Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները:

Այս մասին հայտնի դարձավ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստին:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվում էր ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը՝ ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ ։

Հարցի քննությունը մեկնարկել էր երեկ՝  հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին, որպես վկա ԲԴԽ նիստին  հրավիրելու հիմքով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ  Միքայել Ստեփանյանը գտնվում է արձակուրդի մեջ:

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, սակայն առաջարկը 3 կողմ, 5 դեմ ձայնով մերժվել էր:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։

Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաև իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest