Սիմոն Ճավռշյանը այսօր կդառնար 20 տարեկան, սակայն 2016 թ․ փետրվարին 5-ի  լուսադեմին՝ դիրքի հերթապահությունը հանձնելուց 5 րոպե առաջ զոհվում է։

Սիմոն Ճավռշյանը շարքային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2014-ի հուլիսին: Ծառայում էր Արցախի հանրապետությունում՝ Հադրութում՝ Հորադիզի դիրքերն էր պահում: Մեծ սիրով է գնացել ծառայելու, սակայն զորամաս ոտք դնելուց շաբաթներ անց ծնողներին խնդրել է մի բան ձեռնարկել և փոխել զորամասը.

«Սիմոնս անարդարությունը չհանդուրժող էր: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, Պաշտպանության նախարարության համարը տուր, բան ունեմ ասելու: Ինձ չէր ասում, բայց խոստացել էր զորացրվելուց հետո բացահայտել: Որդուս մահից հետո մի քանի անգամ գնացի իրա զորամաս: Հրամանատարությանն ասեցի՝ էդ որի՞դ կեղտերը տեսավ տղես, որ չթողեցիք զորամասից դուրս գար: Երեխես շատ լուրջ գաղտնիքի էր տիրապետում, որը պատճառ հանդիսացավ, որ իրան կորցնեն»,- Forrights-ին պատմել է  տիկին Կարինեն:

Չնայած որդու մահվանից  3 տարի է անցել, բայց մինչ օրս մայրը սևազգեստ է, որդու մասին խոսելիս էլ հուզվում է, ապա փորձում է զսպել արցունքները:

Հերթական անգամ դիրքեր բարձրանալուց առաջ՝ Կարինեն որդուն հիշեցնում է, որ առջևում Հայոց բանակի օրն է՝ հունվարի 28-ը, ուստի այս անգամ առավել քան զգոն պետք է լինեն. թշնամին ակտիվանում է այդ օրերին:

Սիմոնը առաջնագիծ է մեկնում հունվարի 22-ին, զոհվում փետրվարի 5-ի լուսադեմին․ Այդ օրն առավոտյան Սիմոնը պետք է զորամաս վերադառնար…

Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2016 թվականի փետրվարի 5-ին` ժամը 03:55-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Սիմոնի ծնողները չեն հավատում, որ որդին սպանվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Նրանք նշում են, որ գուցե թեթևանար ցավը, եթե իմանային զոհվել է հայրենիքը պաշտպանելուց, սակայն անգամ հրամանատարն ու քննիչն են խոսքի «բացթողում» արել, որ Սիմոնը շատ բան գիտեր:

«Եկեղեցում դրված ժամանակ երկրորդ օրն իր փոխգնդապետը եկավ՝ Սիմոնիս գրպանի փաստաթղթերը տալու: Ինձ ասում ա՝ դու շատ բան գիտեիր, ինչո՞ւ ինձ չէիր զանգում ասում: Մի կողմից ասում են՝ դիպուկահարի գնդակ, մյուս կողմից՝ թե շատ բան գիտեիր: Ի՞նչ գիտեի ես, ախր ինչ էլ որ իմանայի՝ որդուցս պետք ա իմանայի: Գյումրիի քննիչի մոտ էլ գնացի, հարցնում եմ՝ տարբերակ չկա՞ր որդուս կյանքը փրկելու, ասում ա՝ ախր սա վաղուցվա մշակված ծրագիր էր»:

Մայրը պնդում է՝ Սիմոնը սպանվել է «աֆիցեռների» կողմից, որ չխոսի, չհայտնի ինչ-որ կարևոր բան:

3 տարի առաջ որդուն կորցրած Կարինե Ճավռշյանի վերքը դեռ թարմ է: Մինչ օրս մայրը չի ընդունում առաջ քաշված այն պնդումը, թե որդին սպանվել է հակառակորդի կրակոցից՝ «հերոսի մահով»: Չնայած Պաշտպանության նախարարության կողմից որդու հուղարկավորությանը մասնակցեցին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը, Սիմոնին հետմահու 3 մեդալ շնորհեցին, սակայն դրանք մոր կասկածը չփարատեցին.

«Ես չեմ պատրաստվում այլևս լռել, պայքարելու եմ անարդարության դեմ: Իմ ցավը մեծ ա, բայց տղուս հոգու հանգստությունը վեր ա ամեն ինչից»:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest