ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով  ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների  արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել ևս 7 անձի, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել։ ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և քարերով ու փայտերով գրոհեցին ոստիկանաների վրա. վերջիններս հետ նահանջեցին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest