« Ցանկացած անհատ, ով անկարգ ու անկիրթ վարք կցուցաբերի հասարակության որևէ անդամի հանդեպ, կփորձի սահմանափակել նրա իրավունքները, կենթարկվի պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե տվյալ անձը ով կլինի՝ իշխանության համակիր թե ընդդիմության համակիր։ Նման անձանց հանդեպ հակահարվածը լինելու է ոչ թե թավշյա, այլ երկաթյա, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը որևէ կերպ չսահմանափակվի, իսկ մյուս կողմից բռնության քարոզը, բռնության բառապաշարը բացառվի»- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ փաշինյանը։

Վարչապետը խոսել է բռնություն երևւյթի մասին։ «Ցանկացած երևույթ, որ սահմանափակում է մարդու իրավունքները, անպատիժ չի մնալու։ Անկարգ վարք ցուցադրելու ու նման երևույթների կանխմամբ պետք է զբաղվի նաև դատախազությունը, որը բռնություն երևույթին պետք է մոտենա ոչ միայն այս կամ այն հոդվածի տեսակետից, այլև հանրային անվտանգության տեսակետից»։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, որպեսզի հետևողական աշխատանքներ տանեն՝ կանխելու բռնության գործողությունները մեր երկրում։
Վարչապետի կարծիքով՝ հատուկ գործողություններ են արվում փողոցներում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար։ Սրա կանխումը հանրային անվտանգության և ազգային անվտանգության խնդիրն է։

«Բռնությունը վերացնելու համար պետք է օպերատիվ գործողություններ արվեն, եթե անհրաժեշտ է՝ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի բռնության քարոզը, ատելության քարոզը արժանանան խիստ հակազդեցության»- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ սևազգեստ անհայտ անձիք, որոնք հայտնվել են մեր երկրում և փորձում են սահմանափակել մարդկանց ազատությունը, խստիվ կպատժվեն․«Պետք է լուծել նրանց սև շորերի հարցը, «բաբչկաներ» կապել և վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի» — ասաց վարչապետը ։
Forrights-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզմունք հայտնեց, որ վարչապետի ելույթը շատ անհրաժեշտ էր, քանի որ մեր երկրում պետք է ամեն գնով կանխվի բռնության երևույթը։ Նա նաև նշեց, որ պատկան մարմինները մինչև պարոն Փաշինյանի հանձնարարակնները ստանալը պետք է լուծեին այդ հարցը, պետք է շարժվեին օրենքով, օրենքի շրջանակներում։

«Հելսինկյան ասոցացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը նույնպես վստահ է, որ իրոք շատ վաղուց կար անհրաժեշտություն անդրադառնալու բռնության երևույթին, որն առկա է այսօր մեր երկրում։

«Այդ արձագանքը շատ է ուշացել, և մենք հասել ենք նրան, որ որոշ կուսակցություններ իրենց թույլ տվեցին դուրս գալ իրենց քաղաքական գործունեություն շրջանակներից։ Բռնության քարոզը դարձլ է ազգային ավանդույթի նման մի բան։ Այս ամենը ադեկվատությունից դուրս է եկել և եթե չկանխվի, կվերածվի անարխիայի» — ասում է Նինա Կարապետյանցը։

Նա նաև շեշտեց, որ այս խնդիրը պետք է վաղուց լուծված լիներ օրենքի շրջանակներում, ինչը վկայում է այն մասին, որ մինչև հիմա դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը ծառայում են ոչ թե ՀՀ-ին, այլ նախկին իշխանություններին։

Լիլիթ Գասպարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest