ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստում մեղադրող կողմ` դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց առաջին բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը:

«Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ  վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա` արդարադատությանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները գործուն երաշխիք չեն կարող համարվել:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ: Ուստի դատարանին խնդրում եմ բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ինչպես նաև կիրառել խափան միջոց կալանավորումը»,- եզրափակեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի-18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest