ՀՀ Վճռաբեկ դատարանը օրերս մերժել է Կենտրոնական հավաքակայանից զորամաս հասնելու ճանապարհին մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի ծնողների բողոքը, որոնք բողոք էին ներկայացրել նորակոչիկի մահվան մեջ մեղադրված բժիշկների արդարացման դեմ:

Այժմ հուսահատ ծնողները պատրաստվում են դիմել Եվրադատարան: «Պետք է անպայման բողոքարկենք, որովհետև էս լռելու հարց չի: Ախր ոչ մի փաստարկ, ապացույց, վկայություն չի փոխվել գործում, նոր վկա չկա, բայց էդ մարդիկ արդարացվել են»,- Forrights.am-ի հետ զրույցում դժգոհեց մահացած զինվորի մայրը՝ տիկին Կարինեն:

Իրենց տղայի՝ նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան համար դատապարտված բժիշկների արդարացման մասին մամուլով պատահաբար տեղեկանալուց հետո մահացած նորակոչիկի ծնողները դիմել էին վարչապետին՝ ընդունելություն խնդրելով նրանից, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չեն ստացել Նիկոլ Փաշինյանից: 

«ՊՆ-ն արդեն չի էլ ուզում ընդունի ծնողներին, կալիդորից ճանապարհում ա, թե՝ մենք ոչ մի բանի իրավասու չենք: Իրավասու են երեխեքին տանելու, բայց մնացած հարցերում օգնելու իրավասու չեն: Էլ չեն ասում, որ ամեն ընտանիքից պետք ա փոփոխությունները սկսվի: Ոչ թե՝ մեղավորները գնան, նստեն պաշտոն վայելեն, ավելի շատ գումարներ վաստակեն, մենք էլ կիսատ մարդ դարձած աշխատենք, որ էս հայրենիքի համար երեխա պահենք»,-սրտնեղեց հուսահատ ծնողը՝ հավելելով, որ դիմել էին ՊՆ-ին՝ փաստաբանի համար գումար խնդրելով:

Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին, առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանը վատացել և հոսպիտալում հանկարծամահ էր եղել:

Կենտրոնական հավաքակայանում պատվաստումների ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ էր զգացել, փսխել էր, սակայն նրան չէին վերադարձրել Երևան, այլ այդ վիճակում տեղափոխել զորամաս: Զորակոչվելուց 48 ժամ հետո Նորայրը մահացել էր:

Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չորս բժշկի 4-ական տարով դատապարտել էր անազատության, սակայն «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման կիրառմամբ նրանց ազատել էր պատժից:

Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել բժիշկներ Կարեն Ջուլհակյանին (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանին, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանին, Իվանովոյի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցին (314-րդ հոդվածով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով):

Այս տարվա փետրվարի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել էր մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով 4 տարի ազատազրկման դատապարտված և համաներումով ազատված զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին և թերապևտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանին։ 

Իսկ մինչ դատարանով արդարացումը, անցյալ տարվա օգոստոսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարված մրցույթի արդյունքում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Չհերքվեցին մամուլի տեղեկությունները, որ Դավիդյանցը Արսեն Թորոսյանի մտերիմն է: 

Նշանակման պահին Մհեր Դավիդյանցը 2012-ին մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով պայմանական ազատազրկված և համաներված է եղել: Իսկ արդարացվել է արդեն որպես պաշտոնյա:

«Ուղղակի չհասկացանք՝ ինչ կատարվեց, որ այսքան տարվա դատավարությունից հետո միանգամից անմեղացան: Դա չկարողացանք հասկանալ: Բոլոր փաստերը իրենց դեմ են, երկու անգամ դատաբժշկական փորձաքննություն է եղել, որն ապացուցել է իրենց մեղավորությունը, բայց իրենք արդարացել ու պաշտոններ են վայելում»,-Forrights.amի հետ զրույցում տարակուսանք հայտնեց մահացած նորակոչիկի մայրը՝ տիկին Կարինեն՝ շարունակելով.

«Մենք 6 տարի պայքարում ենք: Իրենք ճանաչվել են մեղավոր: Հետո միանգամից, առանց մեզ տեղյակ պահելու, այն դեպքում երբ ամուսինս որդուս իրավահաջորդն է, իրենց արդարացրել են և մենք դրա մասին պատահաբար իմացել ենք ինտերնետի լուրերից»: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ արդարացված Արկադի Չախոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության մեջ գտնվելով ՊԲ  զորամասում որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, իսկ 20.12.2012թ. նաև զբաղեցնելով թերապևտիկ բաժանմունքի պետի պաշտոնի ժամանակավոր կատարողի պաշտոնը,կոչումով լեյտենանտ, 22.12.2012թ. զորամասում որպես հերթապահ բժիշկ, հերթապահություն իրականացնելիս անփույթ վերաբերմունք էր ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանք։

Իսկ արդարացված Մհեր Դավիդյանցին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության մեջ գտնվելով ՊԲ զորամասում որպես բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ, 22.12.2012թ. անփույթ վերաբերմունք էր ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանք։

Մհեր Դավիդյանցն այժմ Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն է: «Ուղղակի Արա Ասոյանը չկա, մահացավ, ինքն էր վկայություն տվել, որ երեխու հետ ամեն ինչ նորմալ է եղել ու իրենք եթե ցանկություն ունենային, կարող էին փրկեին տղայիս»,-ասաց տիկին Կարինեն՝ շարունակելով.

«Չեն արել ու դա իրենց մեղքն է: Հիմա էդ նույն մարդը նստել է Ասոյանի տեղը՝ Ինֆեկցիոնի պետ: Առողջապահության նախարարի եղբոր մոտ ընկերն է, ինչ ա եղել որ: Դարձավ Ինֆեկցիոնի պետ, Ասոյանի տեղը նստեց, նույն Ասոյանի, որ իրենց մեղավոր էր համարել»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ Դավիդյանցի նշանակման հետ կապված իրավական խոչընդոտ չկար. քանի դեռ դատարանի վերջնական դատավճիռը չկա, մարդն անմեղ է համարվում: «Չնայած բժիշկների դեպքում մի քիչ կասկածելի է, քանի որ ի վերջո իր մասնագիտական գործունեությունն է կասկածի տակ դրվել»,-նշեց իրավապաշտպանը:

Նրա համար կատարվածը զարմանալի չէ. «Այն, որ դատարանները մեզ մոտ դատարան չեն ու մինչ այսօր որևէ մեկը զինվորի մահվան համար պատշաճ, իր արաքին համապատասխան պատասխանատվության չի ենթարկվել, էդ էլ է փաստ»:

Այժմ մահացած նորակոչիկի ծնողները իրավական աջակցություն են փնտրում՝ Եվրադատարան դիմելու համար:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest