Գյումրիի կույրերի միավորումը շուտով ներկերի արտադրություն կսկսի, որով զբաղվելու են մարզում բնակվող կույրերը և տեսողական խնդիր ունեցողները։ Նրանց զբաղվածությունը խթանելու ծրագիրը նախատեսվում է մեկնարկել մայիսին։ Արդեն ստացել են մոտ 1 տարվա համար անհրաժեշտ նյութերն ու փորձաքանակները։ Միավորման տնօրեն Լևոն Ափոյանի խոսքով՝ 19 մլն դրամի համախառն արտադրանք կարող են ստանալ․«Տեղամասը պետք է կույրերի համար աշխատատեղ ստեղծի։ Դա մեր ձեռնարկության առաջին կանոնադրական նպատակն է, ինչպես նաև նրանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելը։ Հայաստանի 17 քաղաքներից փոշիներ ենք ստացել։ Որոշ նյութեր ստանում ենք դրսից, օրինակ՝ կտավատի ձեթը։ Տեխնոլոգիական պրոցեսները դեռ նոր պիտի հունի մեջ ընկնեն»։

Forrights.am-ի հետ զրույցում Լևոն Ափոյանը փոխանցեց հետևյալ տվյալները․

Գյումրիի կույրերի միավորման շենքն անմխիթար վիճակում է։ Հենց առաջին հայացքից նկատելի են խոնավությունից ճաքած պատերը, վնասված գույքն ու փոշոտ սենյակները։ Ֆինանսավորման միակ աղբյուրը Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչությունն է։ Տնօրենի խոսքով՝ վերանորոգման խնդրանքով դիմել են տարբեր կառույցների, բայց միակ օժանդակությունը, որը ստացել են, եղել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ 6 մլն դրամ, որով ձեռք են բերել ներկերի անհրաժեշտ փորձաքանակներ և որոշ սարքավորումներ։

Միավորման աշխատակիցներից Արա Ներսիսյանը կարծում է, որ կույրերի խնդիրները հաշմանդամության հարցերի համատեքստում անտեսված են։ Ասում է՝ հիմնական ուշադրությունը սևեռում են հաշմանդամության որևէ տեսակի վրա՝ անտեսելով մյուսներին․ «Տեսողական խնդիրներով մարդիկ շատ կան մարզում, բայց էստեղ գրանցվելու իմաստը չեն տեսնում։ Գնում, որևէ ՀԿ-ում են գրանցվում, որ ինչ-որ օգնություն ստանան։ Դոնոր կազմակերություններին ասում ենք՝ մեզ օգնեք, ոտքի կանգնենք, ասում են՝ դուք ՍՊԸ եք։ Բոլորն էստեղ գործազուրկ են։ Աշխատավարձերի մեծ կուտակում կա։ Անընդհատ ասում են՝ հաշմանդամություն, բայց կույրերի մասին ե՞րբ են խոսում։ Հաշմանդամությունը միայն սայլակ ունենալը չէ»։

Անցնում ենք գրադարան։ Ցուրտ ու խավար մի սենյակ է, որտեղ կա բրայլյան և աուդիոգրքերի որոշակի պաշար։ Թամարա Հովսեփյանն արդեն 1 տարի  4 ամիս է՝ աշխատում է որպես միավորման գրադարանավարուհի։ 6 տարեկանից սովորել է կույրերի դպրոցում։ Ասում է՝ բազմիցս դիմել է Սոցապ նախարարություն, որ կրիչներ տրամադրեն աուդիոգրքերի համար, բայց ապարդյուն:

«Քանի որ ձմռանն այստեղ ջեռուցում չկա, միավորման անդամները պասիվ են։ Բայց ամռանը գրեթե բոլորն օգտվում են գրադարանից։ Խոսող գրքերը կույրերը կարող են նաև տուն տանել։ Տարիքի հետ շոշափելիքը կորում է, չեն կարողանում կարդալ բրայլյան գրեր։ Նրանց գործը հեշտացնելու համար մենք կշարունակենք դիմել բոլոր կառույցներին, քանի որ սա ինքնակրթություն է»,-նշում է գրադարանավարուհին։

Միավորման տնօրենը ներկերի արտադրությունից բացի այլ նպատակ էլ ունի՝ 2-րդ հարկում դպրոց բացել տեսողական խնդիր ունեցողների համար, որտեղ կսովորեն նկարել:«Ուզում ենք զբոսաշրջիկներին հրավիրել, իրենց ձեռքով ներկերն ընտրեն, նկարեն և գնեն։ Նաև նախատեսում ենք թղթե տոպրակների, ստվարաթղեթե տուփերի և ջրաներկերի արտադրություն հիմնել, որը 70-80%-ով կապահովի կույրերի զբաղվածությունը։

Այս պահին Գյումրիի կույրերի միավորումն ունի 2 աշխատող, բայց առաջիկա 1 տարվա ընթացքում ձգտելու են 6-12 հոգու համար աշխատատեղ ստեղծել։

Նելլի Պետրոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest