20-ամյա զինծառայող Արթուր Գասպարյանը զոհվել է 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը, առեղծվածային հանգամանքներում: Նրա մարմինը հայտնաբերվել է մարտական դիրքի կացարանի մոտ տեղակայված դիտակետում, գլխի շրջանում հրազենային վերքով: Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Մեղադրյալ չկա:

Պաշտոնական վարկածը քննադատության չի դիմանում, այնքան ծիծաղելի է, որ ավելորդ է վերլուծել այն: Մարտական հենակետում ծառայություն իրականացնող սերժանտը, իբր, հայհոյել է Արթուր Գասպարյանին, վերջինս էլ չի դիմացել և ինքն իրեն սպանել է:

Դեպքի իրական հանգամաքները փորձել է պարզել քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Ուսումնասիրելով տուժող կողմին տրամադրված փորձագիտական եզրակացությունները, նա եկել է համոզման, որ քննչական խումբը կատարում է պաշտոնեական հանցագործություն, սպանությունը փորձելով ներկայացնել որպես ինքնասպանություն:

Առեղծված առաջին. «ինքնասպանն» իր կոկորդին կրակել է երկու անգամ.

Գասպարյանը սպանվել է կոկորդի շրջանում արձակված երկու կրակոցներից, որոնք, ըստ քննիչների, արձակվել են նրան ամրակցված գնդացրից: Գնդակներն անցել են քիմքով և դուրս են եկել գլխից, պատճառելով միջանցիկ վիրավորում: Գնդացրի ապահովիչը զննման ժամանակ գտնվել է մենահատ կրակոցի դիրքում:

Մատնադրոշմային փորձքննական եզրակացությամբ հայտնաբերվել և առգրավվել է գնդացիրը, որի ապահովիչը զննման ժամանակ գտնվել է մենահատ կրակոցի դիրքում: Այսինքն, եթե ձգանը սեղմում ես, մի կրակոց է արձակում, հետևապես, տրամաբանական է ենթադրել, որ երկու կրակոց արձակելու համար ձգանը պետք է սեղմվեր երկու անգամ: Ստացվում է՝ Գասպարյանը մի անգամ կրակել է իր կոկորդին, ապա, տեսնելով, որ չի մահանում, երկրորդ անգամն է կրակել:

Հավանաբար, փորձելով լուծել այս անհեթեթությունը, քննիչը նշանակել է համալիր փորձաքննություն և դատաձգաբանին հարց է ուղղել, թե կարող էր արդյոք Գասպարյանը մենահատ կրակոցներով երկու անգամ կրակել ինքն իր վրա, կամ կարո՞ղ էր արդյոք մի անգամ ձգանը քաշել, բայց գնդացիրը երկու անգամ կրակել և ստացել է ձգաբանի պատասխանը՝ ոչ, նման բան հնարավոր չէ:

«Երբ գործը կոծկում էին, դեռ չգիտեին, որ Արթուր Գասպարյանը երկու կրակոցով է սպանվել, որովհետև մուտքը մեկն է, ելքերը տարբել են: Եթե ապահովիչը գտնվում է մենահատ կրակոցի դիրքում, ապա սեղմելով մեկ անգամ, պետք է արձակվի մեկ կրակոց, — հայտնեց Ռուբեն Մարտիրոսյանը Forrights.am-ի հետ զրույցում,- որպեսզի անհարմար այս իրավիճակից դուրս գա, քննիչը տուժող կողմին հայտնել է, որ ինչ-որ մեկը դեպքից հետո գալով դեպքի վայր, վերցրել է Արթուր Գասպարյանի գնդացիրը, ապահովիչը կրակահերթի դիրքից բերել է մենահատ կրակոցի դիրքին»:

Ի՞նչ դրդապատճառ է ունեցել նա, ի՞նչ նպատակ՝ հարցրել է քննիչներին Արթուր Գասպարյանի մայրը՝ Մարինե Գասպարյանը:

«Տղայիս սպանությունից մեկ ամիս անց ես քննիչներին տվել եմ այդ հարցերը և ինձ պատասխանել են, որ այդ հարցերի պատասխաններն իրենք չգիտեն, չգիտեն, թե ով է ձեռք տվել Արթուրի զենքին, բայց վստահ են, որ ձեռք տված է, — պատմում է մայրը, — Եթե չեն կարողանում պարզել, թե ով է զենքին ձեռք տվել, ինչո՞ւ են վստահ, որ տղաս ինքնասպան է, էդ ի՞նչ ձևի քննիչներ են: Մեկ էլ ասում են՝ զենքը անսարք է եղել: Բայց Արթուրի ծառայակից ընկերները բոլորը գիտեն, թե իմ տղան զենքն ինչպես էր պահում: Եթե շորի կտոր չկար, իր թաշկինակով էր մաքրում»:

