչական կոմիտեի ֆանտազիան սպառված է, սա մի խայտառակ վարկած է, թրիլլեր, որ նրանց մտածել են ընտանիքին ճնշելու համար»
«Ես հիմա կարող եմ հայտարարել, որ Վոլոդյա Գալոյանին սպանել են բանակում։ Համարում եմ, որ Քննչական կոմիտեի ֆանտազիան սպառված է, սա մի խայտառակ վարկած է, թրիլլեր, որ նրանք մտածել են ընտանիքին ճնշելու համար։ Մի վարկած են մտածել ու հիմա չեն կարողանում էդ վարկածի տակից դուրս գալ»,- անդրադառնալով նախորդ ամիս Արցախի N զորամասում մահացած շարքային զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքին, նշում է Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, Վոլոդյա Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և փախել դիրքից։ 4 ժամ անց 50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Գալոյանի դին՝ կզակից կրակված:։
Վոլոդյայի ծնողները դիմել են ՀԿ-ին՝ քրեական գործին փաստաբան ներգրավելու համար, սակայն դեպքից 37 օր անց, Վոլոդյան դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Հայարփի Սարգսյանի պնդմամբ՝ սա բացառիկ դեպք է, երբ խախտվում է անձի կյանքի իրավունքը, բայց նրան որևէ կարգավիճակ չի տրվում․
«Մենք մի շարք միջնորդություններ ունենք, որ պետք է ներկայացնենք, բայց այս պահին զրկված ենք դրանից։ Որքան շատ է երկարում գործի քննությունը, այնքան ավելի է հեշտանում վերացնել գործով առկա ապացույցները»,- ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին այս իրավիճակը Մարտ 1-ի դեպքերն են հիշեցնում։ Ըստ նրա, մեկ էլ 11 տարի առաջ էր, երբ գործով անցնող 10 զոհերին տուժողի կարգավիճակ չէր տրամադրվում։
«Գլխավոր դատախազությունը որևէ վերահսկողություն չունի զինվորական դատախազության վրա։ Մի ամբողջ կառույց անգործության է մատնված․ որքան անմարդկային, այնքան իրենց ուժեղ են զգում։ Մարդիկ իրենց տղային ուղարկում են հայրենիքի համար ծառայելու, մեկ էլ իմանում են, որ հերիք չի սպանվել է, մի հատ էլ հանցագործ է,- վրդովված նշում է իրավապաշտպանը,- Ամենաանբարո առաջարկը, որ մենք ստացանք Քննչական կոմիտեի քննիչից այն է, որ ծնողներին ուզում են հարցաքննել որպես վկա»։
Այս օրերի ընթացքում Գալոյան ընտանիքին որևէ մեկը չի զանգահարել, քննչական մարմինները որևէ ձևով կապի մեջ չեն մտել ընտանիքի հետ։
«Սա նշանակում է, որ նրան սպանել են, իրական հանցագործության գործիքը վերացրել և իմիտացիա ստեղծել՝ ինքնասպանություն համար»
Ասուլիսի ընթացքում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և փաստաբան Հայարփի Սարգսյանն անդրադարձան նաև զինծառայողներ Գևորգ Հարոյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Գասպարյանի մահվան դեպքերին, որոնց գործերի քննությունն այս պահին ընթացքի մեջ են։
«Ամիսներ առաջ գենետիկական փորձաքննությունը հաստատեց, որ Գևորգ Հարոյանը չէր կարող ինքն իրեն սպանել։ Անցել է 7-8 ամիս, բայց նախաքննական մարմինը՝ ստանալով այդ արդյունքները, չի անդրադառնում սպանության վարկածին և քննությունը շարունակում է անցկացնել ինքնասպանության վարկածով, ինչը պարզապես զավեշտալի է»,- նշեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչած Հայարփի Սարգսյանը։
Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահից 1,5 տարի անց է միայն փաստաբան Սարգսյանի միջնորդությունն ընդունվել ու դեպքի վայրից է հայտնաբերված գնդակն ուղարկվել դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ գնդակի վրա բացակայում է Անդանիկի մաշկից և ուղեղանյութից որևէ հետք․
«Սա նշանակում է, որ նրան սպանել են, իրական հանցագործության գործիքը վերացրել և իմիտացիա ստեղծել՝ ինքնասպանություն համար։ Էական հանգամանքները քննչական մարմինների կողմից շարունակվում են անտեսվել, և այս մասով որևէ պատշաճ վերահսկողություն չկա»,- ասաց փաստաբանը։
Պատշաճ քննություն չի իրականացվում նաև զինծառայող Արթուր Գասպարյանի գործով։ Հայարփի Սարգսյանի խոսքով, հանգամանքը, որ զինծառայողը չէր կարող 2 անգամ կրակել իր բերանի մեջ՝ արձակելով մենահատ կրակոցներ, կասկած չի հարուցում վարույթն իրականացնող մարմնի մոտ․
«Ըստ քննիչների, հնարավոր է ինչ-որ մեկը դեպքի վայրից վերցրել է այդ զենքը, ևս մեկ կրակոց արձակել՝ այն դնելով մենահատ կրակոցների ռեժիմի վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը մի դեպքում ընդունում և հաստատված է համարում այն հանգամանքը, որ դեպքի վայրում սպանության գործիքը ձեռք են տվել և կրակոց արձակել, մյուս դեպքում ամեն կերպ հիմնավոր համարում անհիմն և անհնարին ինքնասպանության կեղծ վարկածը, թե Արթուր Գասպարյանն իր բերանի մեջ 2 անգամ է կրակել»:
«Հայաստանում դեռևս կեղծ հայրենասիրության մթնոլորտն է։ Բանակ, սեր, կենացներ․․․բայց իրականությունն այլ է»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատելու է բանակում մարդու կյանքի իրավունքը, սակայն մինչ օրս վարչապետը չի անդրադառնում բանակում մահվան դեպքերին, որոնք վերջին երկու ամիսներին աճել են․
«Ես չգիտեմ, թե ինչու է լռում վարչապետը, բայց շատ վատ է անում, որ լռում է։ Եթե դուք ձեր որդիներին զորակոչել եք բանակ, ուրեմն հավասար պայմաններ պետք է ստեղծեք նաև բոլոր զինվորների համար։ բոլորը պետք է ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։ Մեր այս գործերը ցույց տվեցին, որ Քննչական կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հանցավոր համագործակցության մեջ են,- հայտարարեց իրավապաշտպանը՝ հավելելով,- Հայաստանում դեռևս կեղծ հայրենասիրության մթնոլորտն է։ Բանակ, սեր, կենացներ․․․բայց իրականությունն այլ է»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: