Առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:
Օրերս Forrights-ը հրապարակում էր արել, որ «Տաշիր Սամո» մականունով օլիգարխի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդու, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահների հետ օրերս ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին։ Այդ մասին մեզ հայտնեց Վահե Պարազյանը։ Նա ընկել է հիվանդանոց։ Դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է քննչական կոմիտե։
Վահե Պարազյանը և Սամվել Կարապետյանը Ռուսաստանում վաղեմի մրցակիցներ են։ Պարազյանը շինարարական բիզնես է ունեցել, որը ըստ նրա, Տաշիր Սամոն իրենից խլել է ՌԴ-ում ընդունված «рейдерский захват» կոչված սխեմայով, երբ գործի են դրվում պետական չինովնիկների հետ ունեցած սերտ կապերը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Նա պատմել է, որ նախորդ օրը ժամը 19:30-ի սահմաններում բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ ժամեր անց՝ գիշերը, Կարապետյանը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի է ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափի գումար:
Ըստ Քննչական կոմիտեի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Կարապետյանը շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ Կարապետյանը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և նրա հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով շորթման հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների գործարար Վահե Պարազյանն էր պատմել, որ բռնության է եթնարկվել Նարեկ Կարապետյանի կողմից, քանի որ հրաժարվել է վճարել 10 միլիոն եվրո:
Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: