Զինվորական գործերով կեղծ քննություն կատարած քննիչներին չեն պատժում. ՀԿ-ների մոնիտորինգի խումբը՝ փլուզման եզրին

0
1013

Պետական մարմինները պարբերաբար փորձում են հանրային վստահության մթնոլորտ ստեղծել բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման շուրջ։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ էր ընդունում սևազգեստ մայրերին, զոհված զինծառայողների շահերը ներկայացնող իրավապաշտպաններին, լսում էր նրանց բողոքները։

2011 թվականին այն ժամանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ ՀՀ զորամասերում տարբեր հանգամանքներում զոհված զինծառայողների գործերը վերաբացվեցին: Մահացած զինվորների ծնողները հույս ունեցան, որ վերջապես օբյեկտիվ քննություն կլինի, բայց ձևական քննություններ արվեցին, նոր վարկածներ չդիտարկվեցին, և սևազգեստ մայրերը մնացին փողոցում, կառավարության շենքի մոտ, շարունակեցին իրենց բողոքի ակցիաները:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես նոր գործընթաց սկսվեց։ Վարչապետի հանձնարարությամբ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծեծ, ներգրավելով տասը իրավապաշտպան կազմակերպությունների:

Նրանց հետ համաձայնագիր ստորագրվեց: Քննչական կոմիտեն հայտարարեց, որ խմբի նպատակը զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի քննարկումն է, այն գործերի, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության կողմից։ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը խոստացավ, որ յուրաքանչյուր դեպքով առաջ քաշված հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն։

Անցել է 7 ամիս, բայց ոչ մի գործով շոշափելի արդյունք չկա: Սպանված զինվորների ծնողները դժգոհ են: «3 ամիս առաջ ինձ զանգեցին քննչական կոմիտեից, հրավիրեցին այնտեղ, ասեցին, որ մոնիթորինգի խումբ է ստեղծվել, Փաշինյանի հանձնարարությամբ, որ իրավապաշտպանները քննիչների հետ պետք է զբաղվեն մեր գործերով: Լույս առաջացավ, որ մի լավ բան կլինի», — պատմում է Forrights,am-ին 2016թ. ապրիլի 5-ին N զորամասում սպանված Սուրեն Արամյանի հայրը՝ Արթուր Արամյանը: Սուրեն Արամյանի սպանության գործը նախաքննական մարմինը կասեցրեց այն հիմքով, որ մարդասպանին հայտնաբերել չի հաջողվել: Հայրը բողոքեց, կասեցման որոշումը վերացվեց, սակայն քրեական գործը շարունակում է քննել նույն քննիչը:

Արթուր Արամյանին հրավիրել են քննչական կոմիտե, իբր՝ ՀԿ-ներին գործը ներկայացնելու համար: «Բայց ՀԿ-ների ներկայացուցիչներ չկային, մեզ դիմավորեցին կոմիտեի աշխատողները, հարցեր տվեցին: Անցավ մոտ երեք ամիս, ոչ մի հրավեր, ոչ մի զանգ, ոչ մի փոփոխություն: Դրանից հետևություն եմ արել, որ դա հերթական աչքկապոցին էր, մեր ժամանակը իզուր խլեցին», — ասում է Արթուր Արամյանը: Նա զանգահարել է քննչական կոմիտե և հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքներին:

Հունիսի 10-ին մոնիթորինգի խմբից դուրս եկավ ««Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: Դրա նախագահ Էդգար Խաչատրյանը ասում է, որ տարբեր ձևերով փորձել են համագործակցության մեխանիզմ գտնել քննչական կոմիտեի հետ, սակայն դա չի հաջողվել:

«Մեզ սկզբից ասեցին, որ կտրամադրեն քրեական գործերով քննիչների կողմից կազմված համառոտ տեղեկանքներ: Բայց մենք գտնում ենք, որ դրանք այն քննիչների պատրաստած տեղեկանքներն են, որոնք կասեցրել են գործերը, կամ որոնց գործողություններից դժգոհություն կա: Իսկ քրեական գործերին ծանոթանալու հնարավորություն ստանալու համար մեզ առաջարկեցին դառնալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, բայց այդ դեպքում ցանկացած կազմակերպություն, կամ անհատ ներգրավվելով որպես տուժողի ներկայացոցիչ, կկարողանա ծանոթանալ գործերին, և խմբի գոյության իմաստը չի լինի», — ասում է Էդգար Խաչատրյանը:

Նրա ղեկավարած ՀԿ-ն փրձել է այլ ճանապարհով էլ գնալ: Երկու սպանության գործերով՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի, ներկայացրել է առարկություններ քննիչների գործողությունների հետ կապված, որպես մի քանի հաղորդում քննիչների կատարած հանցագործության մասին:

«Մոտ մեկ ամսից ստացանք պաշտոնական պատասխան, որ ՔԿ զինվորական վարչությունը մեր տեղեկանքները ստացել է, ծանոթացել է և ուղարկել է Քննչական վարչություն, որպեսզի քննարկվի: Բայց մեր հիմնական նպատակ նա է, որ վարույթ սկսեին մեր հայտնած հաղորդումների շուրջ: Որ տեսանք, որ քննչական կոմիտեն պատշաճ գործողություններ չի սկսել մեր տվյալների հիման վրա, դուրս եկանք խմբից», — ասում է Էդգար Խաչատրյանը:

Ըստ նրա, ամենատհաճն այն է, որ ամեն անգամ, երբ սպանված զինվորների ծնողները ինչ-որ հարցեր էին բարձրացնում քննչական կոմիտեի առաջ, նրանց պատասխանում են, որ մոնիտորինգի խումբը զբաղվում է իրենց գործով: «Բայց դու հասկանում ես, որ իրականում ոչ մի լուրջ պրոցես չի կատարվում», — ասում է իրավապաշտպանը:

Քննչական կոմիտեում սակայն բարձր են գնահատում իրենց ջանքերը: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ասաց, որ քրեական գործերը տրամադրվել են իրավաաշտպաններին. «Մոնիթորինգի խումբը շարունակում է աշխատել բնական հունով: Երեկ տեղի է ունեցել խմբի հերթակա հանդիպումի, որի շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Այս պահին հասարակական կազմակերպությունները ծանոթանում են իրենց կողմից ընտրաված քրեական գործի նյութերին»:

Դուք ծանոթանու՞մ եք նյութերին, ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը քննչական կոմիտեի հետ, ի՞նչ արդյունք կա այս պահին: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը մեր հարցերին պատասխանեց.

«Մեզ տրվում է մի քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում, չնայած որ սկզբնական պայմանավորվածությունը վերաբերում էր միայն կասեցված կամ կարճված քրեական գործերին ։ Այս նույն տրամաբանությամբ նրանք մեր կազմակերպության քրեական գործերից մեկը, որտեղ ներկայացնում ենք տուժող կողմի շահերը, առաջարկել էին մեկ այլ ՀԿ-ի, առանց մեզ տեղյակ պահելու։ Թե որն էր նպատակը դժվարանում եմ ասել։ Բացի այդ, քննչական կոմիտեն թույլ չի տալիս ուսումնասիրվող գործը վերցնե, պիտի գնալ տեղում ծանոթանալ, իսկ եթե քրգործը 17 հատոր է հիմնական ժամանակդ պիտի անցկացնես այնտեղ և չկարողանաս համատեղել քո մյուս գործերի հետ։ Մի խոսքով քննչական կոմիտեն ամեն ինչ անում է պահպանելու իր թելադրողի կարգավիճակը՝ սահմանափակելով մեր հնարավորությունները, որն ակնհայտորեն չի օգնում այս գործընթացին»

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here