Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի և նույն վարչության ՀԿԳ քննիչներ Արայիկ Ներսիսյանի ու Արտակ Հովհաննսիյանի գործով շարունակում էր հարցաքննել վկաներին: Ցուցմունք էր տալիս Լոռու մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը:

Թաթուլ Շուշանյանին, հիշեցնենք, մեղադրում են 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում սպանված Կամո Փիրուզյանի գործով կաշառք ստանալու և մարդասպանին՝ Վլադիմիր Դավթյանին, համեմատաբար մեղմ մեղադրանք առաջադրելու համար։ Իսկ ՀԿԳ քննիչները մեղադրվում են իրենց պաշտոնեական լիազորությունները շահադիտական, կամ այլ նպատակներով չարաշահելու համար։

Վլադիմիր Դավթյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», հետագայում սակայն դատախազությունը վերավորակել է արարքը, կիրառելով նույն հոդվածի երկրորդ մասի 104-րդ 6-րդ կետը ՝ «սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և գործը Լոռու մարզային վարչությունից վերցվել և և ուղարկվել է քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Ըստ դատախազության վարկածի, Վլադիմիր Դավթյանի նախնական մեղադրանքը մեղմ էր, քանի որ նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Վահագն Աբգարյանը իբր՝ կաշառք է տվել Շուշանյանին:

Թաթուլ Շուշանյանը, ըստ նախաքննության մարմնի, գործով կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ է քննարկել Ալավերդցի հեղինակության հետ և խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և Վահագն Աբգարյանի պատվերով կատարված լինելու հանգամանքները:

Դատարանում վերջին երկու նիստերի ընթացքում հարցաքննվում են դատախազության և քննչական կոմիտեի նախկին և ներկա աշխատակիցներ, պարզելու համար, թե արդյոք Թաթուլ Շուշանյանը և մյուս քննիչներն ինքնուրույն են կատարել այս գործով մեղադրանքի որակումը, ինչ ցուցումներ են ստացել հսկող դատախազի կողմից, ինչպիսին է եղել վերջինիս կարծիքը Վլադ Դավթյանի արարքը որպես շատերի կյանքի համար վտանգավոր սպանություն որակելու համրցում։

Դատարանում հարցաքննվեց Լոռու մարզի դատախազի տեղակալ, Փիրուզյանի սպանության գործով հսկող դատախազ Արմեն Շիրոյանը: Վերջինս հայտնեց, որ Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննության ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել դատախազությունում և քննչական կոմիտեում և որ ինքն անընդհատ կապի մեջ է եղել քննիչի հետ: Փաստորեն, քննչական գործողությունները վերադասներից գաղտնի չեն եղել և ամիսներ շարունակ հսկող դատախազը համաձայն է եղել Վլադ Դավթյանի արարքի որակման հետ:

Վերջին քննարկումը կայացել է նախաքննության ավարտին դատախազությունում, որի ընթացքում ընդհանուր կարծիք է ձևավորվել արարքը որակավորել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն, այսինքն՝ Քր. Օր-ի 104-րդ հոդվածի երկրորդ մասով: Շիրոյանը պնդեց՝ այդ կարծիքին է, որովհետև «այդ տարածքով մարդիկ էին վազվզում»: Սակայն գործով զբաղվող քննչական խմբին գրավոր ցուցում չի տրվել:

«Տպավորություն ունեի, որ քննիչ Արայիկ Ներսիսյանը չի առարկում», — այսպես է բացատրում դատախազը այն հանգամանքը, որ քննչական խմբին մեղադրանքը վերավորակավորելու գրավոր ցուցում չի տրվել:

«Ներսիսյան Արայիկը քննարկումից հետո ինձ մոտեցավ ու ասեց, որ մի շաբաթ ժամանակ տան վերջնական որոշում ընդունելու համար։ Ու հետո նորից առաջին մաս ներկայացրեցին», — հայտարարեց դատարանում Շիրոյանը, պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին։

Դատախազը հայտնեց նաև, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրանքի վերաբերյալ քննարկումներին չի մասնակցել, որ դատախազները որևէ ուղորդում, կամ ցուցում մեղադրանքի վերաբերյալ չեն ստացել, որևէ ճնշում իր վրա չի եղել։ Քննիչները ևս չեն ուղորդվել դատախազության կողմից: «ՔԿ քննիչները կաշկանդված չեն մարզի դատախազի կարծիքով» — ասաց Շիրոյանը։

Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ հսկող դատախազ Շիրոյանը քիչ փաստեր է մտաբերում երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերից։ Նախկին քննիչ Արայիկ Ներսիսյանի հարցին, թե ներկա եղե՞լ դեպքի վայրի զննությանը և նկատե՞լ է արդյոք, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը կեղծ է, Արմեն Շիրոյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ կեղծ է»։

Forrights.am-ի համար վկայի ցուցմունքները մեկնաբանեց Շուշանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ մարզային դատախազը ասում էր այն, ինչ ասում է Շուշանյանը: «Եթե դատախազի գրավոր ցուցում չկա, նա մի կարծիքի է իսկ քննիչը՝ այլ, ապա քննիչը պարտավոր է իր կարծիքով առաջնորդվել: Հսկող դատախազն իր կարծիքը գրավոր ցուցումի ձևով է տալիս, կամ չի հաստատում մեղադրանքը ինչպես եղավ տվյալ դեպքում», — ասաց Հայկ Ալումյանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest