6 ամիս առաջ՝ պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով ազատ արձակված նախկին ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը երեկ կրկին դատարանում էր. այս անգամ՝ իր նախաձեռնությամբ: Վերջինս բողոքարկում է 1993 թվականին իր գործը քննող, նախկինում հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Միրզոյանի որոշումը: Ըստ Մարուքյանի, այդ որոշման մեջ սխալ տեղեկություններով իրեն էին վերագրել չկատարած հանցանքը, ինչի արդյունքն ինքը 25 տարի կրել է.

«Ես պահանջում եմ, որ Անդրանիկ Միրզոյանի «բեսպրեդելությունը» բացահայտվի: Ի՞նչ ա, Անդրանիկ Միրզոյանը հրեշտա՞կ ա երկնքից իջած, որ մենակ իրա գրածով բոլոր հարցերը որոշվեց: Չկա տենց բան: Էսօրվա դրությամբ ես գիտեմ, թե ՀՔԾ-ն ու Դատախազությունում իրար հետ ինչ բարիդրացիական հարաբերությունների մեջ են: Իսկ քննչականին ես ոնց գրում եմ, փաստացի ներկայացնում՝ ասում են, որ Անդրանիկ Միրզոյանի և իրավապահ մարմինների իրականացված գործողությունները համարվում են օրինական: Դրա ի՞նչն ա օրինական»,- տարիներ առաջվա կուտակված վրդովվմունքը այսօր բարձրաձայնում է նախկին դատապարտյալը:

Այն ժամանակ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով․

«Վանաձորի կենտրոնական ոստիկանական բաժանմունք էին տարել, եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք։ Գալիս են քննիչ Անդրանիկ Միրզոյանն ու էն ժամանակ գնդապետ, հիմա արդեն Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտը (ում անունը Վահագնը չբարձրաձայնեց- խմբ․)։ Վախեցած կպնում եմ նստարանիս, խաբում ասում են՝ արի, ստորագրելու բան կա։ Ճանապարհին ինձ զոռով բռնում են, քաղմասից դուրս հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու գլորում ներքև։ Մի կերպ վեր եմ կենում, էդ պահին կրակում են նստատեղիս, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․»,- Forrights-ի հետ զրույցում դեռ բանտում եղած ժամանակ պատմել էր Մարուքյանը։

Ուշքի գալուց հետո էր Վահագնը ընդունել «չկատարած հանցանքը», սակայն տարիներ շարունակ իր մեջ հույս փայփայեց, որ մի օր ազատ կարձակվի, կպայքարի արդարության համար և կապացուցիր իր անմեղությունը:

«Էն քաղմասի պետը, քրեականի պետն ու բոլոր էն մարդիկ, որ աթոռներ էին ջարդում վրես, որ տեղափոխում էիք Երևանի «Նուբարաշեն»-ի բերդ ու ռեժիմով 3 ամիս ծեծում, դուք բոլորդ մարդակերներ եք» ,- այսօր ասում է նախին դատապարտյալը:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վահագնը դժվարությամբ է քայլում՝ երկու ձեռնապայտերի օգնությամբ, հենց այդպես մի կերպ էլ նա բարձրացավ դատաան դահլիճ, որը տեղակայված էր երկրորդ հարկում: Ինչպես նշում էր Մարուքյան՝ նիստերի դահլիճ մտնելուն պես, ինքն այս օրվան երկար է սպասել ու այսօր պատրաստ է «մարդակերներին իր տեղը ցույց տալ»:

Սակայն դատական նիստը սկսվելուց 5 րոպե անց, հետաձգվեց: Դատարան չէր ներկայացել Դատախազության ներկայացուցիչը, բացի դրանից, դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Վանաձորից այդ առողջական վիճակով հատուկ դատական նիստի համար Երևան ժամանած Վահագնին վրդովեցրեց նիստի հետաձգման հանգամանքը:

«Ուրեմն ես էս ոտքերով Վանաձորից հասնեմ ստեղ, դատախազն իրա քմահաճուոյքով երբ ուզի գա՞: Ինձ Կիրովականից հասցրել ես ստեղ, ասում ես՝ նյութերին չեմ ծանոթացել, տենց ո՞նց լինի ախր»,- ասում է նախկին դատապարտյալը:

Վահագն Մարուքյանի բողոքի քննությունը կշարունավի հուլիսի 1-ին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest