«Արմավիր» ՔԿՀ կալանավոր, ծննունդով Սպիտակ քաղաքից 32-ամյա Վահե Մելոյանը 43 օր է  հացադուլի մեջ է: Վերջին օրերին նաև հրաժարվել է ջրից: Այս մասին մեզ ահազանգեց Վահե Մելոյանի մայրը՝ տիկին Վերան: Նա խիստ անհանգիստ էր, հայտնեց, որ որդու վիճակը ծայրահեղ ծանր է. «Հազում է,  հազալուց արյուն է գալիս, մեզի մեջ ևս արյուն է»,-փոխանցեց երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մայրը։

Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանին  այսօր տեղափոխել են Վաղարշապատի քաղաքացիական հիվանդանոց, համապատասխան բուժզննում է անցել՝ սիրտն են հետազոտել, սոնոգրաֆիա են արել, առողջական վիճակը գնահատվում է «նորմալ»։ Տեղեկացրին, որ համապատասխան բուժզննումից հետո կալանավորը կրկին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ պարբերաբար այցեր են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ՝ Վահե Մելոյանին, և վերջինիս խնդիրներին տեղյակ են, արձանագրություններ են կատարել, որոնք ուղղարկվել են թե՛ վարույթն իրականացնող մարմնին, թե՛ արդարադատության նախարարություն, սակայն տվյալ պահին պատասխան չունեն։ Վերջին անգամ ՄԻՊ գրասենյակը կալանավորին այցելել է անցյալ շաբաթ.

«Քանի որ երկարատև է հացադուլը՝ մենք գրությամբ հարց ենք բարձրացրել իրեն բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ և այս պահին գրավոր պատասխան դեռևս չունենք»,- հավելեցին պաշտպանի գրասենյակից։

Վահե Մելոյանը ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ։ Փաստաբան  Գևորգ Ստեփանյանը Forrights-ի հետ զրույցում հայտարարեց, որ կիսում է իր պաշտպանյալի կարծիքը,չի ընդունում առաջադրած մեղադրանքը և իր վստահորդը հրաժարվել է հանդիպել նախաքննական մարմնի հետ: Փաստաբանը նաև ասաց, որ երեկ այցելել է իր պաշտպանյալին՝ հորդորել նրան դուրս գալ հացադուլից, սակայն ապարդյուն:

«Իմ պաշտպանյալը գտնում է, որ ինքը մեղավոր չէ և ես իր հետ համաձայն եմ։ Ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց»,-նշեց փաստաբանը, ընդգծելով, որ Վահե Մելոյանին կալանավորել են մեկի անձի ցուցմունքի հիման վրա ով ասել է, որ Վահեն իրենց հետ է եղել։

Նշենք, որ 32-ամյա Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և բանակից ազատվել է հոգեկան հիվանդություն ունենալու փաստով։ Մայրը՝ Վերան որոդու հոգեկան հիվանդությունը կապում է 2 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեխայի փլատակների տակ մնալու հետ և ասում է, որ դա է որդու հիվանդության համար հիմք հանդիսացել ։

Փաստաբանը Գևորգ Ստեփանյանը միջնորդել է դատահոգեբուժական փորձաքննություն նշամակել և սպասում է դրա արդյունքներին. «Մեր միակ հույսը սա է», ասաց փաստաբանը:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest