Նոր օրենքի ընդունումը կառաջացնի առերևույթ շահերի բախում և կխաթարի խոշտանգումների քննության անկախությունը

«Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում». օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայության լուծարումը և Հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, լուրջ մտահոգությունների առիթ հանդիսացավ: Մեծ է հավանականությունը, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա ինչպես խոշտանգումների դեպքերի քննության արդյունավետության վրա, այնպես էլ կառաջացնի առերևույթ շահերի բախում և կխաթարի խոշտանգումների քննության ինստիտուցիոնալ անկախությունը և արդյունավետությունը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը շտապեց հայտարարություն տարածել` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին հորդորելով հետ կանչել նախագիծը.

«ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը գտնվում են հանրային քննարկման փուլում, և դեռևս վերջնական որոշում հակակոռուպցիոն մարմնի մոդելի որդեգրման վերաբերյալ ընդունված չէ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բնորոշմամբ՝ օրենքի ամենաբացասական կողմն այն կլինի, որ կանխարգելիչ միջոցառումները տրվի նույն մարմնին, որը նաև քննություն կիրականացնի.

«Եթե և՛ կանխարգելիչը, և՛ քննությունն իրականացնի նույն մարմինը, ապա դա կարող է վատ հետևանքների հանգեցնել: Իդեալական ունիվերսալ մարմին ստեղծելը շատ դժվար բան է, նույնիսկ՝ վտանգավոր»,- Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց պատգամավորը:

«Պետք չէ մի մարմինն ուժեցանելու հաշվին, թուլացնել մեկ այլ մարմնի գործունեությունը»

«Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման երկու գործ ունի: Անկեղծանում է՝ չնայած ՀՔԾ-ն գրեթե երբեք պրոֆեսիոնալ քննություն չի իրականացրել, սակայն կառույցն անկախ է և որոշ չափով արդյունավետ է գործել.

«Գործերի տեղափոխումը Քննչական կոմիտե միանշանակ շահերի բախում կառաջացնի, կխախտվի խոշտանգումների գործերի արդյունավետ քննության ընթացակարգը, իսկ խոշտանգման զոհերի ու տուժողների իրավունքները կհավասարվեն զրոյի: Քննչական կոմիտեն չի կարողանա շահերի բախումից զերծ մնալ: Նման օրենքի ընդունումը մտահոգիչ է և իրենից ենթադրում է՝ հետընթաց:

Պետք չէ մի մարմինն ուժեցանելու հաշվինմ թուլացնել մեկ այլ մարմնի գործունեությունը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանը հիշատակեց խոշտանգման հետևանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայող Արթուր Հակոբյանի խախտված իրավունքերը, որոնք ամիսներ առաջ կարծես թե վերականգնվում էին: ՀՀ վճռաբեկ դատարանը ճանաչել էր խոշտանգումից զերծ մնալու իրավունքի խախտումը և և բեկանել 2017թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Գործի քննությունը հանձնարարվեց Քննչական կոմիտեի 9-րդ կայազորային քննիչներին, որից 3 ամիս անց՝ քրեական գործը կրկին կարճվեց.

«Արթուր Հակոբյանի գործով 4 տարվա պայքարից հետո ՀՀ վճռաբեդ դատարանը ճանաչեց խոշտանգման իրավունքի խախտումը և 3 ամիսների ընթացքում 3 առերեսում կատարելով՝ սահմանափակվեց: Քննչական կոմիտեն որևէ ձևով հաշվի չառավ իմ ներկայացրած միջնորդություններն այն մասին, որ Արթուրի նկատմամբ պետք է հոգեբանական նոր փորձաքննություն նշանակվի: Ի վերջո գործը նորից կարճեցին: Սա էլ մեկ ապացույց ևս, որ Քննչական կոմիտեի քննիչները չեն կարողանում խոշտանգման գործով արդյունավետ քննություն իրականացնել»,- հավելեց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը մատնանշեց ևս երկու քրեական գործ, որոնք անցնելով ՔԿ-ի «սրի տակով», ունեցել են անարդյունք ավարտ:

«ՄԻԵԴ-ն ասում է՝ պետությունը պետք է ունենա անկախ մարմին, որը կքննի անձի խոշտանգման դեպքերը, իսկ այն մարմինները, որոնք ինչ-որ կապ ունեն խոշտանգումն իրականացնող մարմինների հետ, չեն կարող ապահովել անկախ քննություն»:

«Չի կարող խոշտանգումների գործն անաչառ լսել այն մարմինը, որի ներկայացուցիչը հնարավոր հանցագործությունը կատարողն է»

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խումբ»-ն իր հերթին մտահոգություն հայտնեց այս առիթով: Խումբը հայտարարություն տարածեց, մասնավորոպես նշելով՝ չնայած Քննչական կոմիտեն առանձին կառույց է, սակայն քննիչներն ամենօրյա աշխատանքում պարբերաբար շփվում և աշխատում են տվյալ տարածքի ոստիկանների հետ, ուստի տվյալ հանգամանքը քննիչներին կարող է կաշկանդել աշխատանքի մեջ։

«Խոշտանգումների քննության գործառույթը Քննչական կոմիտեին փոխանցելը կառաջացնի առերևույթ շահերի բախում և կխաթարի խոշտանգումների քննության ինստիտուցիոնալ անկախությունը, և հետևաբար՝ քննության արդյունավետությունը։ Ուստի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերով քննությունը պետք է իրականացնի ՀՔԾ-ն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նկատում է՝ չի կարող խոշտանգումների գործն անաչառ լսել այն մարմինը, որի ներկայացուցիչը հնարավոր հանցագործությունը կատարողն է: Ըստ իրավապաշտպանի, խոշտանգումների գործերը պետք է քննի հատուկ մարմինը,

«Եթե մարդը խոշտանգման է ենթարկվել քննչական գործողությունների ժամանակ ու այդ դեպքի քննությունը հանձն է առնում Քննչական կոմիտեն, ապա ո՞ւր է մնում անկողմնակալությունը: Չի կարող նույն համակարգում ծառայող մի քննիչը ենթադրաբար խոշտանգման ենթարկի, մյուս քննիչը՝ քննի այդ գործը: Խոշտանգումների քննությունը Քննչական կոմիտեին փոխանցելը մեծացնում է ռիսկերը՝ խոշտանգումների դեպքերով արդյունավետ քննություն իրականցնելու տեսանկյունից»,- նշեց իրավապաշտպանը:

Հատկանշական է, որ օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest