Հուլիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ հրապարակեց մի արտառոց գործով։ Ամբաստանյալ Արմեն Ղազարյանն այդ դատավճռով դատապարտվեց 6 ու կես տարի ազատազրկման՝ ժամկետ, որը նա արդեն ապրել էր Նուբարաշենի բանտում։ Արմեն Ղազարյանը 2013 թվականի հունիսից կալանքի տակ է։

Դատաքննությունը տևել է 6 տարի: Ստացվում է, որ Կենտրոնի դատավոր Գագիկ Պողոսյանը Ղազարյանին 6 տարի ազատազրկման դատապարտելով, փաստացի արդարացրել է, սպիտակերես է արել ինքն իրեն և դատախազությանը: Եթե Գագիկ Պողոսյանն այլ ժամկետ սահմաներ դատավճռով, օրինակ՝ 3 տարի, կամ արդարացներ Ղազարյանին, ապա մեղմ ասած, անհարմար վիճակում կդներ ինքն իրեն։

Բերդում ապօրինի կերպով պահվածի չարչարանքների փոխհատուցման նրանից  տարրական ներողություն խնդրելու պրակտիկա Հայաստանում չկա։ Ստացվում է, որ դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացրել, այլ իրավիճակն է փրկել։

«Մարդը ոչ թե կալանք է կրել, այլ պատիժ, և դատավորի կայացրած դատավճիռը ՝ 6 տարի 6 ամիս, դրա ապացույցն է», — ասում է Ղազարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 20 տարի առաջ Դոնի Ռոստովում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։ 2000թ. մայիսին նա, ըստ մեղադրանքի, ևս երկու անձի հետ առևանգել է ՌԴ քաղաքացիներ Կրուգլովային և Տոլստիխին, որոնք մայր ու աղջիկ են, տարել է նրանց մի բնակարան, պահանջել է, որ նրանք ասեն փողերի տեղը։ Նրանց ծեծի են ենթարկել, որից հետո կանայք հայտնել են, թե որտեղ են պահանջած գումարները:

«Ղազարյանը գնալով այդ հասցեով և օգտվելով այն հանգամանքից, որ իրեն նախկինում ծանոթ Կրուգլովը բացել է դուռը, մտել է բնակարան, որտեղ…քննությամբ չպարզված հանցագործի հետ Ս.Կրուգլովայի գումարին տիրանալու նպատակով սկսել է ծեծի ենթարկել նրանց․․․ հափշտակել է Ս. Կրուգլովային պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը», — գրված է եզրակացության մեջ։ Մայրը մարմնական վնասվածքներից մահացել է:

Այս արարքները մեղսագրվել են Արմեն Ղազարյանին 2013 թվականին։ Նա մեղադրվել է ավազակության, մարդու առևանգման, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ 2009 թվականին ՌԴ դատախազը որոշում է կայացնել քրեկան հետապնդումը Արմեն Ղազարյանի նկատմամբ կարճելու մասին, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է համարել։

Գործով ևս երկու ամբաստանյալներ կային՝ Իգոր Մոգիլևսկին, որը երկար ժամանակ հետախուզման մեջ էր, և կովկասյան արտաքինով մի տղամարդ, որի անձը ոչ ՀՀ, ոչ էլ ՌԴ իրավապահները այդպես էլ չեն պարղզել։ Մոգիլևսկին հայտնաբերվելուց հետո ցուցմունքներ է գրում Արմեն Ղազարյանի դեմ, մեղադրելով նրան բոլոր մեղքերի մեջ, ինքը կարճ ժամանակ նստում և ազատ է արձակվում, իսկ ՀՀ դատախազությունը վերախմբագրում է գործը, գլխավոր մեղադրյալ կարգելով Արմեն Ղազարյանին։ 2013 թվականին նա կալանավորվում է։

«Դա ՌԴ-ից եկող պատվեր էր, որը պետք էր կատարել, — համոզված է Արմեն Ղազարյանի եղբայրը՝ Հովհաննես Ղազարյանը, — Այն տարիներին մերոնք սրբորեն հետևում էին ՌԴ-ից եկող հրահանգներին»։

Գործով տուժողներ, կամ տուժողի ներկայացուցիչներ Հայաստան չեն եկել։

Հովհաննես Ղազարյանը, պատմում է, որ ամեն ինչ սկսվել է տան գնումից։ Արմենը ՌԴ-ում տուն է գնել։ Հետագայում պարզել է, որ տունը վաճառվել է նաև այլ գնորդի։ Վաճառողները մայր ու աղջիկ են եղել, որոնք գործով անցնում են որպես տուժողներ։ Արմենն ընդամենը պահանջել է, որ նրանք կամ իր գնած տունն իրեն տան, կամ էլ գումարը վերադարձնեն: Ոստիկաններին ներգրավելով, Արմենին պարտադրել են, որ հրաժարվի իր պահանջներից, հետո էլ «գլխին սարքել են»։ Սա Ղազարյանի եղբոր վարկածն է։

«Քրեական գործով տուժողները նշել են  Մոգիլևսկու անունը, ոչ թե եղբորս, ավելին, կա տուժողի՝ ծեծի ենթարկված աղջկա ցուցմունքը, որտեղ նա ասում է, որ եղբայրս այնտեղ չի եղել։ Նրան չի գողացել և չի ծեծել», — վերհիշում է Հովհաննես Ղազարյանը։

Նույնը դատարանում հայտարարել է Արմեն Ղազարյանը:

«Տուժող Ելենա Տոլստիխը ոչ մի տեղ չի տվել ցուցմունք, որ ես Սվետլանա Կրուգլովային կամ իրեն գոնե մատով դիպչել եմ: Տվել էր հակառակ ցուցմունքը ի հեճուկս ՌԴ արդարադատության: Այսպես պետք է պետությունը պաշտպանի իր քաղաքացուն՝ կոնկրետ ինչպես ՌԴ-ն Իգոր Մագիլևսկուն: 112-րդ հոդված գոյություն չունի նրա համար, ինչպե՞ս կարող է ռուս դեսանտայինը մարդ սպանել: Ծեծել մարդու, այն էլ կնոջ, կարող է իրեն թույլ տալ միայն «կովկասցի վայրենին», որն իր սարերից իջել ու հարձակվել է խեղճ ու կրակ ռուս ազգաբնակչության վրա», — ասել է նա:

Իր նկատմամբ հաշվեհարդարն Արմեն Ղազարյանը համարում էր ապարանյան կլանի մտահղացումը, որը ուղորդվում էր ՌԴ դատախազության կողմից: Արմեն Ղազարյանը Երևանում էր բնակվում, սակայն նրա գործը չգիտես ինչու սկզբում լսում էին Աշտարակի և Ապարանի դատարանները: Գագիկ Պողոսյանը  նույնպես ծնունդով ապարանցի է:

Արմենը առաջին օրից չի ընդունել իր մեղադրանքը և հայտարարել է, որ ինքն է այս պատմության տուժողը։

«Կալանքի 6 տարին նա ապրել է ինչպես Կամոն, կամ կոմս Մոնթեքրիստոն, — ասում է Հովհաննես Ղազարյանը, – չի կոտրվել, իսկ դատական իշխանությունների ամբողջ համոզմունքն այն է եղել, որ մարդը չի կարող դիմանալ այդքան կտտանքների, բայց սխալվել են։

Եղբայրս ոչ մի անգամ ցուցմունք չի փոխել: Նրան նույնիսկ առաջարկել են ընդունել մեղքը և վաղեմության ժամկետ կիրառել, իսկ նա ասել է՝ ուզում եք, ինձ 20 տարի տվեք, դուք սուտ մեղադրանք եք ներկայացրել և պատասխան եք տալու ձեր արարքի համար։ 6 տարվա դատավարության ընթացքում ամենահզոր կրկեսը սովորելու բան ուներ այս դատարանից։ Ամիսը մեկ նիստ էին անում, մեկ դատախազը չկար, մեկ դատավորը չկար, մեկ մեքենա չկար, մեկ թարգմանությունն էր սխալ՝ կապիկություն բառիս բուն իմաստով։ Նույնիսկ եղբորս ձայնի իրավունք չէին տալիս, նստացնում էին տեղը, նա էլ ասում էր՝ էլ դատ մի արեք, էդ դեպքում դուք դատ արեք, դատավճիռը կուղարկեք»։

Ինչպե՞ս կարող է 6 տարի դատ լինել, ում մեղքն է սա։ Մեր հարցին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց․

«Այդքան երկար կալանքի տակ մնալը բացառիկ դեպք է, իհարկե, բայց նման բան կարող է լինել միայն այն դեպքում, երբ դատարանում է լինում գործը, այսինքն դատական պրոցեսն է տևական լինում։ Դա դատախազության իրավասության սահմաններից դուրս է, քանի որ սկսած գործը դատական քննության առնելու պահից՝ վարույթ իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը և խափանման միջոցների հարցի լուծումն էլ գտնվում է իր իրավասության ներքո»։

Արմեն Ղազարյանին, ըստ դատավճռի, կալանավայրում մնում է անցկացնել 5 ամիս:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest