Վերաքննիչ քրեական դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով կամ ազատ արձակելով փոխարինելու պաշտպանների միջնորդությունները։

Պաշտպանական կողմը դատարանում որպես հիմք ներկայացրել էր Գրիգորյանի հիվանդությունների փաստաթղթերը՝ նշելով, որ նա այս պահին ունի 33 ծանր հիվանդություն և կալանքի տակ մնալը վտանգավոր է կյանքի համար։

Պաշտպանական կողմը դատարանում միջնորդեց նաև, եթե առկա հիվանդությունների հիմքով խափանման միջոցը չփոխվի, ապա դատարանը կիրառի այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ՝ ներկայացնելով փաստաթղթեր, ըստ որոնց՝ Գրիգորյանն ինքն է հրաժարվել բժշկական օգնություն ստանալուց։

Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին ԱԺ պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Pin It on Pinterest