Քննիչները զինծառայողների հարազատներին «հանգստացնում են»․ «Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է»․

«Զինծառայող Արթուր Գասպարյանի սպանության դեպքով, միակողմանի քննություն է տարվում։ Նախաքննական մարմինն ամեն կերպ ջանացել է սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն՝ ցույց տալով գործով իր շահագրգռվածությունը»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Մայիսի 4-ի գիշերը, ժամը 01:10-ի սահմաններում մարտական հենակետում հայտնաբերվել էր 1 տարի 4 ամսվա զինծառայող Արթուր Գասպարյանի անշնչացած մարմինը։ 20-ամյա զինծառայողը հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից:  Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով: Քննիչները, սակայն, Գասպարյանի հարազատներին «հանգստացնում են»․

«Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է»։

Նրա մահից 21 օր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագ, պայմանագրային սերժանտին։ Նա կասկածվում է երկու դրվագով հանցագործություն կատարելու մեջ` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝ պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ, և 360-րդ հոդվածի 2-րդ մաս` Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Արարքը պատժվում է առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:

«Քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր»,- ասված էր ՔԿ հաղորդագրությունում:

«Մեկ կրակոցից հետո Արթուրն ուղղակի չէր կարող ողջ մնալ և երկրորդ կրակոցն արձակել»

Համաձայն Արթուր Գասպարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, նրա մահը վրա է հասել կենդանության օրոք ստացված վնասվածքներից՝ գնդակներով լիցքավորված հրազենյանին զենքից արձակված կրակոցների հետևանքով։ Փորձագետ Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում «կրակոցներ» բառի վրա․

«Դատաբժիշկը չի նշում, թե քանի կրակոց է եղել, բայց դիտարկելով դեպքի վայրի զննության արձանագրությունը, պարզ է դառնում՝ առնվազն 2 կրակոց է եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 պարկուճ, իսկ ձգաբան-փորձագետը հաստատում է, որ այդ 2 պարկուճներն էլ կրակվել են Արթուր Գասպարյանին ամրակցված գնդսացրից։ Միաժամանակ ձգաբան-փորձագետը հայտնում է, որ գնդացիրը դրված է եղել մենահատ կրակոցների ռեժիմի վրա, ինչը նշանակում է, որ Գասպարյանը չէր կարող 2 կրակոց արձակել իր բերանի ուղղությամբ։ Դատաբժիշկն իր հերթին արձանագրել է, որ զինծառայողի մոտ եղել է գլխի բազմաթիվ ծանր, կյանքի հետ ոչ համատեղելի վնասվածքներ, ինչն ապացուցում է, որ մեկ կրակոցից հետո Արթուրն ուղղակի չէր կարող ողջ մնալ և երկրորդ կրակոցն արձակել։ Սա փաստում է՝ Արթուր Գասպարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են»,- նշեց փորձագետը։

Ռուբեն Մարտիրոսյանի պնդմամբ, համալիր փորձաքննությունը թերի է կատարվել, քանի որ պետք է ավելացվեր նաև հագուստների դատահետքաբանական և զենքի մատնադրոշմային փորձաքննությունները։ Մասնավորապես, քննիչն արձանագրել է, որ 6 զինծառայողների մարմնի մասից վերցված խծուծների վրա կրակոցներին արգասիքների մեջ մտնող վառոդային մրի հետքեր, վառոդային կիսաայրված մասնիկներ, ինչպես նաև քսայուղերի հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն, այդ անձանց վրայից հայտաբերվել է պղնձի մետաղացման հետքեր, որոնք առաջանում են կրակոցից հետո՝ փոշու հետևանքով․

«Այդ զինծառայողները եղել են դեպքի վայրում, բայց քննիչը կոծկում է փաստը։ Նույն օրը «Իջևան» ԲԿ-ում կատարվել է դիակի զննում, որի ժամանակ Գասպարյանի մարմնի վրա, բացի բերանի խոռոչի և գլխի գագաթային ելքի հատվածների միջանցիկ վնասվածքներից, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Այնինչ, ըստ դատաբժշկի եզրակացության,  Գասպարյանի ձախ դաստակի և ուսաբազկի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, որոնք առաջացել են բութ առարկաների ներգործության հետևանքով։ Փաստերը ցույց են տալիս, որ քննչական խումբը միտում ունի գործը կոծկելու»,- ասաց փորձագետ Մարտիրոսյանը։

«Ինքնասպան լինողը ո՞նց կարար երեկոյան 11-ին քրոջ ու հոր հետ խոսեր՝ կիրակի օրվա մեր զորամաս գնալուց»

Արթուրի ինքնասպանության վարկածն ընտանիքը ևս կտրականապես մերժում է։ Արթուրի մայրը՝ Մարինե Գասպարյանը  նկատում է, որ 2 մետր հասակ ունեցող թիկնեղ տղան չէր կարող ուղղակի վերցնել ու ինքնասպան լինել, մանավանդ այն դեպքում, երբ զորացրվելուն գրեթե կես տարի էր մնացել․

«Ինքը մեկ կամ վեց ամսվա ծառայող չէր, որ ասեինք` դե չդիմացավ, ինքնասպան եղավ։ Ինքնասպան լինողը ո՞նց կարար երեկոյան 11-ին քրոջ ու հոր հետ խոսեր՝ կիրակի օրվա մեր զորամաս գնալուց: Ծնողներին սպասողը ինքն իրեն խփո՞ւմ ա։ Արթուրն արդեն 1 տարի 4 ամիս ծառայության մեջ էր ու վաղուց էր անցել բանակային կյանքին հարմարվելու բարդ շրջանը»,- իր խոսքում նշում է Մարինե Գասպարյանը:

Գասպարյանները ճանաչվել են տուժող կողմի իրավահաջորդներ, իսկ նրանց ներկայացուցիչը՝ փաստաբան Հայարփի Սարգսյանն է։ Forrights-ի հետ զրույցում վերջինս հայտարարեց՝ առկա եզրակացությունները բավարար հիմք են տալիս եզրահանգելու, որ Արթուր Գասպարյանին սպանել են, քանի որ նա մահացել է ոչ թե մեկ կրակոցից, այլ կրակոցներից:

«Գտնում եմ, որ սույն գործի քննությունը պետք է ընթանա սպանության վարկածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, ուստի, պատրաստվում եմ վարույթն իրականացնող մարմնին այդ մասով ներկայացնել միջնորդություն»,- նշեց փաստաբանը։

Հավելենք, որ օրեր առաջ բանակում զոհված և այդ դեպքերն «ինքնասպանություն» որակված շուրջ 10 զինծառայողների ծնողներ հանդիպեցին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պահանջում էին իրենց որդիների վրայից հանել «ինքնասպանության կեղծ պիտակը» և արդար դատաքննություն իրականացնել կատարված սպանությունների գործով։ Ծնողների թվում էր նաև Արթուր Գասպարյանի հայրը՝ Արտյոմ Գասպարյանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest