«Բացահայտել կենդանասպանին», «Պահանջում ենք հեռացնել պաշտոնից», «Արժանապատիվ կենդանաբանական այգի» և այլ գրություններով պաստառներով մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում,պահանջելով գործող տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հեռացումը։

Բողոքի ակցիա իրականացնողների խմբի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և դրա արդյունքում կենդանիների անկում է  տեղի ունենում:

«Հավաքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ցանկանում ենք պարոն վարչապետի օժանդակությունը այս խնդրի լուծման վերջնական հանգուցալուծումը տալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ արդեն շուրջ վեց ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որով քննարկվում է կենդանաբանական այգում ստեղծված վիճակը, որը, կարծես թե, մտել է փակուղի: Խնդրում ենք, որ աշխատակազմից որևէ մեկը մեզ ընդունի և հանձնեք նամակը նրանց»,- ասաց նա:

Այնուհետև ցուցարարներին մոտեցավ կառավարության ներկայացուցիչը, ում էլ հանձնեցին վարչապետին ուղղված նամակը․ «Այս հավաքի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ վարչապետի ուշադրությունը հրավիրենք Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցող իրավիճակին, քանի որ շուրջ 8 ամիս շարունակվող հավաքների ընթացքում շոշափելի արդյունք չենք տեսնում»,- ասաց ցուցարարների խմբի համակարգողը:

Նախևառաջ ուզում են իմանալ, թե ինչպիսի ստուգումներ են անցկացվել այգում, ինչ են պարզել այդ ստուգումներն ու կառավարության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու անհրաժեշտություն կա:

Բողոքի մասնակիցները նշում են, որ քաղաքապետարանն իրենց մերժել է տրամադրել ստուգումների արդյունքները, պնդում են,որ քաղաքապետարանը կաշկանդված է իր գործողություններում, և հիմա հարցը պետք է լուծվի վարչապետի մակարդակով:

«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն էլ իր հերթին
վտահեցրեց շարժումը բացառապես կրում է հասարակական բնույթ, դրա նպատակն է բարձրաձայնել Երևանի կենդանաբանական այգում տիրող իրավիճակի մասին, սակայն հավելեց, որ իրենք չունեն կենդանաբանական այգու տնօրենի իրենց թեկնածուն:

Ըստ նրա՝ կենդանաբանական այգու կենդանիները չեն սատկել, այլ սպանվել են Ռուբեն Խաչատրյանի միջոցով․ «Ես ինքս եմ դիմում գրել ոստիկանություն, որ իմ ցուցմունքները տամ, պարզաբանեմ: Կոնկրետ առյուծների պատմության սկզբից էլ տեղյակ եմ, թե ոնց ու ինչ է եղել: Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է, որ եվրոպական ստանդարտներով պետք է առյուծներին սպանել, այնինչ դրանք հիվանդ առյուծներ չեն եղել, խնամողները բազմիցս ասել են՝ առյուծները ոտքի վրա են եղել»,-վստահեցրեց նա։

Կառավարության ներկայացուցիչն էլ նշեց, որ այս խնդրով սա առաջին բողոք-դիմումն է, որ պետք է վարչապետին փոխանցվի:

Pin It on Pinterest