Առեղծված երկրորդ՝ Գասպարյանի մատնահետքերը չկան

Զինծառայող Արթուր Գասպարյանին ամրակցված զենքի վրա, որից ըստ նախաքննության մարմնի, կատարվել են կրակոցները, չկան մատնահետքեր: Սա երկու բացատրություն կարող է ունենալ՝ կամ մատնահետքերը դեպքից հետո ոչնչացվել են, կամ՝ որ Արթուր Գասպարյանը սպանվել է այլ զենքից, ինչը քննչական մարմինը անհայտ պատճառներով փորձել է թաքցնել: Չի բացառվում, որ դեպքը տեղի է ունեցել հերթափոխի ժամանակ, կամ դրանից հետո, և Արթուր Գասպարյանի մոտ ընդհանրապես զենք չի եղել:

«Եթե նա զենք ունենար, թույլ չէր տա, որ իրեն սպանեն», — ասում է Ռուբեն Մարտիորսյանը, որը հաստատապես համոզված է, որ կատարվել է սպանություն:

Առեղծված երրորդ՝ քննիչներին չեն հետաքրքրել բռնության հետքերը

Դատաբժշկական եզրակացության համաձայն, Արթուր Գասպարյանի ձեռքերին բութ առարկաներով հասցված վնասվածքներ են հայտնաբերվել: Դա նշանակում է, որ սպանությունից առաջ նրա նկատմամբ բռնություն է կատարվել, սակայն քննիչներին դրանք չեն հետաքրքրել:

Դատաձգաբանական փորձագետները ֆիքսել են, որ Գասպարյանի զինվորական ձմեռային անդրավարտիքի աջ գրպանը բացակայում է, նաև բացակայում է անդրավարտիքի կոճակներից մեկը, և դրա աջ կողային գրպանը բաց է: Սա ևս կարող էր մահից առաջ տեղի ունեցած պայքարի հետևանքով լիներ: Թե ինչի հետևանք են պոկված գրպաններն ու կոճակները, կարող էր պատասխան տալ դատահետքաբանական փորձաքննությունը: Քննիչը պարտավոր էր դատահետքաբանական փորձաքննություն նախաձեռնել, բայց ինչ-ինչ պատճառներով չի նշանակել:

Տուժողի իրավահաջորդ Հայարփի Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել 6-րդ կայազորային քննչական վարչություն հագուստների դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ այլ հնարավոր հետքեր հայտնաբերելու նպատակով:

«Հագուստների դատաքիմիական ու դատակենսաբանական փորձաքննություն մինչև հիմա չեն նշանակել, համալիր փորձաքննությամբ դա չի արվել: Միջնորդության պատասխանը դեռ չեմ ստացել», — ասում է նա:

Ակնհայտ հակասություն կա դատաբժշկական եզրակացության և քննիչի որոշման մեջ: Համալիր փորձաքննության որոշման մեջ քննիչը նշում է, որ հրաձգայինից բացի, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել, անտեսելով բռնության հետքերի, քեռծվածքների արձանագրումը Արթուրի ձեռքերին:

Առեղծված չորրորդ՝ ինքնասպանության պահին բոլոր զինվորները դեպքի վայրո՞ւմ էին

Ըստ քննիչների, մահվան պահին Գասպարյանը եղել է մենակ: Հենակետի բոլոր 6 զինվորները վկայություն են տվել, որ չեն եղել այնտեղ և չեն լսել կրակոցների ձայնը: Սակայն փորձագետները, ուսումնասիրելով զինվորներից վերցված խծուծները, բոլոր զինվորների հագուստի վրա պղնձի մետաղացման հետքեր են հայտնաբերել, սակայն դրանց քանակությունն այնպիսին է, որ փորձագետները չեն կարողացել ստույգ պատասխանել, թե արդյոք նրանք բոլորը եղել են դեպքի վայրում:

Ինչևէ, բոլոր փաստերը վկայում են, որ Արթուր Գասպարյանի գործով արդեն մեկ տարի է, ինչ-ինչ պատճառներով թերի քննություն է իրականացվում: Տպավորություն է, որ այս գործը դուրս է և կայազորի դատախազի, և զինդատախազության, և քննչական կոմիտեի հսկողությունից:

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest