Պաշտպանության նախարարության կողմից «սիմուլյանտ» որակված զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ օրերս դադարեցվեց քրեական հետապնդումը: Forrights-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ստացել եմ Մարտակերտի քննչական բաժնի 3-րդ կայազորայինից: Որոշման մեջ քննիչը նշել է, որ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է՝ Յուրիկ Բրոյանը ձախ դաստակի շրջանում մակերեսային կտրվածքներ չի կատարել զինվորական կարգը որևէ ձևով խախտելու, այդ թվում զինվորական ծառայությունից խուսափելու համար: Այդ կտրվածքներն իրենց բնույթով չեն հանգեցրել և չէին կարող հանգեցնել զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:

Քրեական գործով հիմնարվորվել է, որ Յուրիկ Բրոյանը, զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 1Գ հոդվածի սահմանափակմամբ, որը հաստատվել է նաև անդամախեղում կատարելուց հետո, պարզապես արարքը կատարելու պահին գտնվել է նյարդային վիճակում և անդամախեղումը հանդիսացել է նրա հոգեվիճակի արտաքին դրսևորում: Քննիչը նշում է նաև, որ նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել, ուստի Յուրիկ Բրոյանի արարքում բացակայում է Քրեական օրենսգրքի 363 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը»,- մանրամասնում է փաստաբանը:

Բրոյանը վերոնշյալ անդամախեղումը կատարել է 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ զորամասի լվացարանի հարակից տարածքում, սակայն քրեական գործը հարուցվել է միայն դեկտեմբեր ամսին: Գործի շրջանակներում քննչական խումբը պետք է պարզեր, թե զինծառայողն ինչու է այդ քայլին գնացել: Այս հանգամանքը բազմիցս շահարկվել է Պաշտպանության նախարարության կողմից: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար Բրոյանին որակել է «սիմուլյանտ», սակայն նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այն հանգամանքը, որ Բրոյանը ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել:  

«Սիմուլյանտ» որակվելու պատճառաբանությամբ, արդեն ամիսներ շարունակ, Յուրիկ Բրոյանն անհիմն պահվում է Ռազմական ոստիկանությունում, որտեղ չի ստանում իրեն անհրաժեշտ բուժումը: Փաստաբան Հայարփի Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին, որն էլ իր հերթին ուղարկվել էր Զինդատախազություն: Հաղորդման մեջ Սարգսյանը փաստել էր՝ իր վստահորդն ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն անօրինական պահվում է ՌՈ-ում: Օրերս փաստաբանի հաղորդումը մերժվել էր.

«Ըստ իմ հաղորդման, Յուրիկ Բրոյանն անհիմն է գտնվում Ռազմական ոստիկանությունում: Ակնհայտ առողջական խնդիր ունի վստահորդս. այն ցնցումները, որի մեջ նա գտնվում է, չեն կարող ավելին ասել: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, որով հիմնավորվել էր, որ նա սիմուլյանտ չէ և որի հիմքով էլ դադարեցվել է քրեական հետապնդումը նրա մասով, խոսում է այն մասին, որ այս որոշումն անհիմն է»:

Ըստ փաստաբանի, քննիչը կատարել է միակողմանի աշխատանք. նախապատրաստել նյութեր՝ հիմք ընդունելով միայն մեկ կողմից տրամադրված նյութերը:

«Քննիչը խոսում է այն հետազոտությունների մասին, որոնք իրականացվել է ՊՆ-ին ենթական զինհոսպիտալներում: «Կանազ»-ի հոսպիտալում հենց առաջին խնդիրը կա, և կա հարուցված քրեական գործ, որտեղ Բրոյանը և իր մայրը ճանաչվել են տուժող: Հետևաբար, օբյեկտիվ գնահատել այդ հոսպիտալի տված հետազոտության արդյունքում կայացված եզրակացության արդյունքները, կարծում եմ՝ անհիմն են»,- հավելում է Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ չնայած իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել, սակյան նախապատրաստվել են նյութեր: Սարգսյանն առաջիկայում կբողոքարկի որոշումը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest