Սպիտակի 19-ամյա բնակիչ, ժամկետային ծինծառայող Արմեն Պարավյանը «Ես եմ» ծրագրով շուրջ մեկ տարի ծառայում է Ասկերանի զորամասերից մեկում: Երրորդ ամիսն է, զորամասի հրամանատարությունը ապօրինաբար զրկում է երիտասարդին տուն մեկնելու իրավունքից: Պատճառը հայտնի չէ: Այս մասին Forrights.am-ին հայտնեց զինծառայողի մայրը՝ Գայանե
Դալլաքյանը :

«Ես եմ» ծրագրով 5-ամսյա զինպատրաստություն անցնելուց հետո զինծառայողին ամեն ամիս տրվում է 7-օրյա արձակուրդ, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը: Զինծառայողները ամեն ամիս դրամական ապահովություն են ստանում ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով՝ մոտ 35 հազար դրամ, որը ներառում է նրա սնունդի և տուն գնալ-գալու ծախսը:

«Այդ գումարը ինձ պետք չի, ինձ պետք է, որ որդիս տուն գա, տեսնեմ նրա վիճակը», — ասում է Գայանեն: Նա անհանգստանալու լուրջ պատճառ ունի: Արմեն Պարավյանը արդեն մեկ տարի է, առողջական խնդիրներ ունի: Զորամաս մեկնելուց հետո մոտ մեկ ամիս անց բժիշկները նրա մոտ որովայնի ճողվածք են հայտնաբերել: «Տղաս գրիժայի վիրահատություն է տարել ուչեբկայի ժամանակ, դրանից հետո նորմալ էր ամեն ինչ: Պրիսյագին գնացինք, նորմալ էր երեխես, վեցերորդ ամսում եկավ տուն», — հիշում է Գայանե Դալլաքյանը:

Մայիսի 12-ին մայրը տեղեկանում է, որ որդին նորից վատ վիճակում է: Նրան տարել են զորամասի բուժկետ ու վիրահատության հատվածում հեղուկով լցված պարկ են հայտնաբերել՝ կիստա, ինչպես նաև նոր ճողվածք: Զորամասի հրամանատարությունը խոստացել է, որ նոր վիրահատության կտանեն Արմեն Պարավյանին, սակայն ինչ որ պահից իրադարձությունները անհասկանալի, չարաբաստիկ ընթացք ստացան:

Վիրահատությունը ձգձգվում է: Զորամասի հրամանատարությունը հիվանդ, որովայնի շրջանում սուր ցավեր ունեցող զինծառայողին պատշաճ
բուժօգնություն չի ցուցաբերվել, նրա ամսական արձակուրդը չի տրամադրել, ինչի իրավունքը չուներ։ :

«Զանգեցի ՊՆ, մի մարդ վերցրեց, անունը Դավիթ էր, ասեց՝ մենք զանգել ենք, կտանեն, կբուժեն, բայց խոստումը չի կատարվում: Երեխես վատ ա, նրան չեն բուժում, էսօր-էգուց են անում», — գանգատվում է Գայանեն:

Նա որդու հետ հեռախոսով է խոսում, բայց Արմենն իր վիճակի մասին մորը էլ չի պատմում: Ոնց ես՝ հարցին, պատասխանում է՝ լավ եմ, էլի, բայց մայրը զգում է, որ տղան վատ վիճակում է: Մոր սիրտը վատ բան է կանխատեսում: «Ես իր հետ խոսում եմ, ոնց որ ընկճված լինի, անընդհատ ասում ա՝ մամ, զանգեցի՞ր նախարարություն, ի՞նչ եղավ, մամ, վիճակ չկա էլ»:

Մայրը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, պահանջելով, որ որդուն բուժեն և թույլ տան օգտվել տուն գալու իրավունքից: Բայց անօգուտ: Ոչ Նիկոլի «կանտորայից» են նրան պատասխանում, ոչ էլ նախարարությունից: Գայանեն նոււյնպես ծանր առողջական խնդիրներ ունի: Նա քաղցկեղով հիվանդ է, երեք երեխաների հետ ապրում է Սպիտակի կիսաքանդ իտալական «դոմիկում», երեխաների նպաստով ու Աստծո հույսով: Ասում է, որ տղան, երբ գալիս էր արձակուրդ իր չնչին գումարներից իրեն էլ էր օգնում, բայց իրեն միայն որդու առողջությունն է պետք, որ նրան վատ բան չպատահի:

Ընտանիքն այն սոցիալական խավի ներկայացուցիչն է, որի համար 2017 թվականին պաշտպանության նախարարությունը նախաձեռնել էր «Ես եմ» ծրագիրը: 3 տարի ծառայություն անցնելուց հետո այս ծրագրով ծառայողները պետությունից 5 մլն դրամ են ստանում բնակարան գնելու, մինի ֆերմա կառուցելու, կամ ուսման վարձի դիմաց փոխանցելու համար:

Հասկանալի է, որ «Ես եմ»-ի շահառուներն են դառնում հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, որոնք չունեն տանիք, չունեն գումար ուսման վարձը վճարելու համար, չեն կարող իրենց ուժերով ոտքի կանգնել: Այս խավը պաշտպանված չէ զորամասերի հրամկազմի կամայականություններից:
Ի դեպ, առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում ժամկետից շուտ ծառայությունից արձակվածները ևս ստանում են պետությունից այս 5 մլն դրամը: Այս կետը վատառողջ զինծառայողների ծառայության ազատման հարցում կոռուպցիոն ռիսկ է ստեղծում:

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու, ինչ իրավունքով է զորամասի հրամկազմը զրկել «Ես եմ» ծրագրով ծառայողին օրինական արձակուրդի և բուժման իրավունքից: Նա խոստացավ Forrights.am-ին, որ կպարզի բոլոր հանգամանքները և ավելի ուշ կհայտնի: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս խոստացավ, որ կհետաքրքրվի խնդրով։ Նրանց պատասխաններին սպասում ենք։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